Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ԵԽ-ՈՒՄ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ՝ ԱՅՆ ԷԼ ԻՆՉՊԻՍԻ ԵԽ ԽՎ-ում յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ավանդույթ է դարձել. տեղի է ունենում այդ կառույցի նախագահի մամլո ասուլիսը։ Ավանդույթը չխախտվեց նաեւ հուլիսի 26-ին սկսված նստաշրջանի ընթացքում, որին ներկայանալով լորդ Ռասել Ջոնսթոնը նկատել տվեց՝ քննության առնվելիք 3 խումբ կարեւորագույն հարցերի շրջանակում մեկն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդամագրվելու խնդիրն է։ «Իհարկե, եղել են որոշ առարկություններ,- նշեց ԵԽ ԽՎ նախագահը,- մանավանդ Ադրբեջանում՝ քաղբանտարկյալների գոյության հանգամանքով պայմանավորված, սակայն պաշտոնական Բաքվից ԵԽ-ին վստահեցրել են, որ լուրջ գործընթացներ կան խնդրի կարգավորման ուղղությամբ»։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, լորդ Ռասել Ջոնսթոնը նշեց, թե իր կարծիքով, քվեարկությունը չի իրականացվի «դեմ» սկզբունքով, թեպետ, անշուշտ, կլինեն մարդիկ, որոնք դեմ կքվեարկեն։ Բայց դատելով ընդհանուր մթնոլորտից, ԵԽ ԽՎ խոսնակը եզրակացություն էր արել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԵԽ ընդունվելու հարցում կոնսենսուսը ԽՎ պատգամավորների շրջանում ավելի է մեծանում։ Ի դեպ, նշենք, որ այս պահին մենք ձեռքի տակ ունենք այդ խնդրին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության վերջնական տեսակետը եւս, որը տարածվել է Խորհրդարանական վեհաժողովում։ Այդ փաստաթղթում մասնավորապես ասվում է, թե ԱՄՆ կառավարությունը հիմնավորապես աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա անդամագրումը ԵԽ-ին եւ, եթե դեպքերը նման զարգացում ունենան, դա պաշտոնական Վաշինգթոնի համար կլինի միանգամայն ընդունելի տարբերակ։ Հարկ է մատնանշել այս տիրույթին վերաբերող մեկ այլ նրբերանգ եւս։ Ստրասբուրգ ժամանած պատվիրակության անդամ Հմայակ Հովհաննիսյանի վկայությամբ, հունիսի 26-ի առավոտյան տեղի ունեցած եվրոպական ժողովուրդների կուսակցության խմբակցության նիստում, ուր խմբված են քրիստոնեա-դեմոկրատները, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մահմուդ Մամեդ-Կուլիեւը առաջ է տարել այն գաղափարը, որ կամ 2 երկրները պիտի միասին ընդունվեն ԵԽ, կամ Հայաստանն էլ չպիտի անդամագրվի։ Հմայակ Հովհաննիսյանի վկայությամբ, նա ամենեւին էլ չի անդրադարձել հարցի այն կողմին, թե ինչպես անել, որ ավելի դյուրին դառնա Ադրբեջանի անդամակցությունը։ Ի դեպ, քրիստոնեա-դեմոկրատների նիստում ռումինացի պատգամավորը մատնանշել է Ադրբեջանում 67 քաղբանտարկյալի գոյության փաստը, ինչին Մամեդ-Կուլիեւն առարկել է, ասելով, թե այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն։ Ինչեւէ, նորից անդրադառնանք հունիսի 23-ին ԱՄՆ-ի ստրասբուրգյան հյուպատոսության տարածած փաստաթղթին, ուր ասվում է, թե ԱՄՆ-ը մտահոգված է դեպքերի զարգացման այն հնարավոր տարբերակով, որ Հայաստանը կարող է դառնալ ԵԽ անդամ, իսկ Ադրբեջանի անդամակցությունը հետաձգվել։ «Մենք շարունակում ենք պնդել, որ ավելի լավ է հետաձգել 2 երկրների անդամակցությունը, քան ընդունել միայն Հայաստանին»,- ասված է նշյալ փաստաթղթում։ Հավարտ վերստին անդրադառնանք մամլո ասուլիսի բովանդակությանը։ Ադրբեջանցի լրագրողներին լորդ Ռ. Ջոնսթոնը պատասխանեց, թե խրախուսելով երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԽ-ն չէ, որ լուծելու է ԼՂ հարցը, իսկ թուրք լրագրողի հարցին էլ, թե ինչ պատկերացումներ ունի ԵԽ ԽՎ նախագահը Ադրբեջանի եւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների վիճակի մասին, լորդ Ջոնսթոնը պատասխանեց կատակով, նախ եւ առաջ իր ցավակցությունը հայտնելով Թուրքիայի հավաքականի պատմության առիթով, որը, ըստ լորդ Ջոնսթոնի, առանց այդ էլ մեծ առաջընթաց է ունեցել Եվրոպայի առաջնությունում։ Մի խոսքով, ավարտելուց առաջ այն էլ ասենք, որ կոմունիստների եւ ձախ սոցիալիստների ֆրակցիան հունիսի 26-ի առավոտյան նիստ է գումարել, իսկ խմբակցությունը կոչվում է Եվրոպական միավորված ձախեր եւ որոշել դրական մոտեցում որդեգրել Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցության հարցում։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ Հատուկ «Առավոտի» համար Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել