Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

Եկեք լուրջ գործով զբաղվենք Զարմանալի էր, թե ինչու Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության կապակցությամբ հայ ժողովրդին երեկ շնորհավորեց ոչ թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, այլ փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը (չմոռանանք, որ եթե պրն Սարգսյանը ժամանակին առողջապահության նախարարի կեցվածքով «Արմենիկումի» մասին հայտարարությամբ հանդես եկավ, Մոսկվայից վերադառնալուց հետո միայն հիմարը կարող էր չնկատել նրա՝ արդեն վարչապետական կեցվածքը)։ Ամեն դեպքում, պրն Մարտիրոսյանը մեր պետության անդամակցությունը Եվրախորհրդին համարեց «ՀՀ իշխանությունների, քաղաքական շրջանակների, կուսակցությունների, իշխանության բոլոր մարմինների, ինչպես նաեւ մեր ժողովրդի կատարած աշխատանքի եւ կեցվածքի գնահատական»։ Քանի որ հայ ավտոտեսուչները նույնպես ժողովրդի մի մասն են, նրանց «աշխատանքի եւ կեցվածքի գնահատականն» էլ է նպաստել Եվրախորհուրդ մեր մուտքին, ուստի նրանցից էլ փորձեցի ճշտել՝ կոնկրետ վարորդների հետ իրենց հարաբերությունների վրա որքանո՞վ կարող է անդրադառնալ վերոնշյալ փաստը։ Քանի որ ոստիկանների համար կնոջ խոսքը հիմք չէ, նրանց հետ զրուցելու համար օգտվեցի իմ գործընկերոջ՝ Աշոտի ներկայությունից։ «AM 333 SS 01» համարանիշով պետավտոտեսչության ավտոմեքենայի տերերը ժամը 14-ի մատույցներում խանութում հարմար սանհանգույց էին ընտրում, երբ մեր անտեղի եւ, ըստ էության, անբովանդակ հարցերով խախտեցինք նրանց անդորրը. «Դուք գիտե՞ք ինչ է կատարվել հայ ժողովրդի կյանքում երեկ»։ Նրանց հայացքում՝ ուղղված մեզ, ափսոսանք կար՝ ափսոս խախտում արած վարորդ չէինք։ Այդքանը։ Իսկ որ Վարդան Օսկանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի օժանդակությամբ վարած արտաքին փայլուն քաղաքականության արդյունքում մտել ենք Եվրախորհուրդ, նրանց ամենեւին չէր հուզում։ Ամեն դեպքում ասացինք մեծ իրադարձության մասին: «Շա՜տ լավ է»,- ասաց հաստլիկ կապիտանը՝ մինչ նրա գործընկերը վազեց դեպի մեքենան։ «AM 254 SS 01» համարանիշով մյուս պետավտոտեսչության մեքենայի տերերն ավելի խոսքաշատ էին, սակայն անգամ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դեպքում նրանք իրենց անունները չէին ասի՝ «Վերադասից թույլտվություն չունենք» ասելով։ «Տեղյա՞կ եք, Հայաստանը երեկ ընդունվեց Եվրախորհուրդ»։ «Մտել է՞ արդեն, չգիտեի»։ – Ի՞նչ եք կարծում, այս փաստը ինչ-որ կերպ ձեր կյանքի եւ աշխատանքի վրա կանդրադառնա՞։ – Մեզ թույլ չեն տալիս ինչ-որ բան խոսենք։ Մենք ունենք ագիտացիայի բաժանմունք, նրանցից ճշտեք։ Մի բան գիտենք՝ մենք ծառայում ենք հայրենիքի, ժողովրդի համար, ճանապարհային երթեւեկության կանոններն ենք պահում, կարգավորում ենք։ Քաղաքականությունը մեզ չի վերաբերում։ – Իսկ ի՞նչ բան է Եվրախորհուրդը եւ ձեր գործի առումով որքանո՞վ էր ճիշտ, որ Հայաստանը դարձավ նրա անդամը։ – Երեւակայեք, դեպի լավը կգնա մեր գործը։ Ինչպես տեսել ենք՝ Եվրախորհրդի պետությունները լավ վիճակում են, մեր վիճակն էլ կլավանա։ Մյուս ավտոտեսուչը՝ առանց պահը կորցնելու, «Առավոտը» անվանեց «կլյաուզնիկ» թերթ, սակայն չներկայացավ. «Մենք զինվորական համազգեստ ենք կրում, մեզնից ինֆորմացիա ստանալու համար մեր ղեկավարությանը պիտի տեղյակ պահեք»։ Ամենաանկեղծը երրորդ ավտոտեսուչն էր, որը մեր հարցը լսեց թթված եւ դժգոհ դեմքով, ոտքով հարվածեց իր մեքենայի անիվին. «Մտանք, հետո՞, էս պագռիշկեն փոխելու են, նորը դնեն։ Ամոթ ա, աղջիկ ջան, շա՜տ ամոթ ա»։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել