Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած Հայաստանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում պայուսակներ էին բաժանվել, որտեղ տղամարդկանց համար փողկապներ էին, իսկ պատվիրակությանը մաս կազմող միակ կնոջ համար (ըստ խորհրդարանական ասեկոսեների)՝ թեւիկներով միջադիրներ։ Այդ պայուսակը սխալմամբ բաժին էր ընկել Սերգո Երիցյանին։ Սակայն իրական հասցեատերը՝ Հերմինե Նաղդալյանը, հրաժարվել էր փոխանակումից՝ հայտարարելով, թե փողկապը նվեր է տանելու իր ամուսնուն, թող Երիցյանն էլ իր կնոջը նվիրի այդ պայուսակի պարունակությունը։ ԱԺ-ում այս միջադեպի առնչությամբ ձեւափոխել են հայտնի ասույթը. «Լա՜վ կապրես, Սերգեյ ջան՝ կրիտիկական օրերին»։ Վեհաժողովական այլ միջադեպերի մասին՝ 3-րդ էջում։ ԴԱԴԱՐ «Առավոտի» խնդրանքին՝ անդրադառնալ «Ազատություն» կուսակցության եւ «21-րդ դարի» էներգետիկ հակազեկույցին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը պատասխանեց, թե առայժմ մտադիր է ձեռնպահ մնալ մեկնաբանություններից. «Սպասենք դատախազության եւ կառավարության արձագանքին։ Մանավանդ, որ հենց վերջիններս պիտի միջոցներ ձեռնարկեն դրամական միջոցների փոխհատուցման համար»։ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերջերս մեկնել էր Մոսկվա եւ արժանացել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեեւի բավականաչափ սառը ընդունելությանը։ Երեւան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը վերհիշել է իր երկրորդ պաշտոնը եւ որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար դարձյալ մեկնել է Մոսկվա՝ այս անգամ արժանանալու ՌԴ անվտանգության քարտուղար Իվանովի ջերմ ընդունելությանը։ ԹՂԹԵ ՇԵՐԵՓ Ամերիկյան պետքարտուղարությունը հունիսի 14-ին բացասական եզրակացություն է հայտնել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Այս առիթով արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր տարակուսանքն է հայտնել հայ հանրությանը քաջածանոթ Սթիվըն Սեստանովիչին Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի նպատակահարմարության առնչությամբ։ Հետեւել է ամերիկացուն խիստ բնորոշ պատասխան. «Ներեցեք, բայց դա ձեր պրոբլեմն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել