Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 06,2000 00:00

ԱՌԵՂԾՎԱԾ «Լոգոս» կենտրոնի տնօրեն եւ հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը սարսռազդու տեսարաններ էր նկարագրել, թե ինչպես են իրեն ձեռնաշղթայով կապել երկաթե նստարանին՝ վրան սառը ջուր լցրել ու ծեծել, կամ 12 օր ու գիշեր անընդմեջ կանգնեցրել պատի տակ, թույլ չտալով քնել կամ նույնիսկ նստել։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող էր սովորական մարդու օրգանիզմը դիմանալ այս ամենին։ Սակայն երբ լրագրող Վիկտորյա Աբրահամյանին հարցրինք, թե Նաիրի Բադալյանի հետ առերեսման ժամանակ նկատե՞լ է խոշտանգման հետքերը, պատասխանեց. «Բռնության ոչ մի հետք նրա վրա այդ ժամանակ չեմ նկատել։ Ուղղակի շատ ընկճված էր»։ Մեր զրուցակից լրագրողներից ոմանք այսուհանդերձ ցավ արտահայտեցին Նաիրի Բադալյանին կտտանքների ենթարկելու առնչությամբ։ Կարդացեք էջ 3։ ՄԻԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Արդեն ԱԺ 80-ից ավելի պատգամավորներ են միացել քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին ուղղված միջնորդությանը, որով խնդրում են պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու՝ «Հայգազ» բաշխիչ ցանցերի փոխտնօրեն Արտյոմ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել։ «Մենք չենք թաքցնում, որ մեզ մոտ կասկած է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսության բնագավառում նման պաշտոն զբաղեցրած անձն իրեն թույլ կտար կատարելու նրան վերագրվող հանցավոր արարքը»,- այս բովանդակությամբ դիմումի տակ ստորագրել են խորհրդարանական բոլոր կազմավորումների ներկայացուցիչները։ Իսկ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահն առանձին է միջնորդել։ Կարդացեք էջ 2։ … ԹԵ ՉԷ ՏԱՐԵՑՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ «Ավագանի» միության նախագահ Մանյա Հովհաննիսյանը (որը, ի դեպ, ծնվել է 23 թվին եւ միության ամենաերիտասարդ անդամն է), «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ, եթե իմանա, որ հոկտեմբերի 27-ի գործը փակուղի են մտցնելու, ինքը եւ իր տարեկիցները «օրինական սկզբունքներով» հացադուլի են նստելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել