Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

ՄԻ ՔԻՉ ԱՐԵՎ ՊԱՂ ՋՐԻ ՄԵՋ Կիսալուրջ անդրադարձ լուրջ ճեպազրույցին Մինչ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն երեկ ճեպազրույցում ողջ հայ ժողովրդին շնորհավորում էր Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցով Խորհրդարանական վեհաժողովի երաշխավորությունը ստանալու կապակցությամբ, մեր ստանձնած պարտավորությունները թվարկում, եւ օրենքների մասով՝ երաշխավորում դրանց կատարումը, նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ նախօրեին կայացած զրույցից ավետիս հաղորդում՝ «Երեկ դիմավորեցի նախագահին, ասաց, որ լայն հնարավորություններ են ստեղծվել, հիմա շատուշատ ֆինանսական միջոցներ են հայթայթվել, եւ, կարծում եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք շատ հարցեր լուծել»՝ լրագրող Ավետիս Բաբաջանյանը հարց տալու իր ժամին էր սպասում։ Ժամը վրա հասավ, եւ հարցը հնչեց այսպես. «Պրն Խաչատրյան, հյուրասիրություն եղե՞լ է այնտեղ եւ ի՞նչ է արժեցել ընդհանրապես պատվիրակության այս անգամվա այցը»։ Այցերի եւ դրանց արժողության թեման, մամուլի ծանր ձեռքով, Արմեն Խաչատրյանի համար կարծես հիվանդագին է դարձել։ Զայրույթից առավել կարմրած ԱԺ նախագահի պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ուրեմն, ես ուզում եմ ձեզ հատուկ պատասխանել եւ բոլորիդ պատասխանել։ Ձեր հարցն ինձ անձնապես զայրացնում է։ Ասեմ՝ ինչու։ Որովհետեւ մեծ քաղաքականության մեջ, այն էլ այս կարգի իրողությունների պայմաններում, չի՛ կարելի նյութականի վերածել ամեն ինչ։ Այն, որ պետք է հետագայում միլիոններ, միլիարդներ, տնտեսության զարգացում, քաղաքականության ամրապնդում բերի՝ դուք ուզում եք մենակ ինքնաթիռի տոմսերով չափել, հետո դա բաժանել կենսաթոշակառուների միջեւ, թե քանիսի թոշակ կարող էր լինել, եթե, դիցուք, պրն Խաչատրյանը չգնար այսինչ հարցերի կարգավորման։ Ուրեմն, հարցը համարում եմ ոչ կոռեկտ եւ նման հարցի չեմ պատասխանում»։ Այս կարճառոտ ելույթից անմիջապես հետո խորհրդարանի խոսնակը, ըստ էության, պատասխանեց ոչ կոռեկտ հարցի մի հատվածին. «Կարող եմ ընդամենն ասել, որ ադրբեջանցիներն, ի տարբերություն մեզ՝ եկել էին տասն անգամ ավելի մեծ պատվիրակությունով, Թուրքիայից բերել էին 50 խորհրդարանականներ։ Միաժամանակ, ինչքան որ մենք հյուրասիրություն կազմակերպեցինք՝ տա՛սն այդքան էլ հյուրասիրություն կազմակերպեցին (թերեւս, խոսքն Ադրբեջանի պատվիրակության մասին է- Ա. Ի.) եւ անխտի՛ր բոլորին էլ նվերներ տվեցին։ Իսկ մենք մեր համեստ հնարավորություններով, բավական համեստ կազմակերպեցինք ամեն ինչ։ Այստեղից տարել էինք գինի, կոնյակ, ծիրան եւ կարողացանք հյուրասիրել»։ Ասուլիսի ավարտից հետո լուրջ լրագրության կարկառուն ներկայացուցիչներից մեկը հավելյալ հարց ուղղեց, թե բա լավաշ չէիք տարե՞լ, որին ԱԺ նախագահը դրական պատասխան տվեց։ Իսկ ճեպազրույցում պրն Խաչատրյանի այս արտահայտությունները լսելիս ջանադրորեն եւ սակայն բավական անպտուղ կերպով դեմքին ամոթխած ու զղջացողի արտահայտություն տալ փորձող Ավետիս Բաբաջանյանն ուզում էր հասկացնել, թե ինքն, այնուամենայնիվ, պետական մտածողություն ունի. «Ես վատ իմաստով չէի ասում, ուղղակի ուզում էի իմանալ։ Օրինակ, ես կուզենայի, որ 20 անգամ ավելի ճոխ լիներ մեր հյուրասիրությունը»։ «Ես էլ վատ իմաստով չպատասխանեցի,- մխիթարեց նրան պրն Խաչատրյանը։- Նորմալ էր, նորմալ ամեն ինչ, հանգիստ եղեք»։ Այս երկխոսությունը պիտի դաս դառնար, որ լրագրողներն այս մե՜ծ քաղաքական իրողության կարեւորությունը գիտակցելով՝ ըմբռնեին, որ փողի մասին խոսելն ավելորդ ու ամոթ է։ Բայց հաջորդ հարցը դարձյալ նյութական ոլորտից էր. «Եվրախորհրդին անդամակցող ցանկացած երկիր տարեկան մուծում է որոշակի վարձավճար։ Ինչքա՞ն է Հայաստանի բաժինը»։ Թերեւս պրն Խաչատրյանին այդ հարցը եւս առանձնապես չէր հուզում. «Ստույգ չեմ կարող ասել, թե որքան է։ Բայց բնական է, որ յուրաքանչյուր երկիր պիտի մուծի»։ Այս հարցում ապավինում են նաեւ Եվրախորհրդի զարգացման բանկի օժանդակությանը։ «Համենայն դեպս, դա չի լինի այնքան մեծ գումար, որ մեր երկիրը հնարավորություն չունենա տալ։ Դա բավական խորհրդանշական գումար է պետության համար»։ Եվրախորհրդին անդամակցության թեման անխախտ շաղկապված է նաեւ արվամոլների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ Հայաստանի պարտավորության հետ։ Ինչքան էլ հանրահայտ է «Ձվածեղի խաթեր՝ թավի կոթն էլ կպաչեն» ասացվածքը, լրագրողները շարունակում են բզբզել, թե զուտ «ազգային մենթալիտետից ելնելով», որոշ պարտավորություններ կարող են դժվար իրագործելի լինել։ Այդօրինակ մի հարցադրման պրն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Նման հարց կարող է լինել հոմոսեքսուալիստների հետ կապված հարցը, որտեղ պահանջվում է հետեւյալը, որ չափահաս հոմոսեքսուալիստները, որոնք փոխադարձ համաձայնությամբ են իրար հետ էսպես… կապված, նրանց նկատմամբ քրեական պատիժ չկիրառվի… Իհարկե, ոչ կարողանում եմ ընկալել, ոչ ընդունել, բայց ինքս դա համարում եմ իրոք հիվանդություն, այսինքն՝ որոշակի խախտում սեռերի հորմոնալ… չգիտեմ… քրոմոսոմային… չգիտեմ, գուցե գիտելիքներս չեն բավարարում այդ կապակցությամբ ասելու։ Բայց ես դա համարում եմ լուրջ հիվանդություն, իսկ գիտե՞ք, հիվանդներին ուղղակի քրեական պատժի ենթարկելը, միեւնույն է, ոչնչի չի բերի»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել