Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԱԳՆ-Ն ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ Եվ ոչ միայն Վերջերս արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միության հայ-ռուսական բարեկամության խմբի կազմակերպած «Բաց երկխոսություն» հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը քննադատության էր ենթարկել արտգործնախարարության գործունեությունը։ Տպագիր լրատվամիջոցներից որեւէ մեկը չի լուսաբանել այս հանդիպումը, մինչդեռ պրն Հովհաննիսյանի դատողությունները բավական ուշագրավ են։ Այսպես, նա հայտարարել էր. «Դիվանագիտական ծառայության մեջ մեծ նվաճումներ չեմ տեսնում, բայց գիտեմ, որ արտգործնախարարությունն այն խողովակն է (երբեմն միակը), որը պետք է ապահովեր մեր երկիր ե՛ւ ներդրումներ, ե՛ւ երկրի ճիշտ իմիջը, ե՛ւ, ի վերջո, Հայաստանի համար գտներ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական գործընկերներ միջազգային բեմում։ Դա չի արվել եւ դա է պատճառն իմ քննադատության»։ Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ մոտ օրերս առիթ կլինի խոսելու արտգործնախարարության գործունեության մասին, ասելիքը շատ է։ Իսկ առայժմ, մի հանգամանք էլ է հավելել. «Արտասահմանում աշխատող դիվանագիտական մեր համակարգը եւ ցանցի այն հատվածը, որ Երեւանում է՝ իրարից կտրված են։ Ես դա նկատում եմ եւ տեսնում, որ փաստորեն անիվներ կան մեր պետության մեջ, որոնք պտտեցնելու համար ահագին ծախս է պետք, բայց որոնք պտտվելով՝ իրենք ոչ մի ուրիշ անիվ չեն պտտեցնում։ Այսինքն, ես չեմ տեսնում արտգործնախարարության վրա ծախսվող բյուջետային միջոցներին համապատասխան աշխատանքի արդյունավետությունը»։ Վահան Հովհաննիսյանն ԱԳՆ-ին զուգահեռ քննադատել է նաեւ տարվող ամբողջ քաղաքականությունը։ Ահա մի քանի դրույթ՝ «ձեռնոցների պես» փոխվում են կառավարությունները, բայց միշտ նույն դեմքերն են, մարդիկ փոփոխությունների հույս չունեն, որովհետեւ որոշված չէ, թե ինչ ենք ուզում՝ ազգային ծրագիր չկա, բարեփոխումների մասին բոլոր խոսակցությունները «բլեֆ են», քանի որ որոշված չէ, թե ինչ երկիր ենք ունենալու տարիներ անց. «Մենք չգիտենք, թե ինչ տարածքների վրա ենք առաջիկայում ծավալելու մեր պետությունը։ Մենք չենք որոշել, ինչ տիպի պետություն է դա լինելու։ Չենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Չգիտենք, թե մեր անվտանգությունն ապահովելու համար որքան բնակչություն է անհրաժեշտ։ Իսկ կառավարությունների փոփոխություններով նման հարցեր չես լուծի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել