Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ Թերեւս Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է 8 տարվա վաղեմության համաձայնագրին վերաբերող օրինագիծ ընդունելը։ Իսկ երեկ ԱԺ-ն 59 «կողմ», 7 «դեմ» եւ 10 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկատնտեսական օգնությունների վերահսկումը հեշտացնելու մասին 1992 թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված «հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» օրինագիծը։ Բնական է, որ պատգամավորներին պիտի հետաքրքեր, թե ինչո՞ւ է այս նախաձեռնությունը միայն այժմ ներկայացվում, եւ ո՞վ է առանց խորհրդարանի վավերացման գործարկել համաձայնագրով նախատեսվող արտոնությունները։ Սակայն կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արժանի հակահարված տվեց՝ հիշեցրեց, թե ինչ իրավիճակ էր 1992-ի դեկտեմբերին եւ եթե այն ժամանակ վարչապետը 2-3 ամիս կորցներ ԱԺ-ի վավերացմանը հասնելու համար՝ այսօր նրան «ազգադավ» էին անվանելու. «Այո՛, պայմանագրում եղել է խախտում, բայց ես համարում եմ, որ այդ խախտումը շատ ավելի մեծ օգուտ բերեց այդ վիճակում։ Եվ առաջարկում եմ, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են մեղավորներ փնտրել՝ հիշեն այդ տարին եւ փորձեն գնահատական տալ, թե ինչն էր ավելի ճիշտ՝ 1992-ի դեկտեմբերի՞ց ստանալ այդ թեկուզ չնչին օգնությունը, թե՞ ձգել այն մինչեւ մարտ, երբ շատերը միգուցե մինչեւ գարուն արդեն չէին հասնի։ Ես խնդրում եմ դրա մասին խորհել։ Համարում եմ, որ Հրանտ Բագրատյանի կատարած քայլը շատ կարեւոր էր՝ որպես փոխվարչապետ ստորագրելով այս համաձայնագիրը, այն անմիջապես համարեց ուժի մեջ գտնվող եւ հենց հաջորդ օրվանից կատարեց հերթական քայլերը»։ Պետք է նաեւ նշել, որ այս համաձայնագրի մասին հիշել եւ ուշացումով սխալն ուղղել էին վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Եթե նրանք նույն գործընթացը նախաձեռնեին նաեւ 1996-ի մարտի 19-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, որը նույնպես չէր վավերացվել ԱԺ-ի կողմից՝ Արշակ Սադոյանը կզրկվեր գազի դիմաց մեր պարտքը ճանաչելու համար Հայաստանի առաջին նախագահին մեղադրելու պատրվակից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել