Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

ԼԱՍ ՎԵԳԱՍ ԴԱՐՁԱԾ ԻՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Վարդան Այվազյանը, որ Չարենցավանի նախկին քաղաքապետն էր, երեկ հայտարարեց, թե կողջունի, եթե բոլոր խաղատները տեղափոխեն Չարենցավան՝ այսպիսով կլուծվի նախկին արդյունաբերական կենտրոն, այժմ մեռնող քաղաքի աշխատատեղերի խնդիրը։ «Կայունություն» խմբի ղեկավարի մոտ այս գաղափարը ծնվեց, երբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի քննարկման ժամանակ յուրօրինակ մրցություն սկսվեց, թե ով ավելի հեռու կուղարկի խաղատները։ Հիշատակվեց, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովում նախնական քննարկման ժամանակ խաղատները Հայաստանում ընդհանրապես արգելելու մտադրություն է եղել (երեւի առաջարկողը նախորդ օրը խաղատանը խոշոր գումար էր տանուլ տվել)։ Կառավարության այս օրինագծում առաջարկվում էր Երեւանում խաղատուն կամ շահումով խաղեր կազմակերպել միայն բարձրակարգ հյուրանոցներում եւ մոթելներում։ ԱԺ-ում երեկ քննարկվում էր կազինոները միայն առողջարանային քաղաքներում՝ ասենք, Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում կամ Սեւանա կղզում թույլատրելու հարցը։ … 1998-ի օգոստոսին ԱԺ-ն ընդունեց հաստատագրված վճարների մասին օրենքը, որտեղ Երեւանի կենտրոնում գտնվող խաղատների համար ավելի բարձր դրույքաչափեր էին սահմանել, քան ծայրամասերում եւ Երեւանից դուրս գտնվողների համար։ Հայտարարված նպատակը կազինոները Երեւանի ծայրամասեր մղելն էր, մինչդեռ դրանից հետո խաղատները կենտրոնում ավելի շատացան։ Այս «առեղծվածը» պարզելու համար, նաեւ այն մտահոգությամբ, թե հիմա էլ նույնը կկրկնվի՝ դիմեցինք ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանին։ Նա համաձայնեց, որ չնայած տարբերակմանը եւ հարկերի զգալի տարբերությանը՝ «Այստեղ գործառությունն, իհարկե, շատ ավելի ակտիվ է եւ այդ տարբերությունը փաստորեն բավարար չեղավ, որ Երեւանից դուրս տեղափոխվեին։ Սրանով պայմանավորված, կառավարությունն առաջարկել է տարբերակումը երկու անգամ ավելացնել»։ Խորհրդարանի ամբիոնից Գագիկ Արզումանյանն ամենաթարմ տվյալները հրապարակեց, որ հունիսի 27-ի դրությամբ շահումով խաղերի լիցենզիա ունեն 65 սուբյեկտներ, որոնցից միայն մեկն է Գյումրիում, մնացածը մայրաքաղաքում են. «Իհարկե, սրանցից ոչ բոլորն են գործում»։ Իսկ խաղատան կազմակերպման լիցենզիա ունեն 15 սուբյեկտներ։ Հաշվի առնելով, որ խաղատներ հանդիպում են գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ՝ պետք էր ենթադրել, որ կամ շատերն առանց լիցենզիայի են գործում, կամ էլ, որ այս բիզնեսի տերերի շրջանակը խիստ նեղ ու սահմանափակ է։ Իհարկե, հասկանալի է, որ խաղատների իրական տերերը եւ լիցենզիա ստացողները երկու մեծ տարբերություններ են, բայց մենք այսուհանդերձ պրն Արզումանյանին խնդրեցինք նշել այդ 15 անունները։ «Փակ տեղեկատվություն չկա, թե ովքեր ունեն լիցենզիա»,- ասաց փոխնախարարը եւ թվարկեց խաղատների լիցենզիա ունեցողներին եւ այնտեղ նշված հասցեները «Ռուզաննա Վարդանյան եւ ընկերներ» (Մաշտոցի պողոտա), «ԱՌՍ» ՍՊԸ (Բայրոնի փողոց), «Արագած» ՍՊԸ (Նալբանդյան 50), «Բիգ ֆորտունա» (Մաշտոցի 20ա), «Ոսկե թագ» (Գրիբոյեդովի 5 շենք, բն. 1), «Առնո» ՍՊԸ (մետրո «Բարեկամություն» ստորգետնյա անցում), «Նիկա պրիմ» (Մոսկովյան 31), «Հայր եւ որդի Երիցյաններ» (Աբովյան 21), «Խնուս» ՍՊԸ (Կոմիտաս 56), «Գլորիա» ՍՊԸ (Թումանյան 31), «Ասատր» ՍՊԸ (Թումանյան 34), «Լեյժր գեյմս» (Ամիրյան 12), «Էվերեստ» (Մաշտոցի 18), «Աստաֆյան» (Աբովյան 5/1), «Ոսկե դարպաս» (Բայրոնի 2/1)։ Թերեւս լրագրողական հետաքննության նյութ է, թե ովքեր են այս ՍՊԸ-ների ետեւում։ Այս գերշահութաբեր բիզնեսից պետբյուջեին էլ է որոշակի օգուտներ հասնում։ Սակայն հաստատագրված վճարներից եւ լիցենզիայի դիմաց պետտուրքից բացի՝ խաղատների եւ շահումով խաղերի գործունեության այլ տվյալներ՝ մասնավորապես շրջանառության ծավալների կամ շահութաբերության վերաբերյալ, ըստ պրն Արզումանյանի՝ «Պարզապես անհնարին է ներկայացնել՝ պայմանավորված գործունեության առանձնահատկություններով»։ Չնայած օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, այսուհանդերձ՝ պատգամավորները նույնքան անհնարին էին համարում այս օրենքով նախատեսվող որոշ պայմանների կատարումը։ Ասենք, որ արգելվում է 18 տարին չլրացածների մասնակցությունը շահումով որեւէ խաղի։ «Ո՞նց եք արգելելու՝ կազինոներում անձնագրային ռեժի՞մ եք մտցնելու»,- կիսահեգնական հարց տվեց Վարդան Այվազյանը։ Մարզերի տնտեսական համաչափ զարգացման նպատակով` Չարենցավանում խաղատներին ապաստան տալու վերաբերյալ նրա առաջարկն էլ Ֆիլարետ Բերիկյանի հեգնանքին արժանացավ։ «Այդ դեպքում կազինոները տեղափոխեք սահմանամերձ գոտի,- հակադարձ առաջարկ արեց նա։- Ու թող այնտեղ մեկնեն զրահապատ մեքենաներով, այլ ոչ «Մերսեդես»-ներով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել