ՄԻ ՏԽՐԵՔ. ՓՈԽԱՐԵՆԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ԱՃՅՈՒՆ ԿԲԵՐՎԻ Մեր եկեղեցականների սուրբ եւ աստվածահաճո վարքուբարքին, նրանց անբիծ եւ հրեշտակային բարոյական նկարագրին, հասկանալի է, ոչ մեկս չի կասկածում։ Ուստի, 2000 թ. հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 14-ը ծնող դարձած հայերն առանց դույզն-ինչ կասկածամտության ընդունեցին «Քրիստոնեության 1700-ամյակին ընդառաջ» մեր եկեղեցու նախաձեռնած մկրտության ծեսը՝ կնքել բոլոր վերոնշյալ ժամանակահատվածում ծնված մանուկներին։ Նախապես ռեզյումեատիպ թղթեր էին տարածել «1700-ամյակի գրասենյակից», ուր նշված էր, որ «Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի ծրագրած հերթական միջոցառումը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակին առանձնանում է իր ինքնատիպ մտահղացմամբ, բարեգործական յուրօրինակ ուղղվածությամբ»։ Մինչ այդ՝ ըստ թղթի բովանդակության, «պետք է կատարվեն ծավալուն նախապատրաստական աշխատանքներ, որտեղ ընդգրկված են թեմերն ու առաջնորդարանները, ՀՀ առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները»։ Գրասենյակն իրենց նորածիններին խանդավառությամբ կնունքի նախապատրաստող ծնողներին խոստանում էր նաեւ, որ «Անսովոր օր է լինելու հունիսի 24-25-ը Էջմիածնում, քաղաքը հոգեւոր կյանքով է ապրելու։ Կարելի է մտովի ապրել գալիք այդ օրվա գեղեցկությունն ու հմայքը, որն իմաստավորվելու է այն շուրջ 4500 բարուրված փոքրիկներով։ Մանուկների հետագա կյանքը նախանշվելու է սրբությամբ, օրհնությամբ, մյուռոնով։ Նրանք անպայման գեղեցիկ, թանկ ու սիրելի են լինելու՝ իբրեւ խորհրդանիշ երկար սպասված երջանիկ գալիքի»։ Ոգեւորված այս պայծառ խոստումներով՝ հազարավոր ծնողներ հետաձգեցին իրենց փոքրիկների կնունքը ընտանեկան նեղ շրջապատով նշելու արարողությունը՝ սպասելով բաղձալի հունիսի 24-ին եւ 25-ին։ Սակայն մեծ եղավ շատերի տխրությունն ու հիասթափությունը, երբ իրենց փոքրիկներին փայտե խաչեր, մեկական շապիկ եւ մեկ հատիկ (չշփոթել տուփի հետ) փամփերս նվիրեցին։ Ընդ որում, կնունքի արարողությունը ոչ թե Էջմիածնում, այլ տեղական թեմերում կատարվեց։ Սակայն, որպես ծնողների կրած հոգեկան տվայտանքների մխիթարություն, «Առավոտն» իր կողմից ասում է հետեւյալը. մի՛ հուզվեք, շուտով, շատ շուտով հեռավոր ափերից Հայաստան կբերվի հերթական, այս անգամ՝ 1700 տարվա վաղեմության աճյունը։ Եվ նա է՛ Գրիգոր Լուսավորիչը… Լ. Ա.