Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԵԽ Ինչպես արդեն հայտնել ենք, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել «Եվրոպա+» ամսագրին: Մեջ ենք բերում առավել հետաքրքիր դրվագները: – Դուք ձեզ հա՞յ եք զգում: – Ոչ, ես ֆրանսիացի եմ հայկական արմատներով: Ես շատ ուժեղ եմ զգում իմ արմատները: Հայաստանում ես ինձ օտարերկրացի չեմ զգում: Ես հասկանում եմ մարդկանց մտածելակերպը, ապրելաոճը: Ես խոսում եմ նրանց լեզվով: Ընդ որում ուտում եմ նրանց նման: Բայց Ֆրանսիայում, Արեւմուտքում ես ինձ տանն եմ զգում: – Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի՝ Եվրոպայի խորհուրդ մտնելու մասին: – Ինձ թվում է՝ դա կարեւոր է: Նախ եւ առաջ՝ Հայաստանը որպես պետություն պահպանելու համար: Հիմա նրան շրջապատում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ունեն որոշակի ախորժակ: Գուցե այսօր այդ ախորժակն այնքան էլ մեծ չէ, բայց դա կա, ուստի մեզ պետք է Հայաստանը ճանաչել եվրոպական համատեքստում: Բացի այդ, արդեն ասել եմ, որ պետք է շտապ նյութական օգնություն, եւ հուսով եմ, որ դրան նույնպես նպաստելու է Հայաստանի անդամակցումը Եվրոպայի խորհրդին: – Իսկ ինչպե՞ս եք նայում, որ այդ կազմակերպությանը միանա նաեւ Ադրբեջանը: – Ես միանշանակ կողմ եմ: Բոլոր դեպքերում դա պետք է նպաստի երկու երկրների միջեւ խաղաղությանը, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հարցում: Անկեղծ ասած, մարդկային առումով այդ կոնֆլիկտը կեղծ է, քանի որ ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները միատեսակ են ապրում: Օրինակ, Իրանի նման երկրում արգելված է օգտագործել ոգելից խմիչքներ, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում այդպիսի արգելք չկա: Դա նրանց կոլեկտիվ ավանդույթների մասն է: Նրանք ուտում են նույն ճաշատեսակները, երգում են նույն երգերը, միատեսակ են նշում իրենց տոները, եւ հանկարծ թշնամանք: Հիմարություն է: Ես հույս ունեմ նաեւ, որ Թուրքիային կընդունեն Եվրոպայի միություն, եւ նա, վերջապես, կընդունի Ցեղասպանության փաստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել