Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ակնհայտ է, որ մինչեւ օրս իրականացվող տնտեսական կցկտուր բարեփոխումները ոչ միայն չեն խոստանում տնտեսության առողջացում, այլ ընդհակառակը, վտանգում են բյուջեի եկամուտների մասի համալրումը դարձնել ինքնանպատակ գործընթաց, հասարակության սոցիալական վիճակն ուղիղ համեմատական կախվածության մեջ դնելով խաղատների, լոտոների, միջնորդային առեւտրի եւ իրական տնտեսության հետ ոչ մի կապ չունեցող սեկտորի հիվանդագին աճից: Ստեղծված իրավիճակում հանրապետության իշխանությունների կողմից պետք է որդեգրվի ոչ ստանդարտ, նույնիսկ հավակնոտ ու դրական առումով ագրեսիվ տնտեսական քաղաքականություն, որի իրականացումը միայն կոչված կլինի համակարգել երկրի համեմատական եւ բացարձակ առավելությունները եւ դրանց օգտագործումը ծառայեցնել արժանավայել ապրելակերպի հաստատմանը: Հավակնոտ տնտեսական քաղաքականությունն, իր հերթին ենթադրում է պայքար հաշտվողականության հետ, հավատ՝ մեծ ծրագրերի եւ դրանցից ակնկալվող արդյունքների նկատմամբ, ինչպես նաեւ դրանց իրագործման համար անհրաժեշտ միջոցների եւ մարտավարության ճիշտ ընտրություն: Հայաստանի համար նման նպատակներին միտված կարեւոր քայլ կարող է լինել ազատ տնտեսական գոտիների /ԱՏԳ-եր/ ստեղծումը: Դրանց հիմնական նպատակ պետք է դասվի նպաստավոր պայմանների, գրավիչ դաշտի ձեւավորումը տեղի եւ արտերկրի նյութական, տեխնոլոգիական եւ այլ բնույթի խոշոր ներդրումների համար, դրանք ծառայեցնելու տնտեսության արագընթաց զարգացմանը: ԱՏԳ ասելով պետք է հասկանալ պետության ընդհանուր տարածքից առանձնացված մի հատված, որն ունի լիակատար ինքնուրույնություն՝ տնտեսական հարցերի լուծման մեջ, կառավարման հատուկ ռեժիմ, ազգային եւ միջազգային ընկերությունների տնտեսական գործունեության համար արտոնյալ պայմաններ: Ընդհանուր առմամբ, ԱՏԳ-երը կարելի է դասակարգել ըստ՝ – գործունեության բնույթի, – ազգային եւ համաշխարհային շուկաներին ինտեգրացման աստիճանի /արտահանման ուղղվածության, տեղում ինտեգրացված/, – տարածքային-ճյուղային հատկանիշի /առեւտրային, մաքսային եւ այլն/: ԱՏԳ-երը բնավ էլ նորույթ չեն համաշխարհային տնտեսության ներսում, իսկ Հայաստանում դրանց ձեւավորմանն ուղղված առաջին քայլերն արվել են մեկ եւ կես տասնամյակ առաջ: 1987-1989թթ. Մոսկվայում գործող Ժողովրդական տնտեսության ակադեմիայի, մասնավորապես, ակադեմիկոս Աբել Աղամբեկյանի գիտական խմբի հետ համագործակցաբար, Հայաստանում ձեւավորվեց նախաձեռնողական խումբ, որի աշխատանքների արդյունքները ժամանակին դրականորեն ընդունվեցին Հայաստանի օրվա իշխանությունների կողմից: Նույն նպատակով Հայաստան գործուղված մասնագետների մի խումբ՝ Ա.Շեդրովիցկու գլխավորությամբ գործարար խաղերի օգնությամբ 80-ականների վերջին մշակեց ԱՏԳ գործողության մեխանիզմի նախնական տարբերակը, որի կիրառումը սակայն քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով, նախ, ձգձգվեց, իսկ հետո նաեւ իսպառ մոռացության մատնվեց: Այսօր անհետաձգելի հրամայական է ոչ միայն արված աշխատանքների արժեւորումը, այլեւ դրանց վերագնահատումը ստեղծված պայմանների եւ նոր տնտեսավարման ձեւերին համապատասխան: Կարեւոր է նաեւ խուսափել ԱՏԳ-երի գործունեության համաշխարհային փորձի պարզունակ նմանակումից: Հիշյալ փորձի քաղաքատնտեսական իմաստով տեղայնացումը միայն թույլ կտա առկա եւ հեռանկարային հիմնահարցերին մոտենալ ճիշտ մեկնակետից: Մինչ Հայաստանի առանձնահատկություններին անդրադառնալը, ճանաչողական առումով կարեւորվում է ԱՏԳ-երի ներկայացումը որպես այդպիսին: Ընդունված համաշխարհային փորձի համաձայն, ԱՏԳ տարածքում պետք է գործեն անցագրային /վիզայի/, մաքսային, արտարժույթի եւ մաքսային հատուկ ռեժիմներ: Բացի այդ, կիրառելի են լրացուցիչ արտոնություններ՝ ԱՏԳ ստեղծման, դրա զարգացման ծրագրի իրագործմանն անմիջականորեն մասնակցած ընկերությունների համար: Հայաստանի պարագայում ԱՏԳ ստեղծումը պայմանավորված է վերամշակման բարձր մակարդակի, որակյալ աշխատուժի /գիտատար/ մասնակցությամբ թողարկվող արտադրանքի եւ տեխնոլոգիաների արտահանման զարգացման անհրաժեշտությամբ: ԱՏԳ կարող է դառնալ փորձարարական տարածք /դաշտ/ հանրապետության մյուս տարածքի համար՝ աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակից դարձնելու նոր քաղաքականություն մշակելու եւ ներդրումներ ներգրավելու նպատակով: Հանրապետությունում ԱՏԳ ստեղծման հիմնական խնդիրներ կարող են համարվել. 1. ՀՀ արտահանման կարողության ընդլայնումը, 2. ներմուծմանը փոխարինող արտադրանքով տեղական շուկան մասնակիորեն բավարարումը, 3. հայրենական եւ արտասահմանյան կապիտալի, տեխնիկայի, տեխնոլոգիայի, մասնագետների ներգրավմամբ տվյալ տարածքի եւ հանրապետության սոցիալ – տնտեսական, գիտատեխնիկական եւ բնապահպանությանն առնչվող հիմնահարցերի լուծումները, 4. աշխատանքի ներդրման երաշխավորված տեղերի ստեղծումը /այդ թվում նաեւ ԱՏԳ գործունեության հետ կապված արտադրություններում, որոնք գտնվում են ԱՏԳ-ից դուրս/, 5.գյուղատնտեսական արտադրության համար քիչ պիտանի հողերի առավել արդյունավետ օգտագործումը, 6. ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերի կառավարման համար բարձրորակ մասնագետների պատրաստումը, 7. ԱՏԳ օգտագործումը՝ որպես հարեւան երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման արագացման գործոն եւ երաշխիք: Տեղի առանձնահատկություններից ելնելով, Հայաստանում առավել նպատակահարմար եւ հեռանկարային են ԱՏԳ հետեւյալ տեսակների ձեւավորումը. – ազատ մաքսային գոտիներ, – արտահանման արտադրության գոտիներ, – տնտեսա-տեխնոլոգիական զարգացման գոտիներ /տեխնոպարկեր/: Մաքսային գոտիները կարող են ապահովել միջոցների առավել արագ ընտրություն եւ աշխատանքի փորձի ձեռքբերում՝ ԱՏԳ պայմաններում: Այս դեպքում հիմնականը ԱՏԳ համար հանրապետության եւ հարեւան շրջանների խոշոր ապրանքային հոսքերն են: Արտահանման արտադրության գոտիները թույլ են տալիս իրացնել շրջանների արտահանման կարողությունը, առավել արդյունավետ օգտագործել տարածքի եւ երկրի համեմատական եւ մրցակցային առավելությունները /comparative and competitive advantages/: Տեխնոպարկը միջազգային արտադրամասի դեր է խաղում: Բաժնետիրական հիմքը թույլ է տալիս խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, իսկ առեւտրային գործունեությունը թույլ է տալիս հիմնարար ուսումնասիրություններ ֆինանսավորել, զարգացնել գիտա-արտադրական բազան եւ ենթակառույցները: Տեղի եւ արտասահմանյան ներդրողների համար Հայաստանը գրավիչ կարող է լինել հետեւյալ հիմնական գործոնների առկայությամբ. – բարձրակարգ մասնագետներով եւ բարձրորակ աշխատուժով, – աշխարհասփյուռ հայկական համայնքների հետ տնտեսական կապերով, – ԱՊՀ շուկաներ ազատ մուտքով, – ազգային կայուն արժույթով, – առեւտրի ազատական քաղաքականությամբ, – զգալի թվով մարզերից մայրաքաղաքի, գործարար եւ հասարակական ակտիվության կենտրոնների մոտիկությամբ, – տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված պետական օժանդակությամբ, – ներդրումների ներհոսքին նպաստող օրենսդրությամբ, – մասնավորեցման գործընթացի ընձեռած հնարավորություններով, – արդիական տրանսպորտային հաղորդակցությունների համակենտրոնացմամբ, – տնտեսության այնպիսի ճյուղերով, ինչպիսիք են՝ առաջավոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, մետալուրգիական, քիմիական, թեթեւ, սննդի արտադրությունները, համակարգչային ծրագրավորումը, բանկային համակարգը, զբոսաշրջիկությունը, – աշխատանքի համար ԱՏԳ-ում բարձրորակ աշխատուժի ներգրավման հնարավորությամբ, – հանրապետության ազատ կարողություններ եւ զարգացման բարձր մակարդակ ունեցող շինարարական բազայի օգտագործման հնարավորությամբ: Եթե նախկինում, մասնավորապես, Հայասատանի Խորհրդային միության կազմում գտնվելը, տեսականորեն հնարավոր էր դարձնում խնդիր դնել ինչպես հանրապետության առանձին շրջաններում ԱՏԳ -երի ստեղծման, այնպես էլ ողջ հանրապետությունը փորձարարական ԱՏԳ հայտարարելու ուղղությամբ, ապա ներկայումս պատկերը արմատապես փոխվել է: Հանրապետության տարածքը ԱՏԳ վերածելու հնարավորությունը ոչ միայն տնտեսապես անկառավարելի, այլեւ քաղաքական առումով որոշակիորեն վտանգ կարող է հարուցել: Հետեւաբար, ԱՏԳ ընտրության հարցում, թերեւս, միակ ճիշտ մոտեցումը հանրապետությունում այս առումով առաջնահերթ եւ հիմնավորված տարածքի կամ տարածքների առանձնացումը կարող է լինել: Ըստ որում, տնտեսական ծրագրերից բացի, անհրաժեշտ են ԱՏԳ-երի գործունեությունը կանոնակարգող մի շարք կարեւոր օրենքների մշակումն ու ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից: ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել