Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

«ՍԱ ՎԿԱՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ Է» Վստահ էին այն լրագրողները, որոնց հոկտեմբերի 27-ի գործով որոշ նախկին մեղադրյալներ այժմ մեղադրում են իրենց դեմ զրպարտչական ցուցմունքներ տալու մեջ։ Վերջերս «Լոգոս» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրված Նաիրի Բադալյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվել եւ գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով (եւ ոչ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով) իր որոշ գործընկերների մեղադրեց, թե իր դեմ զրպարտչական ցուցմունքներ են տվել։ Նա տվել էր երեքի անուններ, որոնցից երկուսը՝ Վիկտորյա Աբրահամյանը եւ Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցի ընթացքում պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները։ «Ասել եմ այն, ինչ տեսել եմ,- նշեց Վիկտորյա Աբրահամյանը։- Ես Նաիրի Բադալյանին տեսել եմ դահլիճում։ Ես ուղղակի նշել եմ նաեւ նրա անունը, երբ քննիչներն ինձ հարցրին, թե դուրս գալու պահին ում եմ տեսել։ Իսկ թե երբ էր մտել նիստերի դահլիճ, ինչ էր արել՝ տեղյակ չեմ, չեմ տեսել եւ այդ մասին ցուցմունք չեմ տվել»։ Ի դեպ, չնայած այս համոզվածությանը, Նաիրի Բադալյանի հետ առերեսման ընթացքում Վիկտորյա Աբրահամյանը նշել էր, թե թող հարցնեն այդ ընթացքում այնտեղ եղած այլ լրագրողների եւս՝ «Նրանք էլ տեսե՞լ են, թե՞ ոչ»։ Նարինե Դիլբարյանը վերահաստատելով, թե իր ցուցմունքների տերն է, դարձյալ հաստատեց, թե կրակոցներից առաջ նիստերի դահլիճի դռնից դուրս նայելով՝ տեսել է Նաիրի Բադալյանին ու Նաիրի Հունանյանին զրուցելիս։ «Ամենատարօրինակն այն է, որ Նաիրի Բադալյանը չնայած այժմ հայտարարում է, թե այդպիսի բան լինել չէր կարող, իր նախաքննական ցուցմունքներում անընդհատ պնդել է, որ հանդիպել է Նաիրի Հունանյանին։ Ամբողջ խնդիրն այստեղ ժամանակային է»։ Ի դեպ, Նարինե Դիլբարյանը վկայեց, թե կան նաեւ այլ՝ պատգամավորների ցուցմունքներ, որոնք նույնն են ասել, ինչ ինքը. «Անհրաժեշտության դեպքում նրանց անունները կհրապարակվեն»։ Այնուամենայնիվ, ծայրահեղ, շոկային այդ իրավիճակում շատերը կարող էին շփոթվել։ Ուստի, թերեւս, չարժե նման վկայությունները զրպարտություն անվանել։ «Իմ տված ցուցմունքները զրպարտության որեւէ տարր չեն պարունակում՝ սա իրավաբանորեն ապացուցված է,- ասաց Նարինե Դիլբարյանը։- Հասկանում եմ, որ երբ նրան կտտանքների են ենթարկել, միգուցե նաեւ մեզ վերագրել են բաներ, որ մենք չենք ասել»։ Վիկտորյա Աբրահամյանը, որի նկարագրին հաստատ անհարիր է «միտումնավոր զրպարտողի» որակումը, անդրադարձավ այն մեղադրանքին, թե «Նաիրի Բադալյանին զրպարտել են իր իսկ գործընկերները՝ լրագրողները»։ «Նաիրի Հունանյանն էլ էր լրագրող,- հիշեցրեց նա։- Գուցե դա հաշվի առնելով պիտի լռեի՞նք այն ամենի մասին, ինչ բոլորիս աչքի առաջ կատարվեց, ասեինք, թե ոչինչ չե՞նք տեսել»։ Նաիրի Բադալյանի վերջերս հրապարակավ արված մի հայտարարությանը, թե Վիկտորյա Աբրահամյանը երկու ամիս ժամանակ ուներ մտածելու եւ առերեսման ժամանակ իր ցուցմունքները չպնդելու համար, վերջինս հարցով հակադարձեց. «Ես երկու ամիս պիտի մտածեի, թե Նաիրի Բադալյանին ինչն ավելի ձեռնտո՞ւ կլինի»։ Ինչ վերաբերում է երրորդ լրագրողին, որի անունը տվել էր Նաիրի Բադալյանը՝ Մարգարիտա Ստեփանյանին, վերջինս պնդեց, թե իր ցուցմունքները ներկայացվել են խեղաթյուրված։ Ավելի ստույգ, նա պնդում էր, թե հոկտեմբերի 27-ին, կրակոցներից 1-1,5 ժամ առաջ իրոք տեսել է Նաիրի Բադալյանին։ Բայց հերքեց, թե ասել է, որ նրան տեսել է Նաիրի Հունանյանի հետ զրուցելիս, Մուշեղ Մովսիսյանի աշխատասենյակից ոչ հեռու։ Մարգարիտա Ստեփանյանը պնդեց, թե ինքը Մուշեղ Մովսիսյանի առանձնասենյակի տեղն էլ չգիտի։ Ի դեպ, իր ցուցմունքների խեղաթյուրման մասին վկայեց նաեւ մեկ այլ լրագրող՝ Մարիետա Մակարյանը։ Այլ առիթով հրապարակվել էր, թե նա Հարություն Հարությունյանի վերաբերյալ ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 27-ին սկաուտները եղել են ԱԺ-ում։ Մարիետա Մակարյանը սա «ուղղակի զրպարտություն» անվանեց, քանի որ նախ ինքը Հարություն Հարությունյանի անունը չի տվել, իսկ ԱԺ-ում սկաուտների մասին իր հիշատակությունը վերաբերել է նախօրեին՝ հոկտեմբերի 26-ին։ Առայժմ հնարավոր չէ այս հակասությունները պարզել, քանզի այս գործի նախաքննությունը դեռեւս չի ավարտվել եւ ցուցմունքների վերաբերյալ նյութերը պետք է որ գաղտնիք լինեին։ Ուստի եւ խոսքաշատ նախկին մեղադրյալների (խոսքը միայն Նաիրի Բադալյանի մասին չէ) պնդումների իսկությունը պարզելն ապագայի հարց է։ Չնայած սա էլ է թեական, քանի որ գործի կարճված մասերը դատարան չեն հասնելու։ Ըստ այդմ, նրանք կարող են իրենց թույլ տալ հանգամանքները ձեռնտու տարբերակով ներկայացնել, ցանկացածի մասին ինչ ասես ասել՝ հակառակն ապացուցելու հնարավորությունը փոքր է։ Իսկ թե ինչու է փորձ արվում այս միջոցով իրենց վարկաբեկել՝ զրուցակիցներս սեփական պատկերացումներն ունեին։ Առաջին՝ մակերեսի վրա գտնվող բացատրությունն է, որ հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալները, որոնք, բնականաբար, չարացած են, ըստ Վիկտորյա Աբրահամյանի, «հաշվեհարդար են սկսել» իրենց դեմ ցուցմունք տվածների նկատմամբ։ Հավելեմ. նաեւ նրանց, ում մասին ինչ-որ բան են լսել՝ ընդ որում, կարեւոր չէ, ճիշտ է, թե սուտ։ Ուշադրություն հրավիրեցին նաեւ այն հանգամանքի վրա, որ այս լրագրողներից երկուսը մշտապես լուսաբանել են հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, ընդ որում՝ ոչ այն տեսանկյունից, որ ձեռնտու է վերնախավին, ուստի զրպարտչի պիտակը փակցնելու փորձի նպատակը լրագրողի նրանց խոսքը վարկաբեկելու միտում էլ ունի։ Նարինե Դիլբարյանն իրավամբ նկատեց, թե հոկտեմբերի 27-ի գործի մի յուրօրինակ փուլ է սկսվել, երբ արդեն ոչ թե հանցագործության բացահայտմամբ են մտահոգ, այլ փորձում են քավության նոխազներ գտնել. «Մարդկանց ուշադրությունը փորձում են բուն խնդրից շեղել դեպի հարակից երեւույթները»։ Նա նաեւ վստահ էր. «Նաիրի Բադալյանը շատ ասելիք կունենա՝ այս գործի կարեւորագույն, գլխավոր, հիմնական վկաներից մեկն է, որը դեպքից առաջ տեսել է Նաիրի Հունանյանին, նրա թղթապանակը, ըստ տարբեր վկայությունների, ինքն է ներս բերել։ Եվ Բադալյանը չի էլ ուրանում, որ նրան տեսել է՝ պարզապես ուզում է ներկայացնել, թե ինքն անտեղյակ է եղել»։ Նաիրի Բադալյանը նաեւ նշել էր, թե բացառված չէ, որ փորձի «զրպարտիչներին» իրավական պատասխանատվության ենթարկել։ Զրուցակիցներս հանգիստ էին վերաբերվում այս հնարավորությանը, երկուսը խորհում էին հակընդեմ հայցի՝ իրենց զրպարտելու համար պատասխանատվության կանչելու մասին։ Սակայն, ասենք, Նարինե Դիլբարյանը Նաիրի Բադալյանին խորհուրդ տվեց, որ չփորձի իր դեմ ցուցմունք տվածներին հոգեբանորեն դրդել եւ ստիպել կա՛մ լռել, կա՛մ էլ՝ «որ վկաներն ուրանան իրենց ցուցմունքները, չուզենան ասել ճշմարտությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել