Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

«Շուտով նորից մութը գալու է» Սա ՀՀ էքսվարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի կանխատեսումն է։ Նրա ասելով, եթե այսպես շարունակեն կառավարել երկիրը, ուրեմն՝ ոչ մի լավ բան սպասելի չէ։ Երեկ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիս էր հրավիրել ԱԺ անկախ էներգետիկ հանձնաժողովի հայտնի զեկույցին պատասխան տալու նպատակով։ Առավել մանրամասն չենք անդրադառնա պարոն Բագրատյանի ասածներին, քանի որ մեր թերթը տպագրել է «21-րդ դար» եւ «Ազատություն» կուսակցությունների վերլուծաբանների հակազեկույցը, որում ամեն ինչ մանրամասն ներկայացված է եւ որի հետ համամիտ է նաեւ Հրանտ Բագրատյանը։ Նախ, Բագրատյանը ներողություն խնդրեց, որ տարածքն ասուլիսի համար այնքան էլ հարմար չէ. «Դե, ինչ ասեմ, այնքան ժլատ ենք, որ թալանածի մի մասով շենք չենք գնում, որ կարգին մամուլի ասուլիս կազմակերպենք»։ Սա, իմիջիայլոց, իսկ ընդհանրապես, Հրանտ Բագրատյանը հայտարարություն արեց այն մասին, որ ինքը նամակներ է ուղարկել դատախազին՝ քրեական գործ հարուցելու մասին։ Թեպետ իր ասելով՝ «տհաճ է, որ Բագրատյանի նման մարդն է նման բաներով զբաղվում, բայց միեւնույն ժամանակ, եթե ես չանեմ, ոչ ոք չի անի։ Բոլորը կոմֆորմիստի պես կգերադասեն լռել, ինչի վրա էլ հենց հաշվարկ էր արել հանձնաժողովը»։ Բագրատյանի ասելով՝ «Հանրապետությունը մտել է փոխադարձ մեղադրանքների եւ խառնակչության, մուտիլովկայի մի փուլ, որից դուրս չենք գալու։ Կործանելու ենք այս պետությունը, մենք արդեն գործ արած մարդկանց փնովում ենք, արդեն պատերազմի հերոսին սպանում ենք դավադրաբար»։ «Ես պատիվ ունեմ, ես չգիտեմ՝ մյուսներն ինչպե՞ս, ես ապահովել եմ լույսը, ես ընդունել եմ կառավարությունը, երբ չորս կմ-անոց հացի հերթ կար, իսկ մեկ տարի հետո արդեն հացն ազատ էր, ես ընդունել եմ 15 հազարանոց բանակ՝ դարձել է 75 հազար, ապահովելով հիմնական հաղթանակը»,- ասաց Հրանտ Բագրատյանը եւ լրացրեց, թե չի կարելի հանդուրժել պատմության կեղծիքը։ Բագրատյանի ասելով ԱԺ էներգետիկ հանձնաժողովը «իրականացրել է երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական պատվերը։ (…) Ես չեմ բացառում, որ այդ փաստաթղթով (հանձնաժողովի զեկույցի մասին է խոսքը- Մ. Ե.) գաղափարական, հոգեբանական հիմք է ստեղծվել հաջորդ ահաբեկչությունների, հաջորդ սպանությունների համար»։ Բագրատյանի խոսքում հարցերը շատ էին, օրինակ, այսպիսի. «Ո՞ւր են հասցնելու հասարակությանն այդ հիվանդ մարդիկ, ոչինչ չասող մարդիկ, անինտելեկտ։ Իրենք ի վիճակի են միայն բացասական կրքերը բորբոքել։ Վազգեն Մանուկյանը եւ Արշակ Սադոյանն ինձ հիշեցնում են Գայոս եւ Տիբերիոս եղբայրներին։ Ինչքան մեծ է եղել նրանց հեղինակությունը, այնքան դժբախտ է լինելու նրանց ավարտը։ Այդպիսի պոպուլիստներին պարզապես շպրտեցին գետը»։ Բագրատյանը խնդրեց «ջենտլմենաբար», որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Բագրատյանը փորձում է իրենից վանել որեւէ մեղադրանք։ «Մեղադրանք կա՞, մեղավոր կա՞, դատեք, դատախազությունն էլ է ձերը, դատարանն էլ է ձերը։ Ուրեմն կնշանակի՝ այնքան փաստ չունե՞ք, որ անգամ ձեր մարդկանց հրահանգեք ձեր ուզած սցենարով որեւէ գործ բացել»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել