Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

«ՆՄԱՆ ԲԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Խորհրդարանական «Միասնություն» խմբակցության ղեկավարի աթոռն առայժմ դատարկ է։ Հասկանալի է, որ տեղի համար հավակնորդների պակաս չի զգացվում։ Պարզ է նաեւ, որ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն, յուրաքանչյուրն իր հերթին, ձգտելու է, որ իր անդամը զբաղեցնի այդ աթոռը։ Եվ քանի որ ի սկզբանե «Միասնություն» խմբակցության նախագահի տեղը հատկացված էր ՀՀԿ-ին (հիշենք Անդրանիկ Մարգարյանին այդ տեղում), բնականաբար հենց հանրապետական կուսակցությունն էլ պետք է իր թեկնածուին առաջադրի։ Ինչպես միշտ, նմանատիպ իրավիճակներում նորմալ տեղեկատվությունից առաջ հրապարակ են նետվում լուրեր, շշուկներ, ասեկոսեներ։ Այս անգամ լուրի կարգավիճակով հրապարակ նետվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի բուռն ցանկությունն առ այն, որ իբրեւ թե վերջինս ձգտում է դառնալ «Միասնություն» խմբակցության ղեկավար։ Լուրը ճշտեցինք հենց առաջին ձեռքից։ Պրն Դալլաքյանն ասաց, որ ե՛ւ ԱԺ-ի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու, ե՛ւ «Միասնություն» դաշինքի ղեկավար առաջադրելու մասին լուրերը, ինքն էլ մեզ նման, անմեղ-անմեղ, իմացել է հենց մեզանից, այսինքն՝ մամուլից։ Նրա ասելով, նման քննարկումներ մասսայական ինֆորմացիայի միջոցներում են ընթանում։ Բայց սա իր համար նորություն չէ, 96-ից ի վեր իրեն տարբեր պաշտոններում են նշանակել՝ Լոռու մարզպետ (Հենրիկ Քոչինյանը հանկարծ չլսի), տարբեր նախարարություններում նախարար եւ այլն։ Սակայն Վիկտոր Դալլաքյանն, իր ասելով, զարմացած է, թե որտեղի՞ց ծագեց այս ընդհանուր աղմուկը մեծ։ Ի վերջո, նա «անկեղծորեն» ուզեց ասել, որ «նման բան գոյություն չունի»։ Իսկ ինչ վերաբերում է պրն Դալլաքյանի հավակնություններին, ապա (դարձյալ իր ասելով), ինքը միանգամայն բավարարված է ԱԺ-ի պատգամավոր երկրորդ անգամ ընտրվելով, ինչպես նաեւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում լինելով։ Իսկ նման լուրերին Վիկտոր Դալլաքյանը հումորով է վերաբերվում։ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ Մինչ հայերը ուրախ-ուրախ եւ երջանիկ մեկնեցին Ստրասբուրգ՝ Եվրախորհրդի անդամ դառնալու, ռուսները մնացին իրենց հայրենիքում։ Հունիսի 26-ին սկսվող Եվրախորհրդի վեհաժողովի լիագումար նիստին ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի, քանի դեռ վերջնականապես հստակեցված չէ Ռուսաստանի կարգավիճակը Եվրախորհրդում։ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Դմիտրի Ռագոժինի կարծիքով, այս պահին իմաստ չունի գնալ Ստրասբուրգ, քանի որ իրադրությունը բավարար չի հասունացել այն բանի համար, որ Եվրախորհուրդը փոխի իր սխալ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։ Ըստ ամենայնի, ՌԴ-ն Եվրախորհրդում կհայտնվի ոչ շուտ, քան այս տարվա աշնանը։ Փաստորեն, Ռուսաստանը չի քվեարկի հօգուտ կամ դեմ՝ Հայաստանի անդամակցության հարցին։ Մեկ ձայն հայերն արդեն կորցրին։ Մեր պատվիրակությանը դժվարին աշխատանք է սպասվում։ Հանդիպումներ մոտ 30 երկրների եւ մոտ 15-20 պատգամավորների հետ։ Թեպետ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով. «հարց չկա» եւ հունիսի 28-ին Հայաստանը արդեն Եվրախորհրդի անդամ կլինի, բայցեւայնպես, վերջնական համոզման փուլը չարժե ձեռքից բաց թողնել։ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու պայմաններից մեկն էլ սեռական փոքրամասնությունների իրավունքները հարգելն է։ Ոմանք խիստ անհանգստացած են այս կետով, մանավանդ, որ այն հարիր չէ ազգային մենթալիտետին։ Բայց պարզվում է, սատանան, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամների, այնքան էլ սարսափելի չէ։ Լրագրողներից մեկի հարցին Հովհ. Հովհաննիսյանը խնդրեց, որ Արմեն Ռուստամյանը պատասխանի, պատճառաբանելով, թե «Արմենը էդ հարցի գիտակն է»։ Իսկ Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Մի քիչ թյուր ըմբռնում կա այդ հարցի հետ կապված։ Խոսքը երկու մասից է՝ իրավական եւ բարոյական։ Պահանջը, որ Եվրախորհուրդը դնում է, այն է, որ երբ հոմոսեքսուալ հարաբերությունները կատարվում են կամավոր-փոխադարձ համաձայնությամբ, այդ դեպքում չպետք է առաջանա պատժի անհրաժեշտություն։ Կան նաեւ այդպես ծնված մարդիկ, որոնց պատժելն անիմաստ է։ Դա ավելի շատ հիվանդություն է, քան հանցագործություն։ Երկրորդ հարցը վերաբերում է ձեւավորված մենթալիտետին, որի հետ հարկավոր է հաշվի նստել»։ Այնուամենայնիվ, Հովհ. Հովհաննիսյանն էլ իր մասով լրացրեց պատասխանն, ասելով. «Բնությունն անթերի չէ, դա բնական երեւույթ է եւ չի կարելի սահմանը նեղացնել եւ նման մարդկանց ամեն օր դատել։ Եթե մենք 116 հոդվածի առաջին մասը չենք հանում, ուրեմն այդ մարդկանց պետք է ամեն օր դատենք»։ Մ. Ե. Հ. Գ. Այսօր չորս մարդ է դատապարտված համասեռամոլության մեղադրանքով։ Դա ընդամենը երկու զույգ է, որոնք, Հովհ. Հովհաննիսյանի ասելով, պահվում են առանձին մեկուսարաններում եւ մյուսներից նույնպես առանձին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել