Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՎԱՂԱԺԱՄ Է Ապրիլի 28-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը խիստ վերապահումներով, բայց արձանագրեցին, որ այս երկու երկրներն ամբողջատիրության փլուզումից ի վեր, դանդաղ, բայց որոշակի առաջընթաց են արձանագրել արեւմտյան ժողովրդավարական արժեքների համակարգում ինտեգրվելու ճանապարհին։ Այս օրը նշանավորվեց նրանով, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայաստանի ու Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամակցելու օգտին։ Իհարկե, հարցն իր վերջնական լուծումը կստանա միայն աշնանը։ Այն, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ժողովրդավարական արժեքների անվերապահ կրողները չեն՝ ակնհայտ է։ Եվ մեզ մոտ, եւ Ադրբեջանում հազվադեպ երեւույթ չէ մարդու իրավունքների ոտնահարումը։ Կաշառակերության եւ կոռուպցիայի չափերը երկու երկրներում էլ չափազանց մտահոգիչ են եւ սպառնում են պետական անվտանգությանը։ Ե՛վ այստեղ, ե՛ւ այնտեղ իշխանությունները դժվար են հանդուրժում անկախ լրատվամիջոցների գոյությունը եւ ամեն վայրկյան պատրաստ են այն ճնշելու։ Այս մասին բարձրաձայնում են Հայաստանի եւ Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում որեւէ մակարդակի ընտրության ազատ, արդար եւ թափանցիկ լինելը նույն Եվրախորհրդի դիտորդների կողմից խիստ պայմանականորեն է բնութագրվել։ Այն, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը, իրական ժողովրդավարությունից հեռու լինելով հանդերձ, Եվրախորհրդի մաս են կազմելու, վկայում է, որ այս հարցում մեր իշխանություններից ոչ պակաս շահագրգիռ էր Եվրախորհուրդն ինքը։ Երեկ, մեզ հաջողվեց զրուցել երկու ադրբեջանցիների հետ։ Նրանցից մեկը՝ Արիֆ Ալիեւը, որ Բաքվի մամուլի ակումբի նախագահն է, այս օրերին Երեւանում է։ Մյուսը՝ Հիքմեթ Հաջի-Զադեն, Հայաստանում երբեք չի եղել։ Փոխարենը ժամանակին նա ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, իսկ այսօր՝ «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն է։ Վերջիններս ամենեւին էլ հիացած չէին Եվրախորհրդին կոնկրետ Ադրբեջանի անդամակցությամբ, թեեւ արձանագրեցին, որ Ադրբեջանում ժողովրդավարության որոշ դրսեւորումներ թեեւ քիչ, բայց՝ կան։ «Սակայն Ադրբեջանում ժողովրդավարական արժեքների հաստատման իմաստով դեռեւս լուրջ հիմնախնդիրներ կան։ Շատ հաճախ ոտնահարվում են մարդու իրավունքները, մամուլի ազատության սկզբունքը դեռեւս չի դարձել ժողովրդավարության հիմնական եւ բաղկացուցիչ մասը։ Ասել է թե՝ Ադրբեջանը դեռեւս շատ հեռու է ժողովրդավարական արժեքների այն համակարգից, որն ընդունված է արեւմուտքում»,- ասաց լրագրող Արիֆ Ալիեւը։ Ըստ նրա, սրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանում ժողովրդավարության ավանդույթներ չեն եղել, չկա հանդուրժողականություն, համապատասխան մտածելակերպ եւ այլն։ «Բացի այս, քաղաքական պայքարի ընթացքում հաճախ ոտնահարվում եւ արժեզրկվում են հենց ժողովրդավարական արժեքները»,- նկատեց նա։ Նկատենք, որ այս գնահատականը միանգամայն կիրառելի է նաեւ Հայաստանում ծավալված քաղաքական անառողջ պայքարի պարագայում։ «Ադրբեջանն ազատ երկիր չէ։ Կարծում եմ, որ մեր երկրները սխալմամբ են դիմել Եվրախորհրդին անդամակցելու համար։ Մեր դեպքում շատ ավելի ճիշտ կլիներ անդամակցել աֆրիկյան երկրների խորհրդին»,- այս կարծիքը հայտնեց քաղաքական գործիչ Հիքմեթ Հաջի-Զադեն։ Ավելին, ըստ նրա՝ «Եվրախորհրդին անդամակցելու մեր երկրների ձգտումը խորհրդային տարիներին ընդունված հավելագրումների այն քաղաքականության շարունակությունն է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը այսինչ քանակի ծիրան կամ բամբակ հավաքելու համար «Կարմիր դրոշ» էին ստանում»։ Հ.Հաջի-Զադեի կարծիքով Եվրախորհրդին անդամակցելն ինքնին մեր երկրներին դեռեւս հպարտանալու առիթ չի տալիս։ Ա.Ալիեւն էլ կարծիք հայտնեց, թե Եվրախորհրդի անդամակցությունից մեր երկրներում չափազանց մեծ ակնկալիքներ ունեն։ «Մեզ թվում է, թե Եվրախորհրդին անդամակցելով կտրուկ կնվազեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը։ Իրականում մեր երկրներում այս իմաստով էական փոփոխություններ չեն լինի։ Եվրախորհրդից հատուկ «նվերներ» չեմ սպասում»,- նշեց լրագրողը։ Այնուամենայնիվ, ո՞րն էր պատճառը, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական նորմերի ոտնահարման փաստերի առկայության պայմաններում Եվրախորհուրդը «տեղի տվեց» եւ համաձայնեց այս կառույցին մեր անդամակցությանը։ «Շան գլուխը պետք է փնտրել Արեւմուտքի ռազմավարական շահերի համատեքստում, թեեւ Եվրախորհրդի միակ ֆունկցիան մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության հաստատումն է։ Եվրախորհուրդն իրավունք չունի ռազմավարական խնդիրներ հետապնդել, բայց իրականում լծված է հենց այսօրինակ խնդիրների լուծմանը։ Նա ձգտում է Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցնել Արեւմուտքին եւ վերջիններիս կտրել Ռուսաստանի ազդեցությունից։ Սա անհրաժեշտ է նախեւառաջ նրա համար, որ մեր երկրների միջոցով Արեւմուտքը կարողանա ճանապարհ հարթել դեպի Չինաստան եւ Ճապոնիա։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ Եվրախորհրդին մեր երկրների անդամակցությունից։ Այս հիմնախնդիրը նրանց ավելի քիչ է հուզում»։ Վերջում պարոն Հաջի-Զադեն եզրակացրեց, թե ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաստատման տեսանկյունից Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը, անշուշտ, վաղաժամ էր։ Իհարկե, այս ամբողջ ֆարսի մեջ միակ դրականն այն է, որ, ինչպես Հ.Հաջի-Զադեն նկատեց, ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ադրբեջանական իշխանությունները գոնե ձեւական քայլեր կկատարեն ավելի քաղաքակիրթ եւ ժողովրդավար երեւալու համար, քան կան իրականում։ «Այս ամենը կլինի այնպես, ինչպես լինում էր խորհրդային գյուղերում՝ երբ գյուղացուն ստիպում ես կոստյում, սպիտակ վերնաշապիկ եւ արդուկած անդրավարտիք հագնել, նա աստիճանաբար սովորում է նաեւ ծոծրակը լվանալ, կոշիկները մաքրել ու, ի վերջո, գալիս է այն տեսքին, որ հարիր է կոստյում հագնողին»,- Հ.Հաջի-Զադեն այսպես պատկերավոր նկարագրեց այն դրականը, որ կարելի է ակնկալել Եվրախորհրդի անդամակցությունից։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել