Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ՈՀ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ… ԴԵՊԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ Այսօր, կեսգիշերին մոտ կվճռվի այն հարցը, թե արդյոք Հայաստանը մաս կկազմի Եվրախորհրդին։ Մեր մամուլում ամբողջապես չի հրապարակվել, թե ինչ պարտավորություններ է ստանձնում Հայաստանը այս բաղձալի նպատակին հասնելու համար։ Առավել սուր զգացողությունների տեղիք տվեց հետեւյալ պարտավորությունը՝ «ապաքրեականացնել չափահասների միջեւ փոխադարձ համաձայնությամբ հոմոսեքսուալ հարաբերությունները»։ Բանավեճերի տեղիք տվեց նաեւ այն պարտավորությունը, ըստ որի պիտի համաներում հայտարարվի զինվորական ծառայությունից կրոնական շարժառիթներով հրաժարվածների նկատմամբ եւ նրանց թույլատրվի զինծառայությունն անցկացնել «ոչ ռազմականացված ստորաբաժանումներում» կամ այն փոխարինել քաղաքացիական ծառայությամբ։ Դարձյալ հայտնի է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Շպինդելեգերի առաջարկած վերջին փոփոխություններից է. «Հավաստիանալ, որ խորհրդարանը լիովին տեղեկացվում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ գործի ընթացքի մասին»։ Այս հանձնաժողովի այլ հետեւություններից շատերը նույնպես ուշագրավ են, սակայն առայժմ անտիպ են մնացել։ Եվ այսպես, հունիսի 6-ի դրությամբ Հայաստանին առաջարկվում էր պարտավորություն ստանձնել, որ ա) երաշխավորում է «կալանավայրերի համակարգի լայն բարեփոխումները, այդ թվում՝ ապառազմականացումը», բ) Եվրախորհրդին անդամակցությունից հետո երկու տարվա ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն պիտի տրվի նաեւ կառավարությանը, գլխավոր դատախազին, բոլոր մակարդակների դատարաններին, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ քաղաքացիներին (այս պարտավորությունը կատարելու համար պիտի համապատասխան փոփոխություն արվի Սահմանադրության մեջ ու նաեւ ՍԴ-ի մասին օրենքում), գ) չպիտի ստորագրենք եւ վավերացնենք ԱՊՀ երկրների մարդու իրավունքների կոնվենցիան՝ առանց Եվրոպայի խորհրդի նախնական համաձայնության, դ) անմիջապես պիտի ստեղծվի, Եվրախորհրդի նորմերի համաձայն, քաղմասերում, նախաքննչական մեկուսարաններում, բանտերում, բանակում «վատ վերաբերմունքի դեպքերի մասին ստացված գանգատների համար մոնիտորինգի ընթացակարգ եւ հավաստիանալ, որ այդպիսի գործողությունների համար մեղավորները կպատժվեն՝ գործող օրենքի համաձայն»։ Հայաստանին առաջարկվում է նաեւ պարտավորվել, որ լիարժեքորեն իրականացվելու են Արդարադատության խորհրդի եւ դատական համակարգի բարեփոխումները։ Երաշխավորվելու է դատավորների լիարժեք անկախությունը եւ փաստաբանների՝ առանց սահմանափակումների գործունեությունը։ Նաեւ առանձին պարբերություն կա «լքված կամ օրենքի հետ հակասության մեջ գտնվող երեխաների ճակատագրի հանդեպ» առանձնահատուկ ուշադրություն դարձնելու մասին։ Այսուհանդերձ, ԵԽ ԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը կողմ էր արտահայտվել Հայաստանի անդամակցությանը եւ գտել, որ իրավական ու մարդու իրավունքների ոլորտում. «Հայաստանը հասել է այն նվազագույն մակարդակին, ինչն անհրաժեշտ է Եվրախորհրդին անդամակցելու համար, բայց պետք է շարունակի բարեփոխումների ճանապարհը»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել