Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ ԼՂՀ-ՈՒՄ Է ԵՂԵԼ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Գերագույն խորհրդի նախագահությունը եւ կառավարությունը խորը կսկիծով հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի չարանենգ սպանության գույժը»: Այսպես մատուցվեց ապրիլի 14-ի երեկոյան, 19։30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգությունը։ Հետագա օրերին «չարանենգ սպանության» վարկածն ի չիք դարձավ եւ առաջ քաշվեցին այլ վարկածներ՝ դժբախտ պատահար եւ ինքնասպանություն։ Արձակվել էր ընդամենը մեկ կրակոց։ Դեպքը տեղի էր ունեցել հենց Ա.Մկրտչյանի բնակարանում։ Միակ վկան կինն էր, որը պնդել էր, թե Ա. Մկրտչյանն ինքն է իրեն սպանել։ Նույն օրը ուշ երեկոյան Երեւանում հրավիրվեց ՀՀ ԳԽ եւ կառավարության նախագահությունների համատեղ նիստ, որին մասնակցում էին Հայաստանում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Լ.Տեր-Պետրոսյանը։ ԼՂՀ իշխանությունների խնդրանքով, անմիջապես Ստեփանակերտ մեկնեց փորձագետների մի խումբ՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։ ԼՂՀ մայրաքաղաք մեկնեց նաեւ հայաստանյան մի պատվիրակություն, որի կազմում էին նաեւ ՀՀ ԳԽ պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Կիմ Բալայանը։ Վերջիններս, հենց հաջորդ օրը, եղել էին դեպքի վայրում, մասնակցել տեղազննությանը։ «Ինքնասպանության վարկածը հաստատելու համար փորձաքննությունը պետք է պարզեր մեկ հարց՝ արդյոք փամփուշտն արձակված էր հատկապես Ա.Մկրտչյանի «Մակարովից»։ Միայն այս դեպքում առաջ քաշված վարկածը կարող էր տրամաբանական դառնալ։ Փամփուշտը, որպես իրեղեն ապացույց՝ այդպես էլ չգտնվեց։ Փորձագետները եկան այն եզրակացության, որ փամփուշտը կպել է բնակարան ելումուտ անողներից մեկի կոշիկին եւ անհետացել։ Կան կասկածներ, բայց դրանք ոչ փարատել, որ պնդել չեմ կարող։ Վարկածն ամրապնդել էր նաեւ Ա.Մկրտչյանի կինը»,- պարզաբանեց Շ.Քոչարյանը։ Կ.Բալայանն էլ կարծիք հայտնեց, թե դեպքի իրական ապացույցներն այնպիսին էին, որ կատարվածը կարող էր ե՛ւ դժբախտ պատահար, ե՛ւ ինքնասպանություն, ե՛ւ սպանություն լինել, թեեւ վերջինն ամենաքիչ հավանականն էր։ Բացի այդ, եթե կատարվածը սպանություն լիներ, ապա Ա.Մկրտչյանի կինը պետք է հանցակից եղած լիներ։ Սա, թերեւս, որպես ամենաանհավանական վարկած, բացառվել էր։ Կատարված ողբերգությանը նախորդել էր սովորական մի անցուդարձ։ Մեր աղբյուրների պնդմամբ, Ա.Մկրտչյանը տուն էր եկել ընկերների՝ Գեորգի Պետրոսյանի, Լեւոն Օհանջանյանի հետ՝ ճաշելու ակնկալիքով։ Ա.Մկրտչյանի կնոջ վատառողջ լինելու պատճառով ընկերները որոշել էին դրսում հանդիպել։ Հյուրերը հեռացել էին՝ Ա.Մկրտչյանին հանդիպելու պայմանով։ Բայց կինը՝ Գոհարը, դժգոհել էր, թե ամուսինն իրեն վատառողջ վիճակում մենակ է թողնում։ Մեր զրուցակիցներից մեկի պնդմամբ, ծավալված տհաճ խոսակցության ընթացքում Ա.Մկրտչյանը «վիրավորանք է զգացել, «Մակարովը» դրել է գլխին ու կրակել»։ Այս վերջին դետալըը կնոջ պատմածն էր եղել։ Կրակել էր պատահմամբ, թե՞ կանխամտածված՝ դժվար էր պնդել։ Համենայն դեպս փաստ է, որ Ա.Մկրտչյանը սպանվել էր իր ատրճանակից արձակած կրակոցից եւ այնքան մոտ տարածությունից, որ ամրապնդվում էր ինքնասպանության վարկածը։ Իհարկե, փաստ է նաեւ, որ նա զենք գործածել իմացել է։ Տրամաբանորեն նա պետք է իմանար նաեւ զենք գործածելու անվտանգության կանոնները, բայց, ըստ նախաքննության, պարզվում է՝ ոչ։ Դեպքին հաջորդող առաջին օրերի ընթացքում կասկած է եղել, թե միգուցե տուն եկած որեւէ երրորդ անձի կամ անձանց սպառնալիքի տակ կինն է ատրճանակից կրակել։ Բանն այն է, որ դեպքի օրը Ա.Մկրտչյանի երեխաները տանը չեն եղել եւ առաջին միտքն այն է եղել. երեւի մարդասպանները սպառնացել են վնասել երեխաներին, եւ կնոջն այլ բան չի մնացել, քան ամուսնու վրա կրակելը։ Ավելի ուշ սակայն, կասկածները փարատվել են։ Որեւէ ապացույց կամ վկայություն՝ դեպքի ժամանակ կողմնակի անձանց ներկայության մասին չկար։ Այս պատմությունն ակամա հիշեցրեց ռուս գեներալ Ռոխլինի սպանությունը, բայց դրանով չտարվենք։ Վերադառնանք ԼՂՀ։ Այստեղ, ի վերջո, դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվեց՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Գուցե ժամանակներն էին այդպիսին եւ պահանջարկ էր վայելում ոչ թե սպանության, այլ ինքնասպանության վարկածը։ Բայց կասկածներ մինչ օրս կան։ Դրանք չեն կարող չլինել, մանավանդ այսօր, երբ անգամ ակնհայտ սպանությունները հեշտությամբ ինքնասպանություն են որակվում։ Այն ժամանակ, սա առաջին աղմկահարույց ինքնասպանությունն էր։ Մինչ այդ պետական բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի նկատմամբ, որքան հիշում ենք, ոչ ԼՂՀ-ում, ոչ ՀՀ-ում, սպանության փորձ չէր եղել։ Գուցե, Ա.Մկրտչյանի ինքնասպանության վարկածն այնքան «համոզիչ» էր եղել, որքան, ասենք գլխավոր դատախազին սպանած Արամ Կարապետյանի կամ Արծրուն Մարգարյանի դեպքում էր, մանավադ որ, նրա հիասթափությունների մասին բոլորը գիտեին։ Ոչ ոք չէր կարող լրջորեն կասկածել Ա.Մկրտչյանի ինքնասպանության վարկածին՝ նախադեպ չկար։ Այն ինչ կար, կնոջ վկայությունն էր, ՀՀ իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքը Ա.Մկրտչյանի հանդեպ եւ ԼՂՀ-ում ներիշխանական լուռ հակամարտությունը, որի սուբյեկտներն էին Արթուր Մկրտչյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Ա.Մկրտչյանը 92-ի հունվարի 8-ին ԼՂՀ ԳԽ նախագահ էր ընտրվել՝ ՀՀ իշխանությունների լուռ դժգոհության պայմաններում։ Վերջիններս այս պաշտոնում իրենց թեկնածուին էին տեսնում։ Դա նույն ինքը՝ այն ժամանակ ընդամենը ԼՂՀ ԳԽ պատգամավոր Ռ.Քոչարյանն էր։ Նրան չէր հաջողվել խորհրդարանի խոսնակ ընտրվել անգամ Ա.Մկրտչյանի ողբերգական մահից հետո։ Միայն մի քանի ամիս անց, Հայաստանի իշխանությունների հետ կապերի շնորհիվ, նա Ղարաբաղում առանցքային պաշտոն ստանձնեց՝ նշանակվելով նոր ձեւավորված ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նույն ժամանակահատվածում նա ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն էր։ Այս պաշտոնն ինքնին իրենից որեւէ բան չէր ներկայացնում, սակայն փաստացի Ս.Սարգսյանն ավելի մեծ ազդեցություն ուներ, քան Ա.Մկրտչյանը։ Նրան էր հասցեագրված Հայաստանից եկող յուրաքանչյուր կաթիլ վառելանյութն ու ռազմամթերքը, նա էր համակարգում դրա բաշխումը՝ ռազմական եւ այլ նպատակների համար։ Ղարաբաղի ԳԽ խոսնակ Ա.Մկրտչյանը ժամանակին առիթ էր ունեցել ընկերների մոտ դժգոհել, թե էս ի՞նչ է կատարվում, ինքը ԳԽ նախագահ է, բայց տեղաշարժվելու համար մի քանի լիտր բենզինն անգամ ստիպված է խնդրել Ս.Սարգսյանից եւ այլն։ Իրավիճակը փաստորեն նույնն էր, ինչ ՀՀ-ում էր եւ 98-ի սկզբին եւ 99-ին, երբ իրական իշխանությունը ոչ թե ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի, այլ ՊՆ նախարար, ապա վարչապետ Վ.Սարգսյանի ձեռքում էր։ Այսպիսի իրավիճակները միշտ տրամաբանական հանգուցալուծում են ունենում՝ անկախ կիրառվող մեթոդներից։ Իհարկե, ոմանք, ինչպես օրինակ Շ.Քոչարյանը, ԼՂՀ-ում եղած հակասությունները բնական են համարում։ Գուցե, այդպես է։ Անբնականը այն է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում այն ժամանակ եւ այսօր ներիշխանական գզվռտոցների լուծման միակ ճանապարհը ոչ թե քաղաքական կամ քաղաքակիրթ պայքարն է, այլ մարդկանց իբրեւ խոչընդոտ վնասազերծելը։ Սրա ամենահեշտ եւ անվրեպ տարբերակը մարդու ֆիզիկական ոչնչացումն է։ Անկախ այն բանից, հավատո՞ւմ ենք Ա.Մկրտչյանի եւ մյուս բոլոր պաշտոնյաների ինքնասպանության վարկածին, թե ոչ, ակնհայտ է, որ մեր ժամանակներում, սովորաբար, հենց այսպես են իշխանության կամ իշխանափոխության խնդիրներ լուծվել։ Դժբախտություն կլինի, եթե հեռավոր ապագայում պարզվի, որ մեր բոլոր օրերի իշխանությունների հոգեբանությունն, ըստ էության, քրեածին է եղել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել