Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ Հինգշաբթին մի ժամանակ ձկան օր էր։ Ուտելու համար նախատեսված բոլոր տեղերում միայն ձուկ էին մատուցում։ Հիմա հինգշաբթին նաեւ կառավարության նիստերի օր է, բայց նիստեր են գումարվում ոչ թե կառավարման համար նախատեսված բոլոր կետերում, այլ՝ կառավարության շենքում։ Այս նույն շենքում, կառավարության աշխատանքները լուսաբանելու նպատակ կամ պարտականություն ունեցող լրագրողների հինգշաբթին հերթական անգամ վերածվեց ոչ թե բուն գործով զբաղվելու, այլ՝ նախարար կամ նիստի օրակարգ որսալու զբաղմունքի։ Իսկական աղջիկ փախցնոցիի սցենարի պես մի բան է ստացվում, երբ հանրապետության առաջատար (եւ ոչ այնքան) լրատվամիջոցների թղթակիցներն ու թղթակցուհիները, օպերատորներն իրենց աշխատանքային գործիքները պատրաստ պահած սպասում են, թե երբ է սկսվելու տաս-տասնհինգ րոպեանոց ընդմիջումը։ Ընդմիջումն էլ հարցի լուծում չէ, քանի որ գրեթե միշտ նախարարները հակված չեն նիստի օրակարգից կամ որեւէ այլ՝ գործին առնչվող խնդրից խոսել։ Ստացվում է, որ մեր պետական պաշտոնյաները թաքցնում են ինֆորմացիան, իսկ լրագրողները պարզապես աքցանի պես փորձում են ինֆորմացիա դուրս քաշել։ Այս անգամ կառավարության նիստը «լուսաբանելու» եւ նախարարների հետ «զրույցը» ներկայացնելու փոխարեն պարզապես կառավարության լուսամուտից որոշեցի դուրս նայել։ Իսկ դրսում իսկական տժտժան ամառ է, ինչպես կասեր արդի քաղաքական գործիչներից մեկը։ Բայց վերջինիս օգտագործած «տժտժան» բառն ամենեւին կապ չունի քաղաքական կրքերի ուժգնության հետ։ Խոսքը լոկ բնակլիմայական նշանակություն ունի։ Հրապարակի մեծ շատրվանը բաց է, լողավազանը մաքուր չէ, կողքից անցնելիս հոտ է գալիս, բայց մի քանի ծնողներ իրենց երեխաներին բերել են լողացնելու։ Երեխաները լողում են, հետո դուրս են գալիս ու պառկում կեղտոտ մայթերին։ Չէ՛, սա Ռիո Դը Ժանեյրոն չէ։ Միայն 7 «ձեռնպահ»-ով է Հայաստանը դարձել Եվրախորհրդի անդամ, բայց միեւնույն է՝ եվրոպական երկիր դառնալու համար մենք դեռ երկար պետք է լողանք։ Կառավարական շենքի պատուհանից երեւում են նաեւ արեւածաղիկ եւ պաղպաղակ վաճառողները։ Նրանց կողքից սեւ շղարշե հագուստներն արեւի տակ ծածանելով անցնում են եվրոպուհի դարձող հայ աղջիկները։ Ամենահետաքրքիրը ոչ թե աղջիկների խիստ թափանցիկ հագուստներն են, այլեւ՝ նրանց «չոլկաները»՝ ո՞նց են կարողանում այդպես բարձր եւ այդպես ցցուն մազափունջ պահպանել էս շոգ-կրակին։ Կառավարական շենքի պատուհանից, այս ամենից բացի, ուրիշ բաներ էլ են երեւում։ Մի օր շենքի մոտ բազմազավակ ընտանիքներն են հավաքվում՝ իրենց սոցիալական պահանջները ի ցույց դնելով, մեկ՝ վետերանները, մեկ էլ՝ փախստականները։ Կառավարական շենքի պատուհանից ամեն ինչ երեւում է, բայց Ստրասբուրգը՝ բոլորովին։ Չնայած Ստրասբուրգը չի երեւում, բայց արդեն գիտենք, որ 123 «կողմ», 0 «դեմ» եւ 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանական վեհաժողովը երաշխավորեց ՀՀ-ի լիիրավ անդամակցությունը Եվրախորհրդին։ Նկատեցի՞ք. ոչ թե ՀՀ-ն դարձավ Եվրախորհրդի անդամ, այլ՝ երաշխավորվեց նրա անդամակցությունը։ Եվրոպացի դառնալու ճանապարհը մենք դեռ պետք է անցնենք, եւ ոչ մի կապ չունի՝ մեզ երաշխավորե՞լ են անցնել այդ ճանապարհը, թե՞՝ ոչ։ Թերեւս մի ժամանակ ավելի էինք մոտ այդ ճանապարհին, քան՝ այսօր։ Կառավարության նիստերը լուսաբանելը եւ պաշտոնյաներից ինֆորմացիա ստանալը մի քիչ ավելի քաղաքակիրթ հիմքերի վրա էր՝ նիստից հետո, օրակարգի կարեւոր հարցերի շուրջ նախարարներից մեկը ճեպազրույց էր կազմակերպում։ Հիմա նույնիսկ նիստի օրակարգը նախօրոք չի տրվում լրատվամիջոցներին։ Պատճառաբանությունը հետեւյալն է. գուցե ինչ-ինչ հարցեր չքննվեն կամ վերջին պահին դուրս գան օրակարգից։ Կառավարական շենքի լուսամուտից ուրիշ հետաքրքիր բաներ էլ են երեւում, օրինակ՝ երթուղային տաքսու վարորդի հետ կռիվ տվող մի ոստիկան, որը քրտինքի ծով էր դարձել։ Ոստիկանի ձայնը կառավարական շենքի պատուհանից չի լսվում, բայց դեմքի պրկվածությունից եւ կարմրությունից զգացվում էր, որ ոստիկանի ձայնի տոնայնությունը եվրոպական չէր։ Հետաքրքիր է, 7 «ձեռնպահ» քվեարկածները ծանո՞թ էին այս ոստիկանի հետ։ Երեւանում իսկական տժտժան ամառ է, բայց մեր նախարարները եւ վարչապետը շատ պարտաճանաչ պահպանում են արարողակարգը՝ կոստյումով ու փողկապով էին ներկայացել նիստին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել