Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԻՆՔԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀՀ»-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը իր կուսակցական ընկեր Հմայակ Հովհաննիսյանի մասին խիստ ոչ ընկերական կարծիք էր հայտնել, օրինակ, ասել էր, թե Հմայակ Հովհաննիսյանից վիրավորվելը մեղք է, քանի որ վերջինս ինքն իր հետ ժամադրվելիս էլ մեկուկես ժամ կուշանա: Կամ էլ վստահություն էր հայտնել, թե «Հմայակ Հովհաննիսյանի անձնական ամբիցիաները գերազանցում են իր հնարավորությունները։ Գուցե անձնական-հոգեբանական բարդույթներից է, գուցե՝ չկայացածությունից, բայց դա իր խնդիրն է։ Համենայնդեպս այդքան խոսող մեկը պետք է ինքն անթերի լիներ եւ գոնե այդքան չբացակայեր խորհրդարանից»,- եզրակացրել էր խորհրդարանի նախագահը։ Իսկ ինքը՝ նախագահը, անթերի՞ է արդյոք։ Այս առումով հետաքրքիր էր իմանալ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքը։ Նախ, պրն Հովհաննիսյանն ասաց, թե ինքը «մերկապարանոց զազրախոսություններին չի պատասխանում»։ Բայց, երբ խոսք գնաց կասկածի տակ դնել Հմայակ Հովհաննիսյանի ներդրումները կուսակցության ստեղծման եւ կայացման գործընթացներին, պրն Հովհաննիսյանը չդիմացավ. նա հիշեցրեց, որ մինչեւ ԱԺ-ի խոսնակ դառնալը Արմեն Խաչատրյանն արդեն բուռն սեր ուներ շրջագայությունների նկատմամբ. «98-ի տժտժան շոգին, երբ ես զբաղված էի կուսակցության շինարարությամբ, ինքը 2-3 ամսով գնացել էր Իսպանիա, ուսանողական խմբեր էր տարել։ Եվ դեռ այն ժամանակ նա (Արմեն Խաչատրյանը- Մ.Ե.) խիստ հաշվենկատ էր եւ հեռուն նայող։ Այն ժամանակ էլ նա սիրում էր ասել՝ վերջում կտեսնենք, այսինքն՝ դուք աշխատեք, իսկ ես վերջում սերը կքաշեմ»։ Իսկ ընդհանրապես, Հմայակ Հովհաննիսյանի ասելով, իր համար անձերի խնդիր չկա, Արմեն Խաչատրյանի խնդիր՝ առավել եւս։ Նրա համար կա միայն մեկ խնդիր (իր ասելով)՝ ԱԺ-ի արդյունավետ աշխատելու խնդիրը։ Հմայակ Հովհաննիսյանը առաջարկել է սեպտեմբերին լսումներ անցկացնել «ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության աշխատանքների արդյունավետության մասին» թեմայով։ «ՀՀ պատվիրակությանը Մոսկվայում դիմավորեց եւ ճանապարհեց Մ. Կրոտովը, իսկ Երեւան վերադարձած մեր պատվիրակությանը, ԱԺ նախագահին նույնիսկ նրա տեղակալները չէին դիմավորում»,- այս միտքն արտահայտելուց հետո եւս Հմայակ Հովհաննիսյանը կրկնեց, թե իրեն սա եւս չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում են միայն պրոբլեմային հարցեր։ Անձամբ իր՝ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, ինչպե՞ս է լինում, որ ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետվում իր կուսակցությունից հեռացվելու հարցը, բայց այդպես էլ չեն հեռացնում. «Ես որեւէ մեկից որեւէ պաշտոնական բան չեմ լսել, որ այդպիսի հարց քննարկվել է կամ քննարկվում է։ Այո, ես Ստեփան Դեմիրճյանին ասել եմ, որ ցանկություն ունեմ ավելի շատ ժամանակ հատկացնել իմ մասնագիտական աշխատանքներին եւ ավելի քիչ՝ կուսակցական աշխատանքներին»։ Իսկ նրանց, ովքեր նման լուրեր են տարածում, Հմայակ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց. «Այդ պատի տակ խոսողները թող զբաղվեն կուսակցությամբ, եթե կարող են։ Եթե ես իմ դերը չափազանցնում եմ, թող իրենք մի 4-5 ամիս առանց ինձ զբաղվեն, հետո կտեսնենք, թե ինչ արդյունքների կհասնեն»։ Հմայակ Հովհաննիսյանը Երեւանի Կենտրոն համայնքի ՀԺԿ տարածքային սկզբնական կազմակերպության անդամ է, իսկ կազմակերպության նախագահը Գագիկ Ասլանյանն է։ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, հենց պրն Ասլանյանի խնդիրը պետք է լինի պարզել, թե որտեղից են նման ոչ հավաստի լուրեր տարածվում իր կազմակերպության անդամներից մեկին հեռացնելու կամ չհեռացնելու մասին. «Կենտրոն համայնքի սկզբնական կազմակերպության ղեկավարը պետք է դիմի, ասենք, ձեր թերթին, խմբագրին եւ ասի՝ կամ դուք ինֆորմացիայի աղբյուրը կասեք, կամ՝ ես ձեզ, որպես հերյուրանք տարածողի, դատի եմ տալու»։ Իսկ անձամբ Արմեն Խաչատրյանի կամ Գագիկ Ասլանյանի դեմ Հմայակ Հովհաննիսյանը ոչինչ չունի. «Եթե Ասլանյան Գագիկը ուզում է ԱԺ նախագահ դառնալ, ես երկու ձեռքով կողմ եմ»,- զրույցի ընթացքում ասաց Հմայակ Հովհաննիսյանը։ Պարզապես չհասցրինք հարցնել՝ դա նշանակո՞ւմ է, որ նա դեմ է Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահ լինելուն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել