Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԱՌԱՅԺՄ, ԶՎԱՐՃԱՆՈՒՄ Է Նկատե՞լ եք, Ռոբերտ Քոչարյանը ԱՊՀ երկրների գագաթաժողովում /ու ոչ միայն այնտեղ/, մնացած նախագահների համեմատությամբ, ամենաանհոգ նախագահի տպավորությունն էր թողնում: Չգիտենք, թե ինչ էր ասում, բայց ձեռքերը աջուձախ «պարացնելով», ակնհայտորեն ինչ-որ սրամտություններ էր անում, ու ինքն էլ իր սրամտությունների վրա ծիծաղում: Մնացածների ծիծաղը օպերատորը մեզ տեսանելի չդարձրեց: Ուրեմն, կամ՝ մնացածները չէին ծիծաղում, կամ էլ՝ օպերատորը ՀՀՇ-ածին ռեւանշիստ էր ու դիտավորյալ չէր ուզում, որ հայ ժողովուրդը տեսնի, թե ոնց են օտարները հիանում մեր կենսախինդ նախագահով: Բայց չէ՛, դատելով այն բանից, որ ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը հոկտեմբերի 27-ից հետո փայլուն է աշխատում /ով չի տեսել, գոնե լսած կլինի, թե ինչ աննախադեպ ու կատարյալ պատրաստակամությամբ են բոյ-բուսաթով թիկնապահներն ու նշանառուները պաշտպանում ողջ մնացած ներկայիս ղեկավարության կյանքն ու ինչքը. Քլինթոնը կնախանձեր/, դժվար թե որեւէ ՀՀՇ-ածին ռեւանշիստի հաջողվեր սողոսկել «Հայլուրի» մատույցներից ներս: Մնում է մտածել, որ Քոչարյանի սրամտությունները միայն Քոչարյանին են զվարճացնում: Եվ ուրեմն՝ Քոչարյանը զվարճանում է: Ըստ չար լեզուների՝ լողը, բասկետբոլն ու որսը ՀՀ նախագահի առօրյայից չեն պակասել, ուր գնում է՝ հայ նամուսով տղամարդու պես կնոջը հետը տանում է, ջազ-փառատոների է մասնակցում, կանաչ ճանապարհ է բացել, որ Արմեն Խաչատրյանն ու մնացած «բիրդան աղաներն» էլ դիլխոր չմնան՝ աշխարհ տեսնեն, վիզները ծուռ չմնա, «Պապլավոկում» սուրճ է ըմպում, անկեղծորեն զայրանում է, որ հայ ժողովուրդը «անհարկի» նվնվոցով փորձում է իր տոնական տրամադրությունը փչացնել, եւ այլն, եւ այլն: Կարճ ասած, այլոց ջանքերով իրեն սկուտեղի վրա մատուցված կյանքը լիուլի վայելում է: Թվում է, թե ինչու՞ պիտի չվայելի: Այլեւս ակնհայտորեն չկա «էն տղամարդը», որ Ռոբերտ Քոչարյանին անգլիական թագուհու կարգավիճակում պահի, ու հիմա, ոնց որ Պուշկինը կասեր՝ ահա խորհրդարանն ու կառավարությունը «իր ոտքի տակ», ինքն էլ «մեն-մենակ վերեւում»… Բայց պասիվ դիտորդիս դիրքերից որ նայում եմ «վերեւ», մտածում եմ՝ ախր պե՛տք է որ հակառակը լիներ: Քոչարյանը պե՛տք է որ վատ տրամադրություն ունենար: Շա՜տ վատ տրամադրություն: Ոչ այն պատճառով, որ իր օրոք այսքան սահմռկեցնող սպանություններ եղան, կամ որ Ղարաբաղի իր երկար տարիների ընկերներն ու զինակիցները զնդանում տառապում են, ինքն էլ՝ իբր ոչ տեսնում է, ոչ լսում: Կամ՝ որ իր նախագահության օրոք Ղարաբաղը Հայաստանին ավելի մերձենալու փոխարեն, այսօր ղարաբաղցի մեր հայրենակիցները մատ են թափ տալիս մեզ վրա, թե՝ դուք ո՞վ դառաք, որ մեր անկախ ու ազատ պետության գործերին խառնվեք /ուտող-ուրացողները պոզ ու պո՞չ են ունենում/: Կամ՝ որ Հայաստանի քաղաքացիների սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը աղետալիորեն անհուսալի է: Նախ՝ պարոն Քոչարյանը շատ է վերեւներում, որ այնտեղից իրեն տեսանելի լինեն «ուչաստկովիի» մակարդակի քրեական գործերը, երկրորդ՝ ինքը լավ գիտի, որ մարդ-արարածի հիշողությունը շատ կարճ է, ու դժվար թե որեւէ մեկը հիշի, որ Սամվել Բաբայանին մինչեւ հարյուր փակի տակ պահելը՝ ինքը ջանադրաբար պաշտպանում էր նրան, նույնիսկ «անձնազոհաբար» պնդում , որ իր պահանջով է այդպիսի շքեղ առանձնատուն կառուցել, որ ժողովուրդը չմտածի Ղարաբաղը լքելու մասին, տեսնի-համոզվի, որ պաշտոնյաները չեն պատրաստվում երկրից հեռանալ: Երրորդ, ինքը Հայաստանի պես մե՜ծ երկրի նախագահ է, Ղարաբաղի պես մանր-մունր հողակտորի դարդը իրեն չեն տվել: Չորրորդ՝ ինքը համաձայն չէ, որ ժողովրդի վիճակը անտանելի է, որովհետեւ, ինչպես նվնվոցներս կտրելու վճռական հրահանգը տալու ժամանակ ասաց՝ ինքը վստահ է, որ հեռանկար կա՛: Իսկ եթե Քոչարյանը վստահ է, որ հեռանկար կա՛, ուրեմն, ամենանվնվանին անգամ պիտի հասկանալի լինի, որ ժողովրդի վիճակը ամենեւին էլ անտանելի չէ: Եվ իրոք, ինքը որտեղի՞ց իմանա, որ անտանելի է, իր ու իր շրջապատի վիճակը ավելի քան տանելի է: Իսկ ո՞վ է ասում, թե ինքն ու իր շրջապատը ժողովրդի մի մասնիկը չեն: Եւ այն էլ՝ ի՜նչ մասնիկը: Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը պե՛տք է որ վատ լիներ: Ըստ իս, շա՜տ-շա՜տ վատ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում նա ամենաքաջատեղյակն է, թե ինչպես են քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ծախում ու ծախվում, ինչ գնով են ծախում ու ծախվում, իրենց զոհված ընկերների ու առաջնորդների հիշատակը քանի արծաթով են ոտնատակ տալիս ու դեռ շարունակելու են ոտնատակ տալ: Ամենաքաջատեղյակն է, որովհետեւ այդ ծախող-ծախվողները, միջնորդավորված կամ ուղղակիորեն, հենց Ռոբերտ Քոչարյանին են ծախվում: Պարոն Քոչարյանը, ըստ երեւույթին, կարծում է, որ սույն «անբախտ վաճառականները» իր անդիմադրելի հմայքին չեն դիմանում: Եթե այդպես չմտածեր, կհասկանար, որ ծախվում են ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը մի անգամ ասել է, որ Քոչարյանի դեմքի խալը Ռոբերտ Դե Նիրոյի խալին նման է, այլ շատ ճապաղ պատճառով՝ ծախու են ու վերջ: Պարոն Քոչարյանի մտքով, ըստ երեւույթին, չի անցնում, որ գալու է այն օրը, երբ, ավելի «շուստրի» գնորդ գտնվելու դեպքում սույն «անբախտ վաճառականները», այդպես յուղալի-յուղալի, ծախվելու են հերթական գնորդին ու ծախելու են, ի՜նչ շռնդալից են ծախելու հենց իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին: Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ «մարդ դարձածները» թե հիմա նրանց հիշատակը տրորելուց հետո երբեմն-երբեմն ամոթից կակազում են, պարոն Քոչարյանին «փուռը տալուց» չեն էլ փռշտալու: Մի տարբերակ էլ կա. Ռոբերտ Քոչարյանը սա շատ լավ հասկանում է: Այս դեպքում էլ երկու տարբերակ կա: Կամ՝ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ Հունանյան-«ռոմանտիկներ» էլի կգտնվեն, ու իր իշխանությունը ցմահ կամրապնդվի, կամ՝ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ «էս քամբախ» Հայաստանում «ոչ նախագահ» կարգավիճակով ապրել /առավել եւս՝ Ղարաբաղում/: Ուրեմն ի՞նչ՝ «ռեսպուբլիկայի փողերով հայդա Փարի՞զ»… ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել