Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԽՈՌԽՈՌՈՒՆՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ 1998թ. դեկտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին։ Սա պետական պաշտոնյաների սպանության նախերգանք էր միայն։ Ավելի քան մեկ ու կես տարի այս սպանության բացահայտումը տեղապտույտ է տալիս նախաքննության փուլում։ Դատախազությունից հայտնեցին միայն, որ գործի նախաքննությունը կասեցված չէ եւ ընթանում է։ Իսկ դրա ծայրը դեռ չի նշմարվում, թեեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ժամանակին հավաստիացրել էր, թե սպանությունն, ըստ էության, բացահայտված է։ Ըստ մեր տեղեկությունների, ձերբակալված էին սպանության պատվիրատուները, սպանության գործիք զենքերը՝ հայտնաբերված։ Մինչ այդ, սակայն, Վ.Խոռխոռունու սպանության շուրջ բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին։ Քննարկվեցին ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կենցաղային մոտիվները։ Կային նաեւ շրջանցված կամ պակաս ուսումնասիրված փաստեր, որոնք նոր վարկածներ կարող էին առաջադրել։ Սրանցից առաջինը կապված է Վ.Խոռխոռունու սպանությունից մոտ երեք ժամ հետո, Էջմիածնի Բաղրամյան տանող խճուղում, «Ույուտ» ձեռնարկության ղեկավար Արմեն Առաքելյանի դիակի հայտնաբերման հետ։ Վերջինս սպանվել էր կտրող-ծակող գործիքի եւ հրազենային 7 վնասվածքների արդյունքում։ Ըստ մեր աղբյուրների, տեղանքի զննության ժամանակ արյան հետքեր չէին եղել։ Փոխարենը Ա.Առաքելյանի մոտից հայտնաբերվել էր Ստեփանակերտի մի բանկում բացված հաշվեհամար։ Ավելի ուշ, ձերբակալվել էր մեկը, որն ինքնակամ ստանձնել էր Ա.Առաքելյանի սպանությունը, որն իբր իր հերթին սպանել էր Վ.Խոռխոռունուն։ Նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ ձերբակալվածն իրականում կապ չունի Խոռխոռունու եւ Ա.Առաքելյանի սպանության հետ։ Պարզվել էր նաեւ, որ Ա.Առաքելյանը սպանվել է այլ վայրում, բայց դին բերվել էր Էջմիածին։ Ըստ երեւույթին, նախաքննությունն ուղղորդողները փորձել էին կասկածի տակ առնել Էջմիածնի մատույցներում բնակվող Առաքել Մովսիսյանին՝ նույն «Շմայսին», որը չափազանց նվիրված էր Սամվել Բաբայանին։ Ինչեւէ, հիշյալ 2 փաստերն ու ինքնակոչ մարդասպանի ցուցմունքները նախաքննության մարմնին հասցրել էին Ղարաբաղ։ Կասկածներից խուսափելու համար ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հոժարակամ իրավապահ մարմիններին էր հանձնել իր զինակից կասկածյալներին՝ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարին եւ իր անվտանգության ծառայության պետ Սասուն Աղաջանյանին, եւ երկու հրազեն, որով իբր սպանվել էր Ա.Առաքելյանը։ Վերջիններս, որ բերվել էին Երեւան՝ շուտով ազատ արձակվեցին։ Թե ինչո՞ւ՝ դատախազությունը բացատրություններ չտվեց, թեեւ վարկածը թվում էր փաստարկված է։ Ոմանց կարծիքով սպանությունը կարող էր ուղղված լինել Վ.Սարգսյանին, որպես բողոք՝ ԼՂՀ նախկին վարչապետ, հանգուցյալ Լեոնարդ Պետրոսյանին ՀՀ ՊՆ փոխնախարար նշանակելու դեմ եւ բացի այդ Ս.Բաբայանի եւ Վ.Սարգսյանի փոխհարաբերություններն այն չէին։ Իհարկե, նույն հաջողությամբ կարելի էր ենթադրել, որ նախաքննությունը հատուկ է ուղղորդվել Ս.Բաբայանի հետքի վրա։ Հիշենք, որ նույն այդ ժամանակահատվածում լարված են եղել նաեւ Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան- Ս.Բաբայան հարաբերությունները։ Սակայն բացառված չէ, որ սպանության հետքերն, իրոք, տարել են Ղարաբաղ՝ կապված 92թ. Խոռխոռունու՝ ԼՂՀ ՆԳՆ նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու կարճ ժամակահատվածի հետ։ Ցավոք, այս շրջանի մասին տեղեկությունները չափազանց սուղ են եւ ընդարձակ դատողությունների համար՝ անբավարար։ Վ.Խոռխոռունու սպանության քաղաքական շարժառիթներից մեկն էլ համարվում է Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան-Վ.Սարգսյան սուր հակասությունները։ Քիչ չեն տեսակետները, թե Խոռխոռունու եւ Ա.Մարգարյանի սպանությամբ, ըստ էության, փորձ էր արվում «մաքրել» Վ.Սարգսյանի շրջապատն ու ինչ-որ բան հասկացնել նրան։ Գուցե, հոկտեմբերի 27-ը եղավ, որովհետեւ Վ.Սարգսյանն այդպես էլ ոչինչ չէ՞ր «հասկացել»։ Հայտնի է միայն, որ ե՛ւ Խոռխոռունու, ե՛ւ Ա.Մարգարյանի սպանություններից հետո Վ.Սարգսյանի գլխավորությամբ ԶՈՒ հրամկազմը մի դեպքում ներքին կարգով, մյուսում՝ հրապարակավ, վերջնագիր էր ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով տրված ժամկետում բացահայտել սպանությունները։ Վ.Խոռխոռունու սպանությունը կարող էր կապված լինել նաեւ նրա՝ 90թ. ՆԳՆ ԲԽՍՍ-ում ծավալած գործունեության հետ։ Ի պաշտոնե նա տեղեկությունների մեծ պաշար ուներ նաեւ այն պաշտոնյաների ստվերային տնտեսական գործունեության մասին, որոնք հետագայում իշխանության էին եկել եւ որոնց ու Խոռխոռունու միջեւ լուրջ խնդիրներ էին առաջացել։ Տնտեսական շարժառիթների մասին խոսելը, թերեւս, ժամանակավրեպ է, քանի որ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաների սպանությունները, փաստեցին դրանց քաղաքական լինելը։ Փաստ է նաեւ, որ բոլոր դեպքերում էլ դրանք չափազանց մանրակրկիտ եւ համակարգային մշակման փուլ են անցել։ Սա կարող էր արվել միայն այն դեպքում, երբ սպանություն հղացողները իրենց տրամադրության տակ հզոր համակարգ ու լծակներ ունենային։ Այս են վկայում ե՛ւ Վ.Խոռխոռունու, ե՛ւ Ա.Մարգարյանի, ե՛ւ 27-ի սպանությունները։ Վ.Խոռխոռունու եւ Ա.Մարգարյանի սպանությունները հաճախ են պայմանավորվել մեկը մյուսով եւ, ի վերջո՝ նաեւ 27-ով։ Եթե բացահայտված լինեին նախորդ սպանությունները, գուցե 27-ը չլիներ։ Կոնկրետ Վ.Խոռխոռունու եւ Ա.Մարգարյանի սպանությունները աներեւույթ թելերով, թերեւս, կապված են միմյանց։ Ըստ որոշ տեղեկությունների, Խոռխոռունու սպանության օրը, շենքի մուտքի զննության ժամանակ փոստարկղերից մեկում հայտնաբերվել է արյունոտ բինտ։ Դեպքերի բերումով, դարձյալ բինտով փաթաթված «Մակարով» տեսակի ատրճանակ ՆԳ էր բերել Ա.Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանը, որով իբր Ա.Մարգարյանը փորձել էր սպանել թիկնապահներին։ Տեսակետ կա, թե հենց այս հանգամանքը պետք է լույս սփռեր Խոռխոռունու սպանության գործում, մանավանդ, որ Խոռխոռունին սպանվել էր հենց նույն տեսակի ատրճանակով։ Եվ եթե Ա.Մարգարյանը սպանած լիներ իր թիկնապահներին իր՝ բինտով փաթաթված «Մակարովից» եւ ապա ինքնասպան լիներ «Սմիթ ենդ վենսթոնով», փորձաքննությունը գուցե «պարզեր», որ Վ.Խոռխոռունու վրա արձակված ինքնաշեն փամփուշտները արձակվել են հենց Ա.Մարգարյանի «Մակարովից»։ Դեռեւս անպատասխան է մնում նաեւ մեկ այլ հանգամանք։ Բանն այն է, որ Ա.Մարգարյանի դեմ կատարված մահափորձի հաջորդ օրը լուրեր էին տարածվել, թե մայրաքաղաքի «Եդեմ» սրճարանում սպանվել է նաեւ Վ.Խոռխոռունին։ Այն ժամանակ այս լուրը բախտի բերմամբ ապատեղեկատվություն էր եղել։ Բայց զարմանալին այն է, որ արդեն 98-ի դեկտեմբերի 10- 11-ի գիշերը, երբ Վ.Խոռխոռունին արդեն սպանվել էր իր տան շքամուտքում, մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա նույն Ա.Մարգարյանին սպանությունից 3-4 ժամ հետո տեղեկացրել էր, թե Խոռխոռունին է սպանվել, ու դարձյալ «Եդեմ» սրճարանի մոտ, ուր, ի դեպ, ընկերների վկայությամբ, նա հաճախ էր լինում՝ մինչ ուշ երեկո։ Արդյոք սա չի վկայում, որ փոխնախարարի սպանությունը ծրագրված է եղել դեկտեմբերից շատ ավելի վաղ եւ համապատասխան մարմիններում։ Ինչեւէ, որեւէ վարկած Խոռխոռունու սպանության առնչությամբ հաստատել կամ հերքել գործնականում անհնար է։ Փոխարենը ակնհայտ է, որ 98-99 թթ տեղի ունեցած բոլոր սպանությունները համակարգային են։ Ե՛վ Վ.Խոռխոռունին, ե՛ւ Ա.Մարգարյանը բնազդորեն կանխազգացել են վտանգը։ Որպես կանոն համակարգային որեւէ սպանություն չի կարող բացահայտվել, քանի դեռ համակարգն ինքը չի փոխվել եւ չի փոխվել դրա գործողության օրոք իշխանության մոտ կանգնած վարչակազմը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել