Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնվում որոշ լրատվամիջոցներում «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության նախագահ Հրանտ Վարդանյանի անձին եւ ընկերությանը վերաբերող հրապարակումների առթիվ: Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում «հրապարակումներում ոչ մի լավ բան չտեսնելու անթաքույց միտումի, դիմակայության գաղափարի անձնավորման, անձնական վիրավորանքների մակարդակի իջեցված տոնի համար»: ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ Այս վերնագրով է երեկվա «Նեզավիսիմայա գազետան» տպագրել Վրաստանի տրանսպորտի եւ կոմունիկացիաների հարցերով գլխավոր պետական խորհրդական Դմիտրի Կոտետիշվիլիի հոդվածը: Հոդվածագիրը նշում է, որ մոտ երկու տարի առաջ երկաթգծային համագործակցության մասին քառակողմ պայմանագրին (Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Վրաստան) միացել են նաեւ Ղրղըզստանը եւ Բուլղարիան: Եվրասիական միջանցքի գաղափարի հանդեպ մեծանում է Չինաստանի եւ Ճապոնիայի հետաքրքրությունը: Ըստ հոդվածի, Վրաստանն այսօր մաս է կազմում ՄԱԿ-ի տնտեսական հանձնախմբի «Տրանսեվրոպական ավտոմայրուղիներ» (TEM) եւ «Տրանսեվրոպական երկաթուղիներ» (TER) ծրագրերի: Հրապարակման մեջ նշված է, որ Ռուսաստանն ակնհայտորեն դուրս է մնացել այդ գործընթացներից: ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ-խմբագիր Հարութ Սասունյանը վերջերս իր խմբագրականում նշել էր, թե «1992-ին, երբ Քլինթոնն էր դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուն, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց ԱՄՆ եւ չտեսակցեց Քլինթոնի հետ»։ «Առավոտը» պարզեց, որ 1992-ի հոկտեմբերին այցելելով Նյու Յորք՝ ՄԱԿ-ի նստաշրջանին, ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ էլ որեւէ այլ երկրի ղեկավար ՄԱԿ-ի շրջանակներից դուրս որեւէ հանդիպման կամ ընդունելության չէր մասնակցել՝ ո՛չ գործող նախագահի, ո՛չ էլ նախագահի թեկնածուի հետ։ ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՆ ԿՐՔԵՐ Այսօր Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր Ե. Քոչարյանի նախագահությամբ) քննության կդրվի Մասիսի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հայցը։ Փոխքաղաքապետը պահանջում է անվավեր ճանաչել քաղաքապետարանի 25.04 եւ 19.05.2000 թ. որոշումները, որով նախ «անհարգելի պատճառով ապրիլի 25-ին աշխատանքից բացակայելու համար» քաղաքապետը փոխքաղաքապետին տվել էր խիստ նկատողություն, իսկ ապա՝ մայիսի 22-ից քաղաքապետ Ս. Հակոբյանը փոխքաղաքապետին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Սակայն՝ «իր դիմումի համաձայն»։ Հայցվորը պատասխանող կողմից ակնկալում է ստանալ… «իր դիմումը»։ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված վետերանները պահանջում էին իրենց սոցիալական խնդիրների շուտափույթ լուծում։ Տարեց զինվորականների թիվ մեկ խնդիրն այն էր, որ իրենց կենսաթոշակները պահանջում էին հաշվել ոչ թե հին կարգով, այլ այնպես, ինչպես հաշվում են այսօր կենսաթոշակի գնացող զինվորականների կենսաթոշակները։ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ըստ Հելսինկյան ընկերակցության տվյալների՝ միայն 1999թ. ժամանակավոր պահման խցերում եւ մինչդատական մեկուսարաններում մահացել է 6 հոգի (դրանցից 5-ի դեպքում քրեական գործ չի հարուցվել)։ Իսկ ամեն ամիս բանակում խաղաղ ժամանակ ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով մահանում է միջին հաշվով 20 հոգի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել