Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ Ե՛Վ «ՊԵՐՃԱՆՔԸ», Ե՛Վ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ Տարեսկզբին մենք արդեն անդրադարձել էինք թերթերի իրական տպաքանակներին եւ «Հայմամուլի» իրականացրած հատավաճառից դրանց վերադարձի տոկոսներին։ Մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող մեր գործընկերներից մեկը վերջերս հարցրեց, թե չունե՞նք արդյոք նոր տվյալներ։ Նա, ինչպես հետո պարզվեց, իրավամբ ենթադրում էր, թե պարբերականների իրական տպաքանակները քչացել են, ու նաեւ, որ թերթերն ավելի վատ են սկսել վաճառվել։ Մինչդեռ ենթադրությունն այնքան էլ տրամաբանական չէր թվում, եթե նկատի առնենք, որ տարվա կեսն ընթացավ քաղաքական բուռն զարգացումների ուղեկցությամբ։ Իսկ նման պարագաներում, որպես կանոն, թերթերն ավելի լավ են սպառվում, քանի որ հիմնականում քաղաքական ու պետական շրջանակներն են մեր ընթերցողները։ Ինչեւէ, 1999-ի դեկտեմբերյան տվյալները ստիպված ենք համեմատել այս տարվա ապրիլին թերթերի իրական տպաքանակների եւ մայիսին վերադարձի տոկոսների հետ։ Ամիսների տարբերությունը տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, քանի որ ապրիլից-մայիս թերթերի իրական տպաքանակները չնչին փոփոխությունների են ենթարկվել։ Եվ այսպես, սկսենք վերադարձի գծով առաջատարից, որ չնայած թերթում դրական նկատելի փոփոխություններին՝ ցավոք, դարձյալ «Հայաստանն» է՝ այս անգամ իր 87,6 % ցուցանիշով։ Այն աճել է՝ դեկտեմբերին 80,7 % էր։ Ապրիլին «Հայաստանի» իրական տպաքանակը եղել է 1460, դեկտեմբերի համեմատ որոշակի աճ կա՝ այն ժամանակ թերթը լույս էր տեսնում 1000 օրինակով։ Ի դեպ, «Հայաստանն» իր տպաքանակի հիմնական մասն իրացնում է ոչ «Հայմամուլ», այլ «Կոնտակտ» գործակալության միջոցով: Երկրորդ տեղում այս անգամ 78,5 %-անոց «Պրավդա Արմենիին» չէ, բայց դարձյալ ՀԿԿ-ի պաշտոնաթերթ է՝ «Հայաստանի կոմունիստը» իր մայիսյան 78,9 % վերադարձով։ Անցած տարեվերջի դեկտեմբերին նույն թերթի ցուցանիշը եղել էր 67,6 %։ Ապրիլին «Հայաստանի կոմունիստի» իրական տպաքանակը 7 հազար էր եղել։ Որքան տեղյակ ենք, թերթը ձրի բաժանում են մարզերում։ Երրորդ տեղում դարձյալ «Միասնության» թերթերից մեկն է։ Սակայն, ի տարբերություն «Հայաստանի», «Ժամանակի» վերադարձը 74,7 % է։ Հաջորդը «Երկիր» օրաթերթն է, որի ազատ վաճառքից վերադարձը մայիսին կազմել է 62,4 %։ Դեկտեմբերին այդ տվյալը եղել է 73,4 %։ Եթե նկատի ունենանք, որ թերթի իրական տպաքանակը՝ 2500, այս ընթացքում չի փոխվել ու «Երկիրն» էլ 3 ամիս լույս չէր տեսնում (այսինքն՝ կարող էր կորցնել ընթերցողական լսարանը), ակնհայտ է դրական միտումը, որ «Երկիրը» դանդաղորեն, բայց հաստատ, ավելի հետաքրքիր էր սկսել դառնալ ընթերցողի համար։ «Ռեսպուբլիկա Արմենիայի» մայիսյան վերադարձը 55,5 % էր, անցած տարեվերջին՝ 57,8 %։ «Նորաթերթն» անցած ամիս 48,1 %-ով է վերադարձել։ Դեկտեմբերին 51,6 % էր։ Իրական տպաքանակն այն ժամանակ 1850 էր, ապրիլին՝ 1450։ Հաջորդն «Ազգն» է, որի իրական տպաքանակը ե՛ւ անցած տարեվերջին, ե՛ւ ապրիլին նույնն է եղել՝ 2300 (թերթում միշտ նշում են 4000 թիվը)։ Անցած ամիս հատավաճառի վերադարձը կազմել է 45,2 %, մինչդեռ դեկտեմբերին այն 36,4 % էր։ Սա էլ վկայում է, որ «Ազգը» պակաս հետաքրքիր է սկսել դառնալ ընթերցողների համար։ «02-լրատուն», որ տարիներ առաջ պարբերականների «bestseller»-ներից էր, մայիսին 42,8 %-ով մնացել է թերթավաճառների մոտ, իսկ դեկտեմբերին՝ 55 %-ով։ Պակասել է թերթի իրական տպաքանակը՝ անցած տարեվերջին 11240 էր, իսկ ապրիլին՝ 8750։ Հաջորդը «Հայկական ժամանակն» է, որն անցած տարեվերջի համեմատ 100-ով ավելացրել է իրական տպաքանակը։ Սակայն ավելացել է նաեւ վերադարձը՝ նախկին 31,8 %-ի դիմաց այժմ այն 37,5 % է։ «Հայոց աշխարհի» իրական տպաքանակն այս կես տարում կայուն 2500 է եղել։ Սակայն թերթն այժմ ավելի լավ է վաճառվում՝ նախկին 33,3 %-ի փոխարեն՝ 27 %։ «Նովոյե վրեմյա» թերթը կես տարվա ընթացքում 45 օրինակով է ավելացրել իր տպաքանակը։ Ըստ այդմ՝ ապրիլին թերթը լույս էր տեսնում 2045 իրական տպաքանակով։ «Նովոյե վրեմյայի» վերադարձը մայիսին 26,5 % էր, իսկ 1999-ի դեկտեմբերին՝ ընդամենը՝ 20,8 %։ Անցնենք այն թերթերին, որոնք չնայած իրենց (հայաստանյան չափանիշներով) պատկառելի տպաքանակներին՝ բավական հաջող են սպառվում։ Այս առումով առաջատարը նախ «Իրավունքն» է։ Այս շաբաթաթերթի ե՛ւ իրական տպաքանակն է ավելացել՝ նախկին 12500-ի փոխարեն այժմ 13650 է, ե՛ւ վերադարձն է քչացել՝ 24,7 %-ից հասնելով 19,1 %-ի։ Թերեւս, այստեղ դեր խաղաց դարձյալ ընդդիմադիր ուղղվածություն որդեգրելը։ «Հայաստանի Հանրապետության» իրական տպաքանակն օրաթերթերի համար ամենամեծն է՝ ապրիլին 4100 օրինակ (թերթի նախկին միջին տպաքանակը, սակայն, ավելին էր դեկտեմբերին՝ 4500)։ Ընդ որում, պաշտոնաթերթը նաեւ ամենաշատ բաժանորդներն ունի՝ 1500 օրինակ։ Անցած տարեվերջի համեմատ պակասել է նաեւ վերադարձը եւ 28,2 %-ի փոխարեն 14,3 % է։ «Գոլոս Արմենիի» վերադարձը նույնպես այժմ փոքր է՝ 13,2 % (նախկին 27,4 %-ի դիմաց)։ Բայց այս թերթի իրական տպաքանակն էլ է պակասել՝ նախկին 3000-ից դառնալով 2500։ Վերջապես «Առավոտի» մասին։ Ապրիլին մեր թերթի իրական տպաքանակը պակասել էր՝ դեկտեմբերյան 4200-ից դառնալով 4000։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այժմ, «Առավոտը» «Հայմամուլի» հետ անվերադարձ սպառման պայմանագիր ունի։ Դժվար է գնահատել՝ սա թերթին ավելի շատ օգո՞ւտ է բերում, թե՞ վնաս։ Կրպակավաճառները զգուշանում են ավելի շատ օրինակների հայտեր ներկայացնել, քանի որ չսպառվելու դեպքում, այսպես ասած՝ «իրենց վրա է մնալու»։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ այլ թերթերի վերադարձի տոկոսները միայն «Հայմամուլի» հատավաճառից են։ «Կոնտակտի», բաժանորդագրության խմբագրություններից իրացման միջոցով 10-20 %-ով ամբողջական տպաքանակների վերադարձի տոկոսները նվազում են։ Այսուհանդերձ, սա էլ չի փոխում հայաստանյան մամուլի տխուր պատկերը։ Սրա պատճառները շատ են։ Բայց հիմնականը, թերեւս, հետեւյալն է. թերթերն, ըստ ամենայնի, շարունակում են ներկայացնել ոչ ամբողջ հասարակության, այլ նրա առանձին՝ քաղաքականացված շերտերի (երբեմն անգամ միայն սեփական խմբագրությունների) շահախնդրությունները։ Հասարակությունն էլ, տպագիր մամուլին վերաբերվում է ճիշտ նույն անտարբերությամբ, ինչ՝ մենք իրեն։ Ընդսմին, իրոք, անցած կես տարում այդ փոխադարձ «զգացումը» կարծես ավելի խորը արմատներ է ձգել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել