Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

Ո՞ՒՄ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Հավաստի, բայց ոչ պաշտոնական մեր աղբյուրները վկայում են կադրային նոր փոփոխությունների մասին։ Ըստ մեր տեղեկությունների, Ռ.Քոչարյանը մտադիր է պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Վերջինիս պաշտոնում՝ որպես հավանական թեկնածու, նշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ժամանակին եղել է Կոտայքի մարզպետը, իսկ այսօր Ստրասբուրգում «կարգավորում» է Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հարցը։ Ըստ այլ աղբյուրների, այս որոշումն այնքան էլ անակնկալ չի լինի այն իմաստով, որ առժամանակ առաջ, Ռ. Քոչարյանը Հովհ.Հովհաննիսյանին խոստացել էր Եվրախորհրդին անդամակցելու հարցը բարեհաջող լուծելուց հետո վերջինիս ոչ միայն պաշտոն, այլեւ շքանշան տալ։ ԿՆՅԱԶԻ ԲԱՆԱՎՈՐ ՀՐԱՀԱՆԳՈՎ «Նաիրիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ի աշխատակիցներից մեզ ասացին, որ գործարանում աշխատավարձ տալու հարցում անարդարություններ են տեղի ունենում։ 1998 թ. աշխատավարձ տվել են գործարանի արտադրական ցեխերին։ Իսկ վարչության աշխատակիցներին «Նաիրիտի» գլխավոր հաշվապահ Կնյազ Մուրադյանի բանավոր հրահանգով չեն տալիս 1998 թ. հոկտեմբերի աշխատավարձը, ասելով, թե «Առայժմ մոռացեք 98-ի հոկտեմբերինը»։ Նշենք, որ «Նաիրիտում» բոլոր աշխատողների 1999 թ. ամբողջ աշխատավարձերը ընդհանրապես չեն տվել մինչ օրս, «սառեցվել է», իսկ 2000 թ. մայիսինը նոր-նոր սկսել են բաժանել։ Տեղեկացնենք, որ այդ գործարանի աշխատակցի աշխատավարձը 14-20 հազար դրամ է։ Մարդիկ բողոքում են, որ կամ ընդհանրապես փող չեն տալիս, կամ էլ՝ միայն մի մասին են տալիս։ ՄԱՅՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է Երեկ գիշերը հանրակացարանի իր բնակարանում դանակի երեք հարվածներից սպանվել է ՊՆ հաշվողական կենտրոնի բաժնի վարիչ, 1964 թ. ծնված, մայոր Արսեն Մանուկյանը։ ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ երկու շաբաթ առաջ հիշյալ կենտրոնի ղեկավարն ազատվել էր աշխատանքից, իսկ կենտրոնն ընդհանրապես ենթակա է լուծարման։ Դեպքի կապակցությամբ որեւէ մանրամասն առայժմ չկա։ Սեփ. լր. ՄԵՂՄԱՑՈՒՄՆԵՐ Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ՆԳՆ աշխատակից Արթուր Հակոբյանի մասով կարճվել է քրեական գործի վարույթը: Այս մասին ասաց Ա.Հակոբյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ավելացնելով, որ զինդատախազությունը գործի վարույթը կարճել է նկատի ունենալով, որ մեղադրյալը կատարել է անզգույշ հանցագործություն, զղջացել է, շուրջ 6 ամիս գտնվելով նախնական կալանքի տակ ու հեռացվելով ՆԳ համակարգից, կրել է տուգանք եւ իրավունքի սահմանափակում: Հիշեցնենք, որ Ա.Հակոբյանը մեղադրվում էր պաշտոնեական անփութության մեջ: Զինդատախազությունն այսօր փոխել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Էդվարդ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալը: Այս մասին ասաց նրա պաշտպան Վարդան Սաֆարյանը, ավելացնելով, որ նախաքննության սկզբում ահաբեկչությունն իրականացրած զինված խմբի անդամ Է.Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել հայրենիքի դավաճանության, տեռորիստական ակտի, մի շարք անձանց ազատությունից ապօրինաբար զրկելու, ապօրինի զենք պահելու, առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեության եւ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար: Պաշտպան Վ.Սաֆարյանի խոսքերով, Գրիգորյանին առաջադրված նոր մեղադրանքից վերջին՝ սպանության, հոդվածը հանվել է: ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել