Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 30,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՍՈՎ ԵՆ… Եվրախորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության քվեարկությունների առնչությամբ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Միանշանակ երեւում է, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները եւ գործընթացները շատ ավելի դրական են գնահատվել, քան Ադրբեջանինը։ Բայց, համենայն դեպս, զուտ քաղաքական եւ նաեւ տարածաշրջանում հավասարակշռության առումով՝ երկուսի անդամակցությունը միասին է դրվում։ Մենք դրական ենք վերաբերվում համատեղ անդամակցությանը, որովհետեւ դա կօգնի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը»։ … ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ԱՆՈՒՄ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադեն «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե որքանո՞վ կնպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանն այն, որ հարեւան պետություններն անդամակցելու են եվրոպական ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկին, պատասխանել է, թե չի կարծում, որ դա լուրջ խթան կլինի վեճը լուծելու համար. «Մի՞թե ոչ պակաս հեղինակավոր կառույցների՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անդամ լինելը լուծել է հարցը»։ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ՞ ԵՆ ՍԽԱԼ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՄԱՐ «Հայկական ավիաուղիների» օդաչուների աշխատավարձն ուշանում է 2-3 ամսով: Մի օդաչու, որը չցանկացավ բացահայտել իր անունը, պատմում է, որ աշխատավարձ ստանալու «մեխանիզմը» հետեւյալն է: Ամեն օր նա ստիպված է լինում առավոտյան ժամը 4-ին գնալ օդանավակայան եւ աշխատավարձի հերթ կանգնել, որպեսզի ցերեկը ժամը 16-ին աղոտ հույս ունենա աշխատավարձ ստանալու: Վերջերս մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ստանալ 3 ամսվա աշխատավարձը: «Ավիաուղիների» ղեկավարությունը նման վիճակը բացատրում է նրանով, որ ձեռնարկությունը մեծ պարտքեր ունի, մասնավորապես, A-310 ինքնաթիռի համար: Սակայն պարզ չէ, թե ինչու դրա համար պետք է տուժեն օդաչուները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել