Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

Օրինաց համագումար Հունիսի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը գումարեց իր երրորդ համագումարը։ Ու թեեւ այն ընդամենը մի քանի ժամ տեւեց, այդուհանդերձ, կուսակցականները հասցրին միանգամից մի քանի հարցեր քննարկել։ Սրանցից ամենակարեւորը, թերեւս, կուսակցության ներկայացրած «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի եւ առաջարկվող ատաջնահերթ միջոցառումների» քննարկումն էր։ «Օրինաց երկիրը», մյուս բոլոր քաղաքական ուժերի նման, հերթական անգամ արձանագրեց, որ վերջին տասնամյակի ընթացքում թեեւ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հռչակվել էր իբրեւ բարեփոխիչ, սակայն «ակնհայտ էր, որ իշխանական լծակները կիրառվել են տնտեսության գրավիչ ոլորտներում սեփական կլանային մենաշնորհների հաստատման, սեփականաշնորհման մեխանիզմները նեղ խմբակային շահերին հարմարեցման եւ հանրապետության արտադրական ներուժի տարրալուծման եւ յուրացման ուղղությամբ»։ Որպես հիմք ընդունելով այս նախաբանը եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի «կաթվածահար» եւ «ճգնաժամային» լինելու արդեն բանալ արտահայտությունները, «Օրինաց երկիր» կուսակցությունը իրավիճակը բարեփոխելու համալիր ծրագիր ներկայացրեց, որը մանրամասնորեն անդրադառնում է պետական կառավարման, հարկային եւ բյուջետային համակարգերին, դրամավարկային եւ ներդրումային քաղաքականությանը, արդյունաբերության զարգացման հիմնահարցերին, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, արտաքին քաղաքականությանը եւ այլն։ Առանձնացնենք կուսակցության հայեցակետը՝ պետական կառավարման եւ պետական ծառայության համակարգերի բարեփոխումներին վերաբերող հատվածը։ Սա կարեւոր է այնքանով, որ պետական կառավարման համակարգի եւ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի պատճառը կաշառակերության ու հովանավորչության, ասել է թե, կոռուպցիայի մեծ տարածումն է։ Այս ոլորտն արմատապես բարեփոխելու համար «ՕԵ»-ն առաջարկում է սկսել օրենսդրական դաշտի թերությունները շտկելուց։ Կուսակցությունը կարեւորում է խորհրդարանում «Պետական ծառայության եւ պետական կառավարման համակարգի վերափոխման հայեցակարգի» քննարկումն ու «Քաղաքացիական ծառայության մասին», «Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի գնահատման մասին», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրենքների ընդունումը, հարկային օրենսդրության պարզեցումը եւ այլն։ Թվարկելով սոցիալական եւ տնտեսական իրավիճակի բարեփոխման առաջնահերթությունները, «Օրինաց երկիրն», ի վերջո, հանգում է այն համոզման, որ ներկայացված ծրագրի իրագործումը հնարավոր է միայն քաղաքական ուժերի կառուցողական դիրքորոշման, իշխանության բոլոր թեւերի անկաշառ գործունեության եւ համազգային ջանքերի համախմբման միջոցով։ Մի բան, որի մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ քաղաքական ուժերը, բայց, որը գործնականում իրագործելը մշտապես անհաջողության է մատնվում ամենատարբեր՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Այսպես է եղել գոնե անցած 10 տարիների ընթացքում։ Բացի վերոհիշյալ ծավալուն ծրագրի ներկայացումը, «Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրեց իր ղեկավար մարմինը՝ բնականաբար, Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել