Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է՝ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ «Կարծում եմ, որ սա քվեարկություն էր Եվրոպայի արհեստական բաժանման դեմ, քվեարկություն էր այն արգելքների դեմ, որ մեզ պարտադրվել էին անցյալում եւ երկար ժամանակ Հայաստանը կտրել էին եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից»,- իր շնորհակալական խոսքն այսպես սկսեց ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ԵԽ ԽՎ-ի՝ մեզ համար պատմական քվեարկությունից հետո։ ԵԽ-ում շատ կարեւոր է համարվում, որ Հայաստանը ԽՎ-ի քվեարկության ժամանակ չստացավ որեւէ դեմ ձայն։ ԵԽ-ի գիտակներն այն կարծիքին են, որ Հայաստանն այդպիսով լավ շանս ստացավ սեպտեմբերին արդեն մեծադիր շենքի առջեւ սեփական պետական դրոշը բարձրացված տեսնելու, ինչի համար պետք է, սակայն, հետեւողական եւ իմաստալից աշխատանք՝ կոնկրետ քաղաքական շրջանակների հետ։ Հակառակ դեպքում՝ Հայաստանի, ինչպես եւ Ադրբեջանի, լիարժեք անդամակցության հարցը ԵԽ նախարարների կոմիտեում քննարկման առարկա կդառնա նոյեմբերին։ Համենայնդեպս, կա այդպիսի ընդհանուր մոտեցում, ինչի մասին հայ եւ ադրբեջանցի լրագրողներին երեկ տեղեկացրեց ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը։ Նշենք մեկ այլ հանգամանք եւս. Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ չունեցան եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Դա ամենեւին էլ ընդգրկված վերաբերմունք չէ, այլ նրանց հետ պարզապես աշխատած չլինելու հետեւանք։ Այն էլ ասենք, որ այսպիսով ԵԽ ԽՎ-ում պատգամավորական իր լիազորությունները վայր դրեց ավագագույն պատգամավոր, Հայաստանի անդամակցության զեկուցող իտալացի Դեմիտրիո Վոլչիչը, որն այսուհետեւ լինելու է միայն Իտալիայի խորհրդարանի եւ Եվրապառլամենտի պատգամավոր։ Նա իր եզրափակիչ խոսքում բարեմաղթություններ ուղղեց նաեւ իր կրտսեր գործընկերոջը՝ Հայաստանի անդամակցության հարցով ԵԽ ԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում զեկուցող ավստրիացի Միխայիլ Շպինդելեգերին, որի առաջին զեկույցն էր սա ԵԽ շրջանակներում։ ԵԽ ամենամսյա «Եվրոպա+» թողարկումը հարցազրույց է տպագրել Շառլ Ազնավուրի հետ, ուր վերջինս ասել է, թե Հայաստանի ԵԽ մտնելը վերջինիս անհրաժեշտ է առաջին հերթին հենց պետականությունը պահպանելու համար։ Իսկ հունիսի 28-ի ուշ երեկոյան հայկական պատվիրակությունը ընդունելություն էր կազմակերպել, որտեղ ներկաները հյուրասիրվեցին Հայաստանից բերված կոնյակով եւ ծիրանով։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել