Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ն, ի դեմս էներգետիկայի հարցերն ուսումնասիրող իր հանձնաժողովի, կատարեց վարչախմբի հերթական քաղաքական պատվերը։ Ընդ որում, պատվերը ժամանակին տրվել էր հրապարակավ, իշխող քաղաքական ուժերից մեկի՝ ՀՅ դաշնակցության միջոցով։ Տրվել էր նաեւ պատվերի իրականացման ձեւը՝ անձնական հաշվեհարդար եւ քաղաքական տեռոր։ Ամբողջովին ձախողվելով արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, երկիրը հասցնելով տնտեսական եւ սոցիալական աղետի, որեւէ այլ կերպ չկարողանալով արդարացնել իր գոյության իրավունքը, վարչախումբը շարունակում է կառչած մնալ կարծես թե իր համար միակ մատչելի՝ նախորդ իշխանություններին հանցավոր հռչակելու միջոցին։ Էներգետիկայի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի դերակատարությամբ վերջերս խաղացված ներկայացումը ոչ այլ ինչ էր, քան այս նպատակով բեմադրված քաղաքական ձեռնածություն, իսկ եզրակացությունները ձեւավորված էին իբրեւ վերջնական դատավճիռներ։ Ի տարբերություն ներկա իշխանությունների, որոնք առ այսօր փնտրում եւ այդպես էլ չեն գտնում վերջին երկուսուկես տարիներին քաղաքական պատասխանատվություն կրող ուժին, Հայոց Համազգային Շարժումը բազմիցս հայտարարել եւ այժմ էլ հայտարարում է, որ կրում է իր իշխանության տարիների ողջ քաղաքական պատասխանատվությունը։ Հայոց Համազգային Շարժումը դատապարտում է մերկապարանոց փաստերի հիման վրա բարձրացված վայնասունը եւ սանձազերծված քաղաքական ահաբեկչությունը, որոնք ուղղված են հասարակական կարծիքն ապակողմնորոշելուն եւ երկրում հաստատվող բռնատիրական ռեժիմն ամրապնդելուն։ Հավատարիմ մնալով իրավական պետություն ստեղծելու իր սկզբունքին՝ Հայոց Համազգային Շարժումը պահանջում է, որ թե՛ էներգետիկայի, թե՛ ցանկացած այլ ոլորտում քրեորեն հետապնդելի արարքները հիմնավորվեն բացառապես մասնագիտական ուսումնասիրություններով, եւ մեղավորները, եթե այդպիսիք կան, պատասխանատվության ենթարկվեն օրինական եւ քաղաքակիրթ ճանապարհով։ Որեւէ այլ լուծում դիտվում է եւ կդիտվի իբրեւ քաղաքական պատվերի եւ քաղաքական ահաբեկչության շարունակություն։ ՀՀՇ վարչության փոխնախագահ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել