Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 05,2000 00:00

ՆԱԽԱԳԱՀՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՊԱՍՈՒՄ Է Ի՛Ր ԺԱՄԻՆ Մամուլում հրապարակվել են հոկտեմբերի 27-ի գործով նախկին կալանավորներ Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի խոստովանությունները, որ իրենց հանդեպ կիրառվել են քննությանը խորթ միջոցներ՝ ծեծ եւ խոշտանգում, ցուցմունք կորզելու համար ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի դեմ։ «Առավոտը» երեկ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից ցանկացավ ճշտել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք դատարան դիմել ՀՀ նախագահը՝ որպես սովորական քաղաքացի, պաշտպանելու իր իրավունքներն ու արժանապատվությունը։ Պարոն Գաբրիելյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Նախագահը գտնում է, որ ամենաճիշտը սպասելն է, երբ որ գործը հրապարակայնորեն կքննվի դատարանում։ Դատավարությունը կլինի բաց, բոլորն իրավունք կունենան ներկա գտնվել, եւ բոլոր մեղադրանքները, բոլոր կասկածները, ես հուսով եմ, դատարանում կփարատվեն։ Որից հետո եւ հնարավոր կլինի խոսել շարունակվելիք կամ հետագայում տեղի ունենալիք քայլերի մասին։ Այս պահին նախագահի նման մտադրություն (դիմել դատարան- Լ. Ա.) ինձ հայտնի չէ»։ Իսկ թե նախագահն արդեն որպես օրինականության երաշխավոր իր երկրի քաղաքացիների դեմ կիրառվող խոշտանգումների դեմ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, պրն Գաբրիելյանը հավաստիացրեց, որ մարդու իրավունքների եւ օրենքների ցանկացած խախտում պետք է հետապնդվի եւ օրենքով պատժվի. «Արդեն նշել ենք, որ ի պատասխան այս գործով մեղադրվածների կամ կալանվածների մի շարք դիմումների՝ հանձնարարություն է տրվել ուսումնասիրել փաստերը եւ մոտ օրերս, երբ գործը հանձնվի դատարան, իսկ դա գլխավոր դատախազի հավաստմամբ կլինի մոտ ժամանակներս, քանի որ մնացել են քննության ծավալի ամփոփման հետ կապված ինչ-ինչ տեխնիկական դժվարություններ, շատ բան պարզ կդառնա դատարանում։ Եվ եթե լինեն այդ վկայությունները հաստատող փաստեր, ապացույցներ, բնական է, որ դրա համար մեղավորները պետք է պատժվեն»։ Այս եւ մի քանի այլ հարցերի պրն Գաբրիելյանը պատասխանեց երեկ, երբ կատարում էր իր պարտքը՝ ներկայացնելով նախագահի ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած այցի մանրամասները։ Մինչ դրանց անդրադառնալը, նշենք, որ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ռ. Քոչարյանն այն իրողությանը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայում տնտեսական հարցեր է լուծում, մամուլի խոսնակը՝ թե. «Շատ նորմալ է վերաբերվում»։ Բանն այն է, որ մեր նախագահը՝ մոռանալով, որ երկարատեւ պրպտումներից հետո, որպես երկրի վարչապետ, կանգ է առել Անդրանիկ Մարգարյանի թեկնածության վրա, Սերժ Սարգսյանին է լիազորել Ռուսաստանում քննարկել տնտեսական հարցեր. «Սերժ Սարգսյանի քննարկած հարցերը եղել են նախագահի իմացությամբ եւ նրա լիազորությամբ»։ Ի դեպ, վերջապես, 2 տարի ուշացումով, նախագահ Քոչարյանը՝ Ֆրանսիայում հանդիպելով երգիչ Շառլ Ազնավուրին, նրան է հանձնել 2 տարի առաջ վերջինիս շնորհած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։ Պրն Ազնավուրի հնարավոր խանդավառության մասին մամուլի խոսնակը նրբանկատորեն հարկ չհամարեց պատմել։ Մեր նախագահի պաշտոնանկության գործընթացը փափագող մեր գործիչներին ի գիտություն հայտնենք, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ՀՀ նախագահ, 2001 թվականին պատրաստվում է այցելել Ֆրանսիա՝ իր բարեկամ Ժակին (Շիրակ- Լ. Ա.) հյուր։ Դրանից հետո արդեն իր հարգանքի հավաստիքը՝ առ Ռ. Քոչարյանը, պարտավորվել է հայտնել Շիրակը՝ փոխադարձ սիրալիրությամբ համաձայնելով գալ Հայաստան։ Մամուլի խոսնակի ելույթից պարզվեց, որ միջազգային կազմակերպությունները վերականգնում են իրենց կորցրած հավատը մեր պետության հանդեպ։ Ընդ որում, դա անում են շնորհիվ Քոչարյանի, «որի ձեռնարկած քայլերի շնորհիվ Հայաստանում իրավիճակը կայունացել է»։ Հատուկ շնորհակալության, սակայն, միջազգային կազմակերպությունները Սերժ Սարգսյանին այդպես էլ չեն արժանացրել. վերջինիս ավելի լավ Ռուսաստանում են ճանաչում։ Նշենք նաեւ, որ չգիտես որտեղից, այդ նույն միջազգային կազմակերպությունները համոզված են, թե Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ ինչ-ինչ պայքար են ծավալել։ Մի խոսքով, այս չհիմնավորված, բայց լավատեսական նոտայով էլ ավարտում եմ Վահե Գաբրիելյանի ասուլիսից իմ ռեպորտաժը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել