Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՆԵԼ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՑԱԾ ՔԱՐԸ Հունիսի 10-17-ը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի ԱԺ պատվիրակության վերաբերյալ մի սկանդալային բացահայտում էր արել Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ, 10 պատգամավորների եւ 4 փորձագետների հիմնական խնդիրը պետք է լիներ ԱՊՀ-ում արդեն ստեղծված ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի գործունեության օրենսդրական հիմքերի մշակումը։ Մինչդեռ միայն ինքն էր մասնակցել այդ վեհաժողովի արտաքին հարաբերությունների, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստին եւ կանխել Հայաստանի համար աննպաստ ձեւակերպմամբ մի հայտարարության ընդունումը, որտեղ դատապարտվում էր «ագրեսիվ անջատողականությունը եւ ԱՊՀ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող ահաբեկչությունը»։ Եվ մինչ Հմայակ Հովհաննիսյանի ջանքերով այդ հայտարարության հասցեատերը դառնում էր միայն Չեչնիան, Հայաստանի պատվիրակության այլ 9-ը ներկայացուցիչները «նախընտրել են նիստին մասնակցելու փոխարեն մեկնել Պետերգոֆ՝ մշակութային ծրագրի շրջանակներում»։ Փորձելով այս պահվածքի վերաբերյալ բացատրություններ ստանալ՝ դիմեցինք վեհաժողովի նիստին մասնակցած այլ պատգամավորների։ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տեղական ինքնակառավարման եւ պետական շինարարության հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց. «Ինքս Պետերգոֆ չեմ այցելել եւ հարցն այդ այցը չէ։ Նախ՝ պատվիրակությունների այցելությունները Պետերգոֆ կամ այլ պատմամշակութային կենտրոններ՝ ծրագրված էին հենց արարողակարգով։ Եվ հետո, մեր պատվիրակությունը մասնակցել էր բոլոր հանձնաժողովների աշխատանքներին եւ լիագումար նիստում ֆինանսատնտեսական ու բնապահպանական հարցերով հիմնական զեկուցողները Հայաստանի ԱԺ պատգամավորներն էին»։ Մեր բոլոր զրուցակիցները մանրամասն թվարկում էին այն փաստաթղթերը, որոնց վրա տարբեր հանձնաժողովներ աշխատել էին Սանկտ Պետերբուրգում։ Սակայն անդրադառնանք Հմայակ Հովհաննիսյանի մատնանշած հայտարարության պատմությանը։ Պատգամավորների հետ զրույցներից պարզեցինք, որ ԱԺ-ն նախապես դիմել էր մեր ԱԳՆ-ին՝ այս առնչությամբ պաշտոնական տեսակետի որոշակի ձեւակերպման միասնականացման համար։ Եվ ձեւակերպման վերաորակավորման դափնիները միայն մեկին սեփականաշնորհելը պրն Այվազյանն, ասենք, «պրն Հովհաննիսյանի համեստության դրսեւորում» անվանեց։ «Հենց օդանավակայանում, ուր մեզ դիմավորեց վեհաժողովի քարտուղար Կրոտովը, արդեն իսկ սկսել էինք բանակցությունները հայտարարության առաջարկված տեքստի շուրջ,- պատմեց Սեյրան Ավագյանը,- բայց, բնականաբար, ֆինանսատնտեսական հանձնաժողովում չէ, որ պիտի քննարկվեր այդ հայտարարությունը։ Չնայած մեր պատվիրակության անդամները մանրամասն քննարկել էին ձեւակերպումների խնդիրը, բայց Հմայակ Հովհաննիսյանն էր միայն այդ հանձնաժողովի անդամ եւ ինքը պիտի մասնակցեր նիստին»: Ի դեպ, այդ նիստին մասնակցել է նաեւ Էդմոնդ Ծատուրյանը։ Սեյրան Ավագյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ֆինանսատնտեսական հանձնաժողովի անդամ է։ Հանձնաժողովը ղեկավարում է Վարդան Խաչատրյանը։ Ի դեպ, նրանք 20-22 օրենքներ էին քննարկել, տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցել, ուստի նրանք եւս Պետերգոֆ չէին մեկնել։ «Որեւէ մեկին վիրավորել չեմ կարող, եթե այդ ժամին ազատ է եղել եւ մեկնել Պետերգոֆ՝ ամոթալի որեւէ բան չկա այստեղ,- ասաց պրն Ավագյանը։- Ցավոք, այդ օրը, այդ պահին մեր հանձնաժողովը եւս նիստ ուներ։ Բայց եթե ես ազատ լինեի՝ կմիանայի նրանց։ Իմիջիայլոց, վեհաժողովի նիստում շատ էին կազմակերպվում մշակութային ծրագրեր»։ «Այդ հայտարարությունը, որի համար «կռվել էր» Հմայակ Հովհաննիսյանը՝ լիագումար նիստում չքննարկվեց էլ,- պարզաբանեց Վարդան Խաչատրյանը։- Ռուսական կողմը խնդրել էր, որ պաշտպանենք այդ փաստաթուղթը։ Բայց Ադրբեջանը մերժեց այդ հայտարարությունը, ինչպես նախորդն էր մերժում, քանի որ հարցը ձեւակերպումները չէին՝ այս պահին ակտիվ գործողությունները միայն Չեչնիայում են եւ բոլորի համար հասկանալի էր, թե «համերաշխ հակազդեցությունն» ում կարող է վերաբերել։ Ուստի, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանն ի սկզբանե ամբողջ փաստաթղթին էին դեմ»։ 1999-ի հոկտեմբերի 16-ին, Վարդան Խաչատրյանի տեղեկություններով, նման հայտարարություն ընդունվել էր Վրաստանի խնդրանքով։ «Եվ խորհրդի նիստում, որին չէր մասնակցում Հմայակ Հովհաննիսյանը՝ քանի որ դրան անդամակցում ենք միայն ԱԺ նախագահը եւ ես, Ստրոեւը վրացիներին ասաց, թե նման փաստաթուղթ իրենց խնդրանքով ընդունել էին Աբխազիայի համար, հիմա նմանատիպ փաստաթուղթ ուզում են ընդունել Ռուսաստանի խնդրանքով՝ Չեչնիայի համար»։ Վարդան Խաչատրյանի հիշատակած նախկին հայտարարությունը նույնն է, ինչ բացահայտել էր Հմայակ Հովհաննիսյանը, որ Հայաստանի պատվիրակությունը մի փաստաթուղթ էր ստորագրել, որտեղ համերաշխություն ու գործուն աջակցություն էր հայտնվում ԱՊՀ ամբողջ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ձեւերին՝ հանուն ԱՊՀ երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության։ Սեյրան Ավագյանը չգիտեր, թե ով է ստորագրել այդ փաստաթուղթը եւ իրոք այստեղ որոշ վտանգավոր շեշտադրումներ տեսնում էր։ Վարդան Խաչատրյանը համոզված էր, որ իրավական որեւէ հետեւանք չի ունենա այդ հայտարարությունը եւ ենթադրում էր, որ ոչ ոք էլ չի ստորագրել՝ ուղղակի քննարկվել եւ թերեւս որեւէ մեկը դեմ չի եղել։ «Իմ ունեցած բանավոր տեղեկությունների համաձայն (գրավոր հիմքերին չեմ ծանոթացել), այդ հայտարարության մեջ դատապարտվել է անջատողականության ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի կողմից ստորագրել են Արմեն Խաչատրյանը եւ Հովհաննիսյանը,- ասաց Վարդան Այվազյանը,- բայց այս «գաղտնիքը» պարզելը դժվար չէ, աշնանը դարձյալ մասնակցելու ենք վեհաժողովի նիստին եւ կարելի է պարզել այդ փաստաթղթի մանրամասները՝ յոթ փականքի ետեւում չէ»։ Վերջում եւս մի մանրամասն. Վարդան Խաչատրյանը նշեց, թե ամենաաղքատ մշակութային ծրագիրը Հայաստանի պատվիրակությանն է եղել՝ Պետերգոֆ ու Ցարսկոյե Սելո. «Միայն աննորմալ մարդը չէր գնա դրանք նայելու, եթե ազատ է, ինչ է թե պատվիրակության մի անդամը ենթադրում է, որ ինքն ուր գնում է՝ բոլորը պիտի իր ետեւից գնան։ Ամեն մեկն իր զանգակատնից է նայում կյանքին եւ եսակենտրոն գնահատականներ տալիս»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել