ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ Երեկ, երբ ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանին Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը երաշխավորելու առնչությամբ, ձայն խնդրեց պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ԱԺ ղեկավարության ուշադրությունը հրավիրեց, թե արտաքին ոլորտում հաջողությունները մի կողմ՝ ինչ ներքաղաքական իրավիճակ է տիրում, ինչ հալածանքներ են իրականացվում՝ մասնավորապես իր մերձավորների դեմ։ Նրա խոսափողն անջատեցին, բայց պրն Գեւորգյանը շարունակում էր գոռալ. «Հանգիստ նստել եք այդ աթոռների մեջ, «կայֆ» եք ստանում այդ աթոռներից։ Նայեք, թե երկրի ներսում ինչ է կատարվում»։ Ռուբեն Գեւորգյանի մեկնաբանությունները՝ «Առավոտի» վաղվա համարում։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԵՆ ՓՈԽԻ Մամուլում հրապարակվել էր, թե «Խորհրդարանական արձակուրդի նախաշեմին ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի նախաձեռնությամբ հավաքվել է «Միասնության» վճռորոշ ձայն ունեցող պատգամավորների շրջանակը՝ քննարկելու խորհրդարանի ղեկավարի փոփոխության դեպքում ծագող հնարավոր սցենարների խնդիրը»։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց. «Նման խորհրդակցություն չի եղել։ Եվ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ փորձում են ինչ-ինչ շրջանակների ցանկությունները պարտադրել՝ վերագրելով նման կարծիքներ կամ իբր թե «փաստեր»։ ԴԵՆՔԹԱՇԸ ԹԵՐԱՀԱՎԱՏ Է Այսօր Ժնեւում սկսվելու են բանակցություններ՝ նվիրված Կիպրոսի վերամիավորման հարցին: Պատմության մեջ առաջին անգամ բանակցություններին մասնակցելու են Կիպրոսի Հանրապետության ղեկավարները եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ինքնահռչակ պետության, որը ճանաչել է միայն Թուրքիան) առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը: Վերջինս հոռետեսորեն է վերաբերվում բանակցությունների արդյունքներին, քանի որ չի պատրաստվում ընդունել թուրքական կողմի մեղքը՝ Հյուսիսային Կիպրոսի զավթման համար: