Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

«ՄԻԼԱՆՈՆ»՝ ՓԱԿՎԱԾ Արդեն մի քանի օր է, որ փակված է Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութը: «Առավոտի» ունեցած տեղեկություններով Պետական եկամուտների նախարարությունը այնտեղ ինտենսիվ ստուգումներ է անցկացնում: Մասնավորապես, մայիսի 19-ից սկսած «հարկայինն» այդ խանութը ստուգել է հինգ անգամ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ստուգումների մասին» օրենքը, որը էապես սահմանափակում է ստուգումների հնարավորությունը: ՄԱՐԶԱՅԻՆԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԻՑ ԲԱ՞ՐՁՐ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել՝ չեղյալ համարել թիվ 5 ընտրատարածքում ԱԺ ընտրությունների արդյունքները եւ անցկացնել վերաքվեարկություն: Սակայն մարզային ընտրական հանձնաժողովը դիմել է դատարան՝ վիճարկելով Կիմ Բալայանի եւ Վազգեն Սաֆարյանի գրանցվելու իրավունքը: Որպես փաստարկ բերվում է «Ավանգարդ» թերթում տպագրված ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովի նամակը, որը ՄԸՀ-ն դիտում է որպես օտար պետության քաղաքացու քարոզչություն: Նամակում, սակայն, որեւէ բան չի ասվում ՀՀ ԱԺ ընտրությունների մասին: Այդ առիթով այսօր «Հոլսթեն» սրճարանում տեղի լունենա Վազգեն Սաֆարյանի ասուլիսը: ԿՈՆՖԵՐԱՆՍ ՅԱԼԹԱՅՈՒՄ Երեկ Յալթայում իր աշխատանքները սկսեց «ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ուզբեկստան-Ադրբեջան-Մոլդովա). տրանսպորտային հաղորդակցման միջանցքների խնդիրներն ու հեռանկարները» միջազգային կոնֆերանսը, Հայաստանից հրավիրված են եւ մասնակցում են ԱԴՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչ Ռազմիկ Խումարյանը եւ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը: ՀՀ ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Հունիսի 29-30-ը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները Վրաստանում հանդիպել են Ադրբեջանի եւ Վրաստանի ՍԴ անդամների հետ։ Նրանք 3 հիմնական ոլորտների են անդրադարձել. Առաջին՝ ՍԴ իրավասություններին եւ դերին։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի քաղաքացիներն ունեն ՍԴ դիմելու իրավունք, իսկ Ադրբեջանի ՍԴ անդամներն ունեն Սահմանադրության մեկնաբանման իրավասություններ։ Երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսկողությանն ընտրական գործընթացների նկատմամբ։ Օրինակ, ազերիներն ընտրական վեճերը չեն շոշափում, այլ հաստատում են արդյունքները, հրապարակում այն։ Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության հարցը ՍԴ-ի միջոցով։ Ըստ Գ. Հարությունյանի՝ իրենք հանդիպել են նաեւ Վրաստանի նախագահ պրն Է. Շեւարդնաձեի հետ, որը չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սահմանադրական արդարադատության նկատմամբ։ ՄԱՀԱՑԱՎ ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆԸ Հունիսի 30-ին Ֆիլադելֆիայում, կյանքի 79-րդ տարում մահացավ նշանավոր սփյուռքահայ գրող եւ հասարակական գործիչ Վահե Օշականը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցում: Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ մոտ ապագայում նրա աճյունը բերվելու է Հայաստան: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել