Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

«ՍԻԼ-ԳՐՈՒՊԻ» ՀԱՅԱՑՔՈՎ Վերջին օրերին «ծխախոտային պատերազմի» ընթացքում հնչեցին որոշ պնդումներ, որոնք կարոտ են պարզաբանման։ Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ – Նշելով մասնավորապես Ձեր անունը՝ «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրենը հայտարարել էր, թե պետբյուջեի մուտքերը խափանելու համար արդեն հոկտեմբերին պիտի պատասխան տան այն մարդիկ, որոնց լոբբինգի շնորհիվ ընդունվեց «Ծխախոտի հաստատագրված վճարների մասին» օրենքը։ Թերեւս հարկ է, որ պարզաբանեք. արդյոք պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել այդ օրենքի համար։ – Այո՛, պատրաստ եմ։ Բայց պիտի խնդրեմ ամեն ամիս հրապարակեք հարկային մուտքերի վերաբերյալ տվյալները, որ մինչեւ իմ պատասխան տալն արդեն իսկ ամեն ինչ պարզ լինի։ Եվ հետո, շնչելու համար պատասխանատվության ենթարկո՞ւմ են։ Ինչպես մարդուն է օդ հարկավոր կենդանի մնալու համար, այնպես էլ պետք էր օրենքի այդ փոփոխությունը՝ տվյալ ոլորտի գործունեությունը կարգավորելու համար, քանի որ այն բնականոն եւ ընդունելի շրջանակներում չէր։ Եթե ներմուծողի համար 150 դոլարին համարժեք դրույքաչափ էր սահմանված, իսկ արտադրողի համար՝ 100 դոլար, սա նշանակում էր, որ արհեստականորեն ստեղծված էր մենաշնորհային կարգավիճակ։ Երկրորդը, մաքսանենգությունն ահավոր ծավալների էր հասել։ Երրորդը, ծխախոտը թանկ գներով էր վաճառվում։ Չորրորդը, զարգացած էր ստվերայնությունը։ Օրենսդրական այս փոփոխություններից հետո վստահ եւ պատասխանատու հայտարարություն եմ անում՝ ստվերայնությունը զգալիորեն կրճատվել է եւ օգոստոսի 1-ից հետո կվերանա։ Երկրորդը, մաքսանենգությունը հասել է չնչին տոկոսների, որքան կա անգամ զարգացած 0-ին կձգտի։ Երրորդը, ցածր խավի օգտագործած ծխախոտի գինը էժանացել է 30 %-ով, միջին խավի համար էժանացել է 25 %-ով, իսկ ունեւորների համար՝ 12 %-ով։ Եթե մարդիկ օրենսդրական փոփոխություններ են ցանկանում, որոնք կբարվոքեն իրենց վիճակը՝ այս օրենքով մի քանի խնդիրների լուծումը զգալիորեն հեշտացել է։ Ես նոր գաղափարների, նոր պահանջների եւ չափանիշների, նոր մտածելակերպի կրող եմ, իմ միջավայրին խորթ է լճացած, հին գործելաոճը: – Ձեր ընդդիմախոսները նույն այս դրույթների վերաբերյալ տրամագծորեն հակառակն են պնդում։ Մասնավորապես, որ Հայաստանի շուկայում այժմ իրացվող ծխախոտի շուրջ 40 %-ը մաքսանենգ է։ – Նախկինում հայտարարագրված ներմուծվող ծխախոտը եղել է միջինը 3500 արկղ։ Իսկ արդեն մայիսին գրանցվել է 9000, հունիսին՝ 12500։ Կարո՞ղ եք ենթադրել, որ 3500-ից 12500-ի տարբերությունը մաքսանենգ ճանապարհով է ներմուծվել։ – Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում այդ 40 % տվյալը։ – Ես էլ կարող եմ ասել, որ մաքսանենգ ապրանքը 899 % է… Թիվ է, ասել են։ Նաեւ պնդում են, թե այս ամենը բյուջեի 20 մլն դոլարի չափով ճեղքվածքի կհանգեցնի։ 1999-ին 17 մլն դոլար է հավաքվել ծխախոտից. 20 մլն-ով ինչպե՞ս է տուժելու, կարո՞ղ եք բացատրել։ – Այսօրինակ պնդում էլ կա, թե ավելացել է ներմուծվող կեղծ արտասահմանյան ծխախոտի քանակը։ Խոսքը մասնավորապես կեղծ «Մարլբորո լայթսի» մեծ խմբաքանակի մասին է, որի համար, ըստ «Գրանդ Տոբակոյի» ներկայացուցիչների, պատասխանատվություն պիտի կրի «Ֆիլիպ Մորիսի» հայաստանյան ներկայացուցչությունը, քանի որ 5 ամիս առաջ տեղյակ էին, բայց չարձագանքեցին։ – «Ֆիլիպ Մորիսի» եւ «Պարես Արմենիայի» իրավաբանները դեռ ապրիլին երեք նամակներով դիմել էին պետական մարմիններին, որ թույլ չտան, կանխեն այդ կեղծ արտադրանքի ներմուծումը։ Մի՞թե օրինական ներկրողները կցանկանան, որ «Ֆիլիպ Մորիսի» կեղծ արտադրանք վաճառվի եւ հարվածի իր շուկային։ Սա առնվազն անհեթեթ է։ «Ֆիլիպ Մորիսը» տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում կեղծարարություններն ի հայտ բերելու եւ դրանք վերացնելու համար։ – Այս կշտամբանքն առաջին անգամ չի հնչում, բայց Դուք միշտ անարձագանք եք թողնում։ Այն է, թե ներմուծողները հարկատուների ցանկում անգամ առաջին 50-ի մեջ չեն։ Այդպե՞ս է իրոք։ – «Պարես Արմենիա» կազմակերպությունը մայիսին պետբյուջե է մուծել շուրջ 600 հազար դոլարի չափով հարկ։ Իսկ հունիսին, եթե չեմ սխալվում, 890 հազար դոլար։ Այսինքն, ծխախոտի շրջանառության առումով «Պարես Արմենիան» հաստատ երկրորդ հարկատուն է։ Կարող եք այդ եւ մյուս տվյալները ճշտել պետական մարմինների միջոցով։ Եվ եթե նրանք հաստատեն իմ ասածները՝ ոմանք ներողություն կխնդրե՞ն իրենց ամոթալի շանտաժների եւ հերյուրանքների համար։ Ես խղճում եմ այդ գործելաոճը որդեգրածներին եւ չէի ցանկանա, որ այս առիթով արժանանային ուրիշի համար փոս փորողի ճակատագրին: – Նախագահ Քոչարյանը «Գրանդ» խմբի գործունեության առնչությամբ մշտապես նշում է, որ պետությունը հարկային քաղաքականություն մշակելիս պարտավոր է հաշվի առնել նման խոշոր հարկատուների կարծիքը։ Ընդունելի՞ եք համարում այս մոտեցումը։ – Ես ողջունում եմ այդ մոտեցումը։ Տեղական արտադրողին պաշտպանելը շատ ճիշտ ռազմավարություն է, բայց՝ որոշակի շրջանակներում։ Ասենք, պետք չէ աչք փակել տեղական արտադրողի ստվերային գործունեության վրա։ Կամ տեղական արտադրողի համար արտոնյալ պայմանները չպետք է տնտեսության զարգացման խոչընդոտ դառնան եւ չպետք է հանգեցնեն տեղական արտադրանքի որակի աստիճանական անկման եւ գների աճի։ Օրենքների եւ միջազգային չափանիշների շրջանակում, այո՛, պետք է աջակցենք տեղական արտադրողներին։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել