Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 29,2000 00:00

«ՀԻՄԱ ԷԴ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԻՆՁ ՀԵՌԱՑՆԵԼ» ՀԺԿ փոխադարձ ձգողականության եւ փոխադարձ վանողականության հարցը, ըստ ամենայնի, դեռ շատ ջուր է վերցնելու։ Այն, ինչ ասում է կուսակցության եւ նրա որոշ գործիչների մասին Հմայակ Հովհաննիսյանը, անմիջապես հակառակվում է կուսակցության որոշ անդամների կողմից։ Վերջերս մեր թերթում Հմայակ Հովհաննիսյանը, թեպետ ասաց, թե ինքը «զազրախոսություններին չի պատասխանում», բայց որոշ պատասխաններ տվեց ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի՝ իր դեմ ասածներին։ Ի շարս այլ մտքերի, պարոն Հովհաննիսյանը մեզ խորհուրդ տվեց նաեւ իրեն կուսակցությունից հեռացնել-չհեռացնելու մասին հարցի պատասխանը փնտրել այն սկզբնական կազմակերպությունում, որում ինքը հաշվառված է։ Մենք հենց այդպես էլ վարվեցինք։ Կարծեք թե Հմայակ Հովհաննիսյանի բազմաթիվ հարցազրույցները եւ ելույթները տարբեր լրատվամիջոցներում, լցրել են նաեւ սկզբնական կազմակերպության անդամների համբերության բաժակը։ Կենտրոն համայնքի թիվ 6 սկզբնական կազմակերպության քարտուղար Արա Մարգարյանը կուսակցականների պահանջով երեկ բացառիկ պարզաբանումներ ներկայացրեց մեր ընթերցողներին։ Սակայն, մի քիչ ավելի հեռվից սկսենք։ Ուղիղ մեկ տարի առաջ Կենտրոն համայնքի թիվ 6 սկզբնական կազմակերպությունը որոշում էր կայացրել Հմայակ Հովհաննիսյանին կուսակցությունից հեռացնելու մասին։ Քանի որ պարոն Հովհաննիսյանը կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, հարցը պետք է վերջնական լուծում ստանար հենց քաղաքական խորհրդում։ Այդ ժամանակ, Կարեն Դեմիրճյանի բարի կամքի շնորհիվ հարցը ընթացք չստացավ եւ Հմայակ Հովհաննիսյանը մնաց կուսակցությունում։ Այս տարի հունիս ամսին սկզբնական կազմակերպությունը երկու անգամ ժողով է հրավիրել, որոնց օրակարգը գրեթե նույնն էր, ինչ անցած տարի. Հմայակ Հովհաննիսյանի պահվածքի եւ թերթերում հրապարակած հարցազրույցների կապակցությամբ։ Երկու ժողովներին էլ Հմայակ Հովհաննիսյանը չի մասնակցել. երկրորդից բացակայել է այն պատճառաբանությամբ, որ Ստրասբուրգ է մեկնելու, իսկ առաջին ժողովին չի մասնակցել այն պատճառաբանությամբ, թե հակականոնադրական է, որ սկզբնականի եւ խորհրդի նիստերը միասին լինեն։ Ժողովները տեղի են ունեցել առանց Հմայակ Հովհաննիսյանի եւ քննարկվել են վերջինիս ելույթներն ու հարցազրույցները։ Մասնավորապես բուռն քննարկվել է թերթերից մեկում հրապարակված հիշյալ միտքը. «Հիմա էդ ո՞վ կարող է ինձ հեռացնել, եթե կա այդպիսի մեկը, թող կանգնի իր բոյ-բուսաթով ու նման հայտարարություն անի։ Նրանք ովքե՞ր են, որ ինձ հեռացնեն»։ Ժողովներում հնչած ելույթները (ծանոթ ենք ժողովների արձանագրություններին միայն) բուռն են եղել եւ երկու առաջարկ է արվել. 1) Որոշում ընդունել հենց այսօր (ժողովի օրը) եւ վտարել կուսշարքերից։ (Այս առաջարկին կողմ է քվեարկել 2 հոգի, 9-ը դեմ են եղել)։ 2) Հրավիրել երրորդ եւ վերջին ժողովը՝ տեղյակ պահելով Հ. Հովհաննիսյանին եւ իր ներկայությամբ քննարկել իր պահվածքը։ Այս առաջարկին կողմ է քվեարկել 9 մարդ, դեմ է եղել 2-ը։ Ըստ էության, սա հենց այն որոշումն է, որը պետք է եւ Հմ. Հովհաննիսյանի սրտով լիներ, մանավանդ ինքն է ասել. «ՀԺԿ կանոնադրությամբ նման անհատական հարցերը պետք է քննարկվեն անձամբ տվյալ անդամի մասնակցությամբ։ Կուսակցական կանոնադրությունը մարդու ետեւից բամբասանքներ չի նետում, նման հարց չկա եւ չի կարող լինել»։ Մնում է, որ Հմայակ Հովհաննիսյանն իր պատվին հրավիրված երրորդ ժողովից չբացակայի։ Վերջում մեջբերենք Կենտրոն համայնքի թիվ 6 սկզբնական կազմակերպության քարտուղար Արա Մարգարյանի՝ հունիսի 23-ի ժողովի ելույթից մի հատված. «Ցանկալի կլիներ գար եւ նայելով մեր աչքերին, բացատրություն տար իր վարքագծի, գրված հոդվածների, ելույթների վերաբերյալ։ Գուցե կան նրբություններ, որոնք մենք չենք հասկանում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել