Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

ՀՈՏԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, երբ արտաքին քաղաքական հաջողության առթիվ ԱԺ նախագահի շնորհավորական խոսքին արձագանքեց ներքաղաքական իրավիճակի զայրացկոտ հիշեցումով՝ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն այսպես մեկնաբանեց. – Թեեւ Եվրախորհրդին Հայաստանի հնարավոր անդամակցության առիթով առաջին ուրախացողներից մեկն էլ ես եմ, բայց մի տեսակ ներքին վրդովմունք ապրեցի, որ բնական է, կառաջանար յուրաքանչյուրի մոտ, ով 50 օրից ավելի հալածվում է։ Եթե համարում են, որ Հայաստանն իրավական երկիր է եւ լիարժեք իրավունք ունի անդամակցելու Եվրախորհրդին՝ ինչպես են բացատրվում այս բոլոր փաստերը, որ երկրում հալածանքներ են իրականացվում, ձերբակալվում անմեղ մարդիկ… Երբ սրա-նրա ունեցվածքն ինձ վերագրելուց, բազմաթիվ ստուգումների արդյունքում պարզեցին, որ իմ դեմ ոչինչ չկա՝ անցան հարազատներիս։ 10-ից ավելի հարազատներիս, որ միջին օղակի ծառայողներ էին՝ 10-20 հազար դրամ աշխատավարձով, բոլորին հեռացրեցին աշխատանքից մի օրվա ընթացքում։ Եվ նրանց լկտիաբար ասել էին՝ «գնացեք, ձեր Գեւորգյանից աշխատանք խնդրեք»։ Դրանով էլ չբավարարվելով՝ սրբապղծության դիմեցին եւ 1992-ին զոհված եղբորս՝ Մարտական խաչի ասպետ Սամվել Գեւորգյանի ընտանիքի նկատմամբ արդեն սկսեցին հալածանքները։ – Հրապարակվել էր, թե անցած ուրբաթ պետաիրավական հարցերի ու ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովները պիտի լսումներ անցկացնեին այս փաստերի առնչությամբ։ Քննարկում չեղա՞վ։ – Հրավիրվածները չէին ներկայացել՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն կամ էլ, որ պաշտոնական հրավերներ են պետք։ Քննարկվեց նրանց պաշտոնապես հրավիրելու խնդիրը եւ այս ուրբաթ կկայանան այդ լսումները։ Հրավիրելու են ՆԳՆ, արդարադատության եւ էներգետիկայի նախարարին։ – Նրա՞ն ինչու։ – Քանի որ շուրջ 30 հազարի չափով էլեկտրաէներգիայի վարձավճարի անհիմն հավելագրումներ են արվել իմ նկատմամբ։ Սակայն անգամ այս վարձավճարների ստուգումներն իրականացվել են ՆԳՆ 6-րդ վարչության «օժանդակությամբ»։ – Ի դեպ, «1-02» հեռուստահաղորդման ընթացքում, որտեղ անդրադարձ կար Ձեր գործունեությանը, նաեւ ասվեց, որ փորձել եք կաշառել 6-րդ վարչության աշխատակիցներին՝ գործը փակելու համար առաջարկելով նրանց 6 կամ 8 հազար դոլարի գումար։ – Սա էլ հալածանքների հերթական արտահայտությունն է։ Սա հորինվածք է, որ հասարակության մեջ կարծիք ձեւավորվի, թե՝ տեսեք, ինչ-որ առումով երեւի ինքն էլ է զգում իր մեղավորությունը, դրա համար փորձում է կաշառել։ Պատկերացրեք, այս երկրում ոչ մի տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում, սեփական որեւէ «օբյեկտ» կամ անգամ կրպակ չունեմ։ Վարկ վերցնելու ձեւը չգիտեմ, անգամ հաշվեհամար չունեմ։ Եվ ընդհակառակն՝ բարեգործական ճաշարան եմ ստեղծել, որտեղ 400-500 անօգնական ծերեր են կերակրվում, անբարեկարգ տարածքում այգի եմ կառուցել ժողովրդի համար, եկեղեցի կառուցել… – Եթե իրոք տնտեսական գործունեությամբ չեք զբաղվել, բնականաբար, պիտի հարց առաջանա (թերեւս դա էլ փորձում են պարզել), թե հատկապես ի՞նչ միջոցներով են կառուցվել այդ եկեղեցին, այգին, ճաշարանը, եռահարկ առանձնատունը։ – Ես մինչեւ ազատագրական շարժումը զբաղվել եմ բիզնեսով։ Եղբորս հետ միասին բավական ունեւոր մարդիկ ենք եղել։ Նախկինում ունեցել ենք մեծ ջերմոցներ։ Եղբայրս զբաղվում էր ծաղկի բիզնեսով։ Ռուսաստանում եկամտաբեր արտադրամասեր ենք ունեցել եւ այսօր էլ ունենք գործընկերներ, որոնք շահույթի մեր մասնաբաժինն ամեն ամիս ուղարկում են։ Այդ գումարով նախկինում զենքեր էինք գնում։ Զինամթերքը մեր «Լինքոլն» ու «Կադիլակ» մեքենաներով էինք տեղափոխում։ Իսկ հետպատերազմական տարիներին այդ միջոցները սկսեցինք ծախսել ժողովրդի համար։ Բայց հիմա այդ գումարները սակավացել են, գրեթե չկան, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն էլ որոշակիորեն քայքայվեց ֆինանսական ճգնաժամի հետեւանքով։ – Դուք փորձե՞լ եք այս հետապնդումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՆԳ նախարարից, թե որոշակիորեն ինչո՞ւմ է մեղադրվում Ձեր եղբորորդին։ – Սկզբում ստուգումների եւ մնացածի առնչությամբ (որոնք բնականոն էի համարում՝ ամեն մեկին էլ կարող են ստուգել) երկու անգամ հանդիպել եմ Հայկ Հարությունյանին։ Շատ ջերմ ու մտերմիկ զրուցել ենք, ընդունել է իմ ասածները։ Քանի որ նախկինում արդեն ստուգումներ էին եղել դատախազության, նախագահի վերահսկողական ծառայության, ֆինանսների նախարարության կողմից՝ դրանց բոլորի արձանագրությունները ներկայացրի նախարարին։ Իմ ներկայությամբ նա զանգահարեց եւ հրահանգեց դադարեցնել նոր ստուգումները։ Բայց վերջին ձերբակալությունից հետո ոչ մի կերպ չկարողացա մոտենալ նախարարին։ Միջնորդողներին նա կտրուկ պատասխանել էր, թե իրավաբանի իր հոտառությամբ համոզված է, որ Արտյոմ Գեւորգյանն այդ հանցագործությունը կատարել է։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել