Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ԼՂՀ-ում գործում է «Մահապատժի մասին» օրենքը Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանի երկրորդ փաստաբան Ժուդեքս Շաքարյանը երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին է ներկայացրել իր համաձայնագիրը՝ ստանձնել Ս. Բաբայանի պաշտպանությունը, ապա եւ քննիչների ներկայությամբ հանդիպել իր պաշտպանյալի հետ։ Որեւէ մանրամասն այդ հանդիպումից հնարավոր չեղավ ճշտել։ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ մեր երեկվա հեռախոսազրույցից պարզեցինք միայն, որ Ժուդեքս Շաքարյանին են տրամադրվել գործի բոլոր 15 հատորները եւ, որ նյութերին ծանոթանալու պրոցեսը, ըստ պրն Ղուկասյանի, կտեւի մոտ 10 օր, ապա գործը կուղարկվի դատարան։ Անձամբ Մավրիկ Ղուկասյանը Սամվել Բաբայանի հետ, ինչպես ինքն ասաց, չի հանդիպել։ Հետաքրքրվեցինք, թե պրն Ղուկասյանը՝ որպես իրավաբան, համամի՞տ է այն կարծիքին, թե Սամվել Բաբայանի մասին նկարահանված եւ դատավարությունից առաջ ԼՂՀ-ում եւ Հայաստանում ցուցադրված ֆիլմը անմեղության կանխավարկածի խախտում չէ, ինչպես գնահատում են լուրջ իրավաբանները։ «Նման վերաբերմունք չունեմ։ Ես ֆիլմը տեսել եմ, սակայն գնահատականներից զերծ եմ մնում, քանի որ գործի վրա կարող է բացասական արդյունք ունենալ։ Ինձ, խնդրում եմ, նման հարցեր չտաք։ Երբ դատաքննությունը կավարտվի, այն ժամանակ էլ ես իմ խոսքը կասեմ»։ Մեր հաջորդ հարցերին. ծանոթացե՞լ է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մարտի 22-ի գործի նախաքննությանը եւ որքանո՞վ են ստույգ լուրերը, թե նա, ծանոթանալով գործի քննությանը, դժգոհ է մնացել արդյունքներից, պրն Ղուկասյանը պատասխանեց, թե Ա. Ղուկասյանը՝ որպես երկրի նախագահ, տեղյակ է պահվում նախաքննության ընթացքին միմիայն օրենքի շրջանակներում։ Որեւէ դժգոհություն նրա կողմից չի նկատվել. «Դա լրագրողների հնարածն է»։ Գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը, որը հոգնել էր իր հրաժարականի եւ պաշտոնանկության մասին լուրերից, վերջնական պատասխան տվեց, թե ինքը աշխատանքից (այսինքն՝ պաշտոնից) հրաժարվելու որեւէ ցանկություն չունի։ Հնարավոր համարո՞ւմ է գլխավոր դատախազը, որ Սամվել Բաբայանին եւ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը իրականացնելու կասկածանքով մեղադրվող երկու հոգուն կդատապարտեն մահապատժի։ Պրն Ղուկասյանը պատասխանը խնդրեց ճշտել ոչ թե իրենից, այլ դատարանի նախագահից։ Սակայն մեր խնդրանքին՝ հիշել, թե ե՞րբ է վերջին անգամ Ղարաբաղում իրականացվել մահապատիժ, պրն Ղուկասյանը երկար մտածելուց հետո էլ չկարողացավ հիշել՝ այդպիսի բան ե՞րբ է եղել Ղարաբաղում կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ – Պրն Ղուկասյան, ամեն դեպքում, եթե դատարանը մահապատժի որոշում կայացնի, ըստ ձեզ, այն կիրագործվի՞, թե՞ ոչ։ – Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Միայն կարող եմ ասել, որ Ղարաբաղը չճանաչված պետություն է՝ իր պետական ուրույն ատրիբուտներով, իր օրենքներով։ Մեզ մոտ մահապատիժը վերացված չէ։ Այնպես որ, եթե դատարանը նման որոշում կայացնի, արդեն ԼՂՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է՝ ներում կշնորհի՞ Սամվել Բաբայանին եւ մահապատժի մյուս դատապարտվածներին, թե՞ ոչ։ Իսկ թե Լեռնային Ղարաբաղում մահապատիժը իրականացնելու համար որ ձեւերն են նախընտրում, պրն Ղուկասյանը խնդրեց այդ հարցը եւս իրեն չուղղել. «Դատարանն արդեն, ամենայն հավանականությամբ, հուլիսին կկայացնի վճիռը, եւ ամեն ինչ բոլորդ կիմանաք»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել