Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

Սերժ Սարգսյանը Վերջերս կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ պարզվեց, որ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը չի զբաղվում ուժային կառույցներով եւ արտաքին քաղաքականությամբ: Մինչդեռ ուժային կառույցները, ի դեմս ուժային սուպերնախարար Սերժ Սարգսյանի, զբաղվում են թե՛ արտաքին քաղաքականությամբ եւ թե՛ տնտեսությամբ: Այդ հարցերի կարգավորմամբ գլխավոր զինվորականը զբաղվեց Մոսկվայում նախագահ Պուտինի եւ վարչապետ Կասյանովի հետ՝ փայլուն կերպով ապացուցելով այսպես կոչված խորհրդարանական մեծամասնության այսպես կոչված կառավարության անկարեւորությունը: Վերադառնալով Երեւան, պրն Սարգսյանը հորդորեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին սերտացնել հայ-ռուսական հարաբերությունները: Ի պատասխան այդ հորդորի, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հավանաբար կդիմեն ՌԴ դեսպանություն՝ ցանկություն հայտնելով Պուտինի եւ Կասյանովի հետ հանդիպելու: Վարդան Այվազյանը Հետեւելով սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար սկզբունքին, «Կայունություն» խմբի ղեկավարը կոչ արեց բարձրացնել պետության կարգավորիչ դերը կազինոներում եւ սաունաներում: Առաջարկում եմ այդ գաղափարի իրականացման մեխանիզմը. ամեն մի սաունայի մոտ կանգնում է բարքերի ոստիկանության ներկայացուցիչը, որն արգելում կամ թույլատրում է «պուզատի» այցելուներին սաունա մտնել այս կամ այն աղջկա հետ: Եվրոպայի խորհուրդը Այդ հեղինակավոր կազմակերպությունը կարգավորեց իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ մեզանից պահանջելով, մասնավորապես, հանդուրժողական լինել արվամոլների նկատմամբ: Բայց, ինչպես իրավացիորեն նկատեց մեր մեկնաբաններից մեկը, եթե Հայաստանի հասարակությունը անսահմանափակ հանդուրժողականություն է ցուցաբերում քաղաքական արվամոլության նկատմամբ, ապա ինչո՞ւ նա պետք է այլ կերպ վերաբերվի նույն երեւույթի ֆիզիկական դրսեւորումներին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել