Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՄԻԿԱՅԻ Ակնհայտորեն գերագնահատելով իր եւ իր ղեկավարած կազմակերպության դերը հայ ժողովրդի կյանքում, երեկ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հերթական անգամ փաստեց, թե, իր կարծիքով, Հայաստանի համար դեռ վաղ է դառնալ Եվրախորհրդի լիիրավ անդամ։ Այս կապակցությամբ նա իրավացիորեն վերհիշեց, որ կասկածի տակ են դրվում 95 եւ 99 թթ. խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրության ընդունման հանրաքվեն, 96 եւ 98թթ. նախագահական ընտրությունները եւ այլն։ Թվարկելով իր դիտարկումները՝ ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման առումով, Միքայել Դանիելյանը հայտարարում է, որ «Բոլոր նրանք, որոնցից կախված է այս հարցի լուծումը, պետք է հաշվի նստեն մեր կարծիքի հետ»։ Թեեւ խրոխտ տոնով ասված այս վերջին միտքն իրոք տպավորիչ է, սակայն «բոլոր նրանք, որոնցից կախված է այս հարցի լուծումը», ինչպես ցույց կտա ոչ շատ ուշ ապագան, չեն պատրաստվում հաշվի նստել պրն Դանիելյանի հետ։ Ինքը՝ Միքայել Դանիելյանն է լրատվամիջոցներին բաժանած իր ծավալուն դիտարկումներում համոզված գրում, թե «Հանրապետությունում իրականում ավտորիտար ռեժիմ է տիրում, եւ Հայաստանը վաղուց արդեն վերածվել է ռազմաոստիկանական պետության»։ Չգիտեմ ինչու, բայց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին եւ ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին հաճախ են շփոթում միմյանց հետ։ Այն էլ՝ մամուլով (ինքս էլ եմ նման առիթ ունեցել)։ Սա էլ է մարդու իրավունքների ոտնահարում եւ սա էլ պակաս կարեւոր հանգամանք չէ, որպեսզի Հայաստանին ոչ մի պայմանով չընդունեն Եվրախորհուրդ։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել