Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

Կազինո «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը որոշակի խուճապ է առաջացրել խաղասրահների եւ խաղատների ղեկավարների մեջ։ Զրուցեցի նրանցից միայն երկուսի հետ (միայն մեկը համաձայնեց իր անունից ինչ-որ բան ասել). ըստ ներկայանալ չցանկացող, բայց բավական հայտնի խաղատան տնօրենի, այս օրենքի նախագիծը ֆիննախին տրված քաղաքական պատվեր է, որի հետեւում լուրջ ուժեր են կանգնած (տրվեցին անուններ, սակայն քանի դեռ այդ բարձրաստիճան մարդկանցից չենք ստուգել իրենց հասցեին հնչած մեղադրանքները, անուններ չենք հրապարակի- Լ. Ա.)։ Վերոնշյալ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ «Երեւան քաղաքում խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին բավարարող հյուրանոցներում եւ մոթելներում»։ Թե ինչպես են իրենց գործունեությունը գործող խաղասրահներն ու կազինոները համապատասխանեցնելու նոր օրենքին, փորձեցի ճշտել «Աստղային ժամ» համալիրի տնօրեն Արամ Մկրտչյանից (համալիրը նաեւ խաղատուն ունի)։ Ըստ պարոն Մկրտչյանի՝ օրենքը նախատեսում է, որ խաղատները քաղաքից պետք է տեղափոխվեն հատուկ տարածքներ կամ տեղակայվեն ինչ-ինչ չափանիշներ ունեցող հյուրանոցներում միայն, եւ դա ընդունված ու գործող կարգ է շատ երկրներում, ուր նորմալ տնտեսական եւ շուկայական հարաբերություններ են. «Մեզ համար դա, ամենաքիչը, աննորմալություն է։ Սոցիալական այսպիսի հարաբերությունների վիճակում կազինոները, խաղասրահները տեղափոխելը բավական լուրջ ծախս է, ընդ որում՝ անիմաստ ծախս։ Առանց այդ էլ, մենք իրավունք չունենք լրացուցիչ ծախսեր կատարել։ Չի՛ կարելի»։ Անկախ խաղատների տերերի կամքից՝ օրենքի նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց։ Ըստ այդմ՝ կազինոների ղեկավարները մեծ ընտրություն չունեն՝ կա՛մ պետք է շարժվեն օրենքով եւ տեղափոխվեն հյուրանոցներ, կա՛մ հրաժարվեն խաղային բիզնեսից։ Զրուցակիցս այս հարցին այսպես պատասխանեց. «Թող օրենքն ընդունվի, դրանից հետո ես՝ որպես առողջ բիզնեսմեն, կանեմ որոշակի հաշվարկներ. եթե ինձ ձեռք տա տեղափոխվել քաղաքից դուրս, իսկ դա կբխի հաշվարկից, ոչ թե իմ ցանկությունից կամ օրենքի պահանջից, ես կտեղափոխվեմ։ Եթե ձեռնտու չլինի, կփակեմ»։ Հետաքրքիր է, որ խաղատները բյուջե ոչ քիչ գումարներ են փոխանցում. յուրաքանչյուր խաղային ավտոմատից ամսական 50 հազար դրամ գումար է գնում պետական գանձարան. սա հաստատագրված վճար է։ Խաղասրահ կամ կազինո բացելու համար ստացված լիցենզիայի համար էլ խաղատները տարեկան մեծ գումարներ են մուծում բյուջե։ Մասնավորապես, պրն Մկրտչյանի խաղասրահը լիցենզիայի համար 600 հազար դրամ է մուծում։ Մյուս զրուցակիցս թեեւ ավելի անկեղծ էր, բայց ավելի զգուշավոր. հրապարակել իր ունեցած իրո՛ք լուրջ ինֆորմացիան, եւ այդպիսով, ինչպես ինքն ասաց, վտանգել ոչ միայն իր բիզնեսը, այլեւ կյանքը, նա չցանկացավ։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել