Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 01,2000 00:00

ԱԼԻԵՎԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հունիսի 30-ին «Նեզավիսիմայա գազետան» տպագրեց մի վերլուծություն, որի Անդրկովկասին վերաբերող հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Արդեն այսօր կարելի է պնդել, որ Եվրոպայի խորհրդի որոշումով (Հայաստանին եւ Ադրբեջանին երաշխավորելով-խմբ) ԱՄՆ-ը եւ Եվրոպական տերությունները պահպանեցին ստեղծված «ստատուս-քվոն» ղարաբաղյան կարգավորման շուրջ: Փաստորեն ի չիք են արվել Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի հասցեին, որոնք հանգում են «ադրբեջանական տարածքների 20 տոկոսի զավթման մասին հայտարարություններին: Միաժամանակ, ինչպես նշում են իրենք՝ ԵԽ ԽՎ անդամները, ստրասբուրգյան որոշումը հակասում է Եվրոպայի խորհրդի «ժողովրդավարական եւ իրավական արժեքներին» եւ հիմնված է քաղաքական նպատակահարմարության սկզբունքի վրա: Հատկանշական է, որ քվեարկության արդյունքները հայտարարելուց նույնիսկ մի քանի րոպե առաջ բարձրաձայն հայտարարվում էր, որ ադրբեջանական իշխանությունները անց են կացնում ժողովրդավարական արժեքների, իրավական նորմերի եւ սահմանադրական պարտավորությունների բացահայտ ոտնահարման քաղաքականություն: «Բանավոր-պաշտոնական» մակարդակի վրա Բաքվից պահանջեցին երկրում «գոնե մեկ անգամ արդար քվեարկություն անցկացնել»: Ադրբեջանում ժողովրդավարության «հաղթանակի» երաշխավորը, ըստ այդ երկրի «պաշտոնական ներկայացուցիչների», պետք է լինեն նրա ժողովրդավարական հարեւանները: Հատկանշական է, որ նրանց թվին է Բաքուն դասում նաեւ Հայաստանը: Վերջինս, ի դեպ, Ստրասբուրգում հանդես էր գալիս շատ ավելի շահեկան դիրքերից: Երեւանը հայտարարագրեց մի դիրքորոշում, որը վկայում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԵԽ-ին միաժամանակ անդամագրելու իր շահագրգռվածության մասին: Սակայն, հայկական կողմի համոզմամբ, այդ սկզբունքը չպիտի խոչընդոտ դառնա այդ եվրոպական կազմակերպությանը Երեւանի անդամակցելու համար: Փաստորեն Հայաստանը զբաղվեց Ադրբեջանի շահերի եւ ավելի ստույգ՝ Հեյդար Ալիեւի լոբբինգով: Զարմանալի չի լինի, եթե Բաքվում այս օրերը տոնական հայտարարվեն: Հեյդար Ալիեւը եւ նրա թիմը ջախջախիչ հաղթանակ տարան ընդդիմության նկատմամբ: Դե յուրե Ադրբեջանը ճանաչվեց ժողովրդավարական պետություն, որտեղ հարգվում են Եվրոպայի խորհրդի բոլոր նորմերն ու ստանդարտները: Ճիշտ է, հաջողության գինը դարձան. 1) առ այսօր ադրբեջանական արտաքին քաղաքականության հիմքը հանդիսացող Բաքվի մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, 2) «եվրոպական ընտանիքի», այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ երկխոսություն, համագործակցություն հաստատելու եւ փոխհամաձայնության հասնելու պարտավորվածությունը, 3) արտաքին քաղաքական առաջնահերթությունների «հստակեցման» անհրաժեշտությունը, Իրանի եւ, հավանական է, Ռուսաստանի հետ «ֆլիրտի քաղաքականությունից» հրաժարումը: Դա, դիվանագիտական աղբյուրների մեծ մասի կարծիքով, Վաշինգթոնի պահանջների գլխավոր բաղկացուցիչն էր, որը ներկայացվել էր Բաքվին՝ ԵԽ ԽՎ ընդունելու վերջնական որոշումից առաջ: ԱՄՆ172ը հստակ զգացնել տվեց Ադրբեջանին, որ նրա քաղաքականության հավասար «կոմպլիմենտարությունը» գնահատվելու է որպես շեղում դրանից առաջ հայտարարված արեւմտամետ կուրսից: Ակնհայտ է, որ ԵԽ ԽՎ-ի որոշումը նշանակելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը: Նա փաստորեն իրականացրել է արտաքին քաղաքականության իր հայտարարագրված նպատակներից մեկը: Այդ նպատակը, սակայն, ավելի խորհրդանշական, քան գործնական նշանակություն ունի: Եվրոպայի խորհուրդը իրական ազդեցիկ կազմակերպություն չէ եւ չի կարող պրակտիկ ներգործություն ունենալ հանրապետությունում եւ տարածաշրջանում ծավալվող գործընթացների վրա: Սակայն Խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումը, Երեւանի նկատմամբ ընդգծված բարյացակամ վերաբերմունքը «եվրոպական վստահության վարկ է», որը Հայաստանը կարող է եւ, ըստ էության, պարտավոր է օգտագործել իր ազգային, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորումը շոշափող, շահերը պաշտպանելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել