ԲԱՂՆԻՔԴ ԱՆՈՒՇ ԿԱՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ լրագրողի ուղղած այն հարցին, թե ինչ պարբերականությամբ է նախագահ Քոչարյանը լողում (կամ լողանում- խմբ.) Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի լողավազանում, իրեն հատուկ սրամտությամբ պատասխանեց. «Բավարար չափով կանոնավոր, որպեսզի առողջությունը նրան ների այդքան երկար ուղեւորությունների»։ Կարդացեք էջ 2։ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐԱՑՈՒՄԸ Երկուշաբթի ժամը 19.00-ին Օպերայի եւ բալետի թատրոնում պետք է սկսվեր մոսկովյան «Տոդես» բալետի համերգը: Սակայն այդ ժամին մուտքի մոտ հավաքված հարյուրավոր հանդիսականներին մոտ երկու ժամ ներս չէին թողնում՝ պատճառաբանելով, թե հյուրերն ուշանում են: Վերջապես մոտավորապես ժամը 21.10-ին համերգի կազմակերպիչները բացեցին Օպերայի դռները: Ժամը 22.00-ին նրանք դիմեցին «հարգելի ունկնդիրներին»՝ ասելով, թե համերգը շուտով սկսվելու է, ինչը եւ տեղի ունեցավ ավելի քան երեք ժամ ուշացումով: Հյուրախաղերի կազմակերպիչը «Ռուսկոյե ռադիոյի» հայկական մասնաճյուղն էր: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՅՈՒՐՈՎԻ ՃԱՆԱՉՈՒՄ «Հելսինկյան ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանին հարցրինք, թե ինքն արդյոք ճանաչո՞ւմ է Սերժ Սարգսյանին։ Պաշտպանության նախարարը ակնարկելով Մ.Դանիելյանին հայտարարել էր, թե նման մարդիկ իր համար գոյություն չունեն։ «Ես ստիպված եմ ճանաչել Սերժ Սարգսյանին, որովհետեւ նրա գլխավորած համակարգում մարդու իրավունքների ոտնահարման փաստերն են շատ»,- արձագանքեց Մ.Դանիելյանը։ Կարդացեք էջ 3։ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ Հունիսի 23-ին արդարադատության նախարարությունը գրանցել է «Կայունություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը։ Վարդան Այվազյանը լրագրողներին հայտնեց, որ «Կայունությունը» առաջին համագումարը նախատեսում է անցկացնել հոկտեմբերին։ Վարդան Այվազյանի ասուլիսի մասին՝ 2-րդ էջում։