Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՎԱԳԻՐ, ԿԱՐՈՏԱԳԻՐ Յուրաքանչյուր իրադարձությունից հետո հանրապետության բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրենց պարտքն են համարում մամուլով եւ մյուս ԶԼՄ-ներով տվյալ իրադարձությունը դատապարտող (հակառակը ինչ-որ չեմ հիշում) հայտարարություններով հանդես գալ։ Նման հայտարարությունները հիմնականում հասցեագրվում են ժողովրդին եւ հայրենիքի փրկության համար իրենց կյանքը պոտենցիալ նվիրաբերողներին։ Հաջորդ տողում պարտադիր պայման է հիշեցումը, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Ամենաթարմ օրինակը քաղաքագետ Արկադի Վարդանյանի տագնապահարույց դիմումն է ժողովրդական լայն զանգվածներին։ Հեռախոսով դիմեցինք, մասնավորապես՝ Նոյեմբերյանի շրջանի եւ Գորիսի բնակիչներին, պարզելու՝ նրանց վրա ինչքանո՞վ են ազդում նման կոչերը։ Պարզվեց, որ գյուղաբնակները, Երեւանում եւ նրանից դուրս բնակվող «քաղաքականապես ոչ հասուն» (այսինքն՝ նորմալ) մարդիկ ապրում են իրենց օրվա հոգսերով՝ խորապես անտարբեր կուսակցությունների դատապարտողական կեցվածքի եւ «երկիրը վտանգի մեջ է» արտահայտությունների հանդեպ. դա առանց այդ էլ նրանք լավ գիտեն։ Ստացվում է, որ կուսակցականները՝ խիստ կարեւորելով իրենց անուրանալի վաստակը հայոց պետականության, դեմոկրատական ինստիտուտների կայացման գործում, պարզապես նման հայտարարություններով ցանկանում են հիշեցնել իրենց մասին, որպեսզի անդառնալիորեն չմոռանանք։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ՀՀ պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանի նշանակումից հետո կառուցվածքային բարեփոխումներ են ընթանում։ ՊՆ-ում գործող գրեթե բոլոր վարչություններում վերակազմավորման գործընթաց է սկսվել։ Վարչություններից մի քանիսը, ինչպես օրինակ՝ ռազմաարդյունաբերական վարչությունը, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը, հաշվողական կենտրոնը առաջիկայում լուծարվելու են։ Նախարարությունում կրճատումներ են սպասվում։ Դիտորդների կարծիքով՝ բանակային բարեփոխումները ե՛ւ դրական, ե՛ւ բացասական նշանակություն ունեն։ Դրականն այն է, որ ՊՆ-ի ուռճացված համակարգը զգալիորեն կկրճատվի։ Բացասականն էլ այն է, որ այս ընթացքում նախարար Սերժ Սարգսյանը համակարգում «կադրային զտում» իրականացնելու հարմար առիթ ունի։ Ոմանք էլ տեսակետ են հայտնում, թե ում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն ուղղված են ոչ այնքան բանակն անպետք օղակներից ազատելուն, որքան «փող աշխատելու» հստակ մեխանիզմներ մշակելուն։ Վատ չէր լինի, իհարկե, եթե այս բարեփոխումների արդյունքում բանակում եւ զորամասերում կարգապահություն լիներ ու զինծառայողների սպանության եւ «ինքնասպանության» դեպքերն էլ պակասեին։ ՄԵՆՔ ԱՆՄԵՂ ԵՆՔ, ՁԵՐ ԱՉԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ «Առավոտի» խմբագրություն երեկ այցելեց ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի անդամ Ելենա Պարոնյանը, որը որոշակի պարզաբանումներ տվեց մամուլում ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի հարցազրույցի կապակցությամբ։ Խոսքը շաբաթներ առաջ Էջմիածնում տեղի ունեցած կոմկուս-ԱԺՄ ծեծկռտուքի մասին է։ Տիկին Ելենան խնդրեց ընկ. Թադեւոսյանին իր անունից փոխանցել հետեւյալը. «Շաբաթներ առաջ Էջմիածնում տեղի ունեցած կոմկուս-ԱԺՄ ծեծկռտուքի կապակցությամբ ՀԿԿ կենտկոմը ամենեւին էլ բյուրո չի հրավիրել, առավել եւս՝ Էջմիածնի շրջկոմի քարտուղար Սուրեն Եղիազարյանին տույժի չի ենթարկել։ (…) Ինչ վերաբերում է միջադեպին ՀԿԿ շրջկոմի վերաբերմունքին, ասեմ, որ շրջկոմը միանշանակ դատապարտում է կատարվածը, որում մեղքի բաժին ՀԿԿ Էջմիածնի շրջանային կոմիտեն ամենեւին չունի»։ ՍԻՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՍԻՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Երեկ դիմեցինք ԱԺ իրավաբանական ծառայության պատասխանատու, Սահմանադրության հայր Վլադիմիր Նազարյանին հետեւյալ հարցով. «Ի՞նչ տվեց այս 5 տարիներին երկրի Հիմնական օրենքը մեզ»։ – Մեր Սահմանադրությունն օգնեց գոնե երկու ծանր ճգնաժամերից դուրս գալու. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ եւ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո։ Այդ երկուսի համար պետք է սիրես Սահմանադրությունը, որ սահմանադրական նորմալ դաշտ ստեղծեց, որ արյունահեղություն չլինի, առճակատում չլինի։ Ինչ խոսք, Սահմանադրությունը կատարելագործման կարիք ունի, եւ մենագրություն չի։ Չէ՞ որ Սահմանադրության շատ դրույթներ ուղղակիորեն ընդունվել են քվեարկության միջոցով։ Իմ կարծիքով, խայտառակություն է տեղական ինքնակառավարման մարմինների մասին գլուխը ծայրից-ծայր։ Որովհետեւ մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչ բան է մարզ, առանց բյուջեի։ Ֆանտաստիկա է։ Երեւան քաղաքը չունի սեփականություն։ Պետք է Սահմանադրության մեջ փոխվի նաեւ նախագահի վերացական իրավունքը. խորհրդակցելով ԱԺ նախագահի հետ եւ վարչապետի։ Եթե որեւէ իրավաբանական նշանակություն չունի, ինչո՞ւ է խորհրդակցում։ Պետք է որոշակիացվի ԱԺ արձակման հարցը։ Ո՞ր դեպքում։ ԱԺ-ն ի՞նչ է արել։ Անմեղության կանխավարկածը պետք է գործի նաեւ ԱԺ-ի համար։ Տվյալ դեպքում ԱԺ-ն գտնվում է մեղավորության կանխավարկածի տակ… ՊԱՇՏՈՆԸ ՔՐՈՋԻՑ ԹԱՆԿ Է Բազմիցս ձեր էկրաններին տեսած կլինեք ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր անձի կարեւորության գիտակցությունից փայլող, գոհ ու բարի դեմքը։ Պարբերաբար Ստրասբուրգ մեկնող, 200 դոլարին համարժեք (միայն) աշխատավարձ ստացող, անշուշտ լավ սնվող ու լավ հագնվող այս անձը, պարզվում է, բոլորովին մոռացել է, որ հարազատ քույր ունի։ Մելսիդա Հովհաննիսյանը շուրջ մեկ տարի է խարդախության մեղադրանքով գտնվում է Աբովյանի կանանց գաղութում։ Մեկ տարվա ընթացքում պրն Հովհաննիսյանը ոչ մի անգամ այցելության չի գնացել նեղության մեջ գտնվող քրոջը, ոչ մի անգամ չի հետաքրքրվել նրա վիճակով։ Տարբեր հանցագործությունների համար դատապարտված այդ կանանց այսօր քչերն են այցի գնում, բայց եթե մյուսների մոտ չեն գնում կարիքից դրդված, ապա տիկին Մելսիդայի մոտ չեն գնում «պաշտոնից» դրդված։ Նրա բարձրաստիճան եղբայրը, հավանաբար, թաքցնում է, որ կանանց գաղութում հարազատ քույր ունի՝ վախենալով, որ դրանից իր անբասիր հեղինակությունը կտուժի։ Իսկ հարազատին չօգնելը զուտ բարոյական խնդիր է, որը շոշափելի հետեւանքներ չի բերի։ Այս աղքատ պետության հոգածությանը հանձնված կանայք, որ զրկված են նորմալ սնվելու, հագնվելու, կենցաղային տարրական պայմաններից, միմյանց հետ կիսում են դրսից ուղարկված յուրաքանչյուր ծանրոց՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի քրոջը եւս բաժին հանելով իրենց ստացածից։ ԿԱՆԱՅՔ՝ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ Ըստ որոշ լուրերի՝ ԱԺ պատգամավոր Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) թափուր տեղի համար (հիշեցնենք, որ վերջինս կառավարություն է տեղափոխվել) պայքարողների թվում է նաեւ Երեւանի մարզային հանձնաժողովի նախագահ Անահիտ Բալասանյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել