ՋՐԵՐ ԵՆ, ԿՀՈՍԵՆ- ԱՆՑ ԿԿԵՆԱՆ «Առավոտի» 15-հարկանի բարձրությունից այնքա՜ն բան է երեւում։ Ամեն տեսածներս չենք գրում, բայց երեկ հատեց մեզ ահազանգողի եւ մեր համբերությունը. մամուլի շենքի բարձունքներից երեւում է, թե ինչպես է մի առու սկիզբ առնում շենքից եւ ասֆալտով գլգլա՜ն հոսում դեպի դիմացի բակը եւ Արշակունյաց պողոտա։ Սա նորաբուխ գետակ չէ. դիմացի շենքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ խմելու ջուր է, եւ «ակունքն» էլ բնակարանի ջրի ծորակ է։ «Ջրմուղ-կոյուղու» Կենտրոնի տեղամասի տնօրեն Հայկ Սողոյանը շատ լավ տեղյակ էր նորահայտ աղբյուր-առվակից։ Ավելին, «Ջրմուղը» արդեն տուգանել է դրա «հեղինակին»՝ մի մասնավոր ջրագծի տիրոջ, որը վթարված հատվածը փոխարինել է ռետինե խողովակներով։ Պրն Սողոյանն ափսոսեց, որ «Բելառուս» (ավտոմեքենա- Ա.Գ.) չունեն, թե չէ վաղուց քանդել էին այդ տեղամասը։ Վաղը (այսինքն՝ այսօր) անպայման կանեն, մենք էլ մեր վերեւներից կտեսնենք։ Մեր հարցին, թե օրերով հոսող խմելու ջրի համար ո՞վ պետք է պատասխան տա, պրն Սողոյանը պատասխանեց. «Այնքան ենք տուգանել, որ դրան էլ կբավականացնի»։ Տուգանել էին 2500 դրամ։ Թե դրանից ինչքան հովացան բազմահարկերի վերին հարկերի բնակիչների տապից տոչորվող սրտները, պաշտոնական աղբյուրները լռում են։ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ Ըստ հավաստի աղբյուրների՝ ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Շառլ Ազնավուրը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից ստանալով «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, ոչ միայն ուրախացել է, այլեւ հուզվել եւ փաթաթվել է ՀՀ նախագահին։ ԱՆՁՆՈՒՐԱՑԱԲԱՐ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին խոստացել են ժամանակ եւ միջոցներ չխնայել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման համար։ Սեփ. լր.