Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 28,2000 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այնպես է պատահել, որ Ֆրանսիայի ավիատորների գործադուլը, որն իր մասնակի եւ ամբողջական դրսեւորումներով արտահայտվեց նախընթաց օրերին՝ անուղղակիորեն, բայց, համենայնդեպս, որոշակի ներգործություն ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում գտնվող հայկական պատվիրակության աշխատանքների վրա։ Հունիսի 27-ին արդեն Ստրասբուրգում պետք է լիներ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն ֆրանսիացի ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հունիսի 26-ի Երեւան-Փարիզ ավիաչվերթը հետաձգվեց մեկ օրով։ Այնուամենայնիվ, Հայաստանի խորհրդարանի խոսնակը ժամանակին լինելու է տեղում եւ հունիսի 28-ին ելույթ է ունենալու ԵԽ ԽՎ նիստում։ Այս խորապատկերի վրա մանավանդ, առավել է ընդգծվում ադրբեջանական պատվիրակության ներկայությունը ԵԽ ԽՎ-ում։ Հունիսի 25-ին Ստրասբուրգի «Էնցիմ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Ազարբայջան» մակագրությունը կրող հատուկ ինքնաթիռը, որով ժամանել է Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի գլխավորած շուրջ 50 հոգիանոց պատվիրակությունը։ Ադրբեջանցիներն անընդհատ բանակցությունների մեջ են տարբեր քաղաքական խմբակցությունների եւ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ եւ պետք է ասել, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Ստրասբուրգում որքան ձեւական, նույնքան էլ գործնական նշանակություն ունեցավ։ Հակառակ մի խմբի, որն անընդհատ եւ միայն նկատվում է, մյուս խումբը լուրջ արդյունքներ է գրանցել, երկրի՝ ԵԽ անդամագրության ճանապարհին։ Ի մասնավորի, հունիսի 26-ին Երեւանի ժամանակով ժամը 22։30-ին սկսվեց ԵԽ ԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի դռնփակ նիստը, որի արդյունքում Ադրբեջանը լուրջ ձեռքբերումներ ունեցավ։ Միանգամից նշենք, որ ԵԽ ընդունվելու համար նրանց առջեւ դրված նախապայմանների կարգավիճակը փոխվեց եւ դրանք դարձան պարտավորություններ։ Դրանցից, թերեւս, ամենակարեւորը վերաբերում է աշնանը տեղի ունենալիք միլի մեջլիսի ընտրություններին։ ԵԽ-ն Ադրբեջանից պահանջում է, որ դրանք ազատ եւ արդար որակվեն ոչ միայն ընտրություններին մասնակցելիք կուսակցությունների մեծամասնության, այլեւ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից։ Այս տեղեկությունը հայ լրագրողներին փոխանցեց ԵԽ ԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Գունառ Յանսոնը, որի մատուցմամբ, Ադրբեջանը պարտավորվել է նաեւ ընտրություններն անցկացնել եվրոպական ստանդարտներին համապատասխանող ընտրական օրենսգրքով։ Երկրորդ հանգամանքը, որին անդրադարձել է ԵԽ ԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը, վերաբերում է ադրբեջանցի քաղբանտարկյալներին, որոնցից մոտ 100-ը վերջին մեկ-երկու ամիսներին ազատ է արձակվել։ Այս առիթով ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ կատակել է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում դեմոկրատացման առումով Ադրբեջանն ավելի շատ գործ է արել, քան նախորդած 7-8 տարիներին։ Ինչեւիցե, արդեն հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության հարցում, քննարկումների ժամանակ, ելույթ ունենալու ցանկություն է հայտնել շուրջ չորս տասնյակ պատգամավոր։ Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ միմյանց չխանգարելու եւ միայն աջակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Կողմերն են Հովհաննես Հովհաննիսյանը եւ Մուրթուզ Ալեսքերովը։ Այն էլ ասեմ, որ մեր ԱԺ պատվիրակությունը շարունակում է հանդիպումները ԵԽ ԽՎ տարբեր ֆրակցիաների եւ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ երկու հիմնական նպատակադրումով։ Մեկ՝ որ ապահովվի անհրաժեշտ քվորում եւ երկրորդ, որ դեմ ձայները Հայաստանի անդամակցության հարցով քվեարկության ժամանակ հնարավորինս քիչ լինեն։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել