Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱ Կառավարության հերթական նիստի ընդմիջմանը մի կերպ համոզում ես այս կամ այն նախարարին, վարչության պետին, որ մի երկու խոսքով ներկայացնեն այն, ինչ կատարվում է նիստում։ Ստացվում է, որ լրագրողները լուսաբանում են ոչ թե նիստը, այլ դրա ընդմիջումը։ Հերթական ընդմիջման ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատասխանեց մեր հարցերին։ Սակայն այս դեպքում հարցերը նիստին չէին առնչվում, այլ՝ հոկտեմբերի 27-ի գործին եւ մի շարք այլ խնդիրների։ Նախ, խնդրեցինք, որ պրն Բազեյանը ներկայացնի իր մտորումները հոկտեմբերի 27-ի գործի շրջադարձային ընթացքի վերաբերյալ. «Ցավոք, բոլորիս մոտ էլ կա որոշ անվստահություն այդ գործի բացահայտման հետ կապված։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, զինդատախազությունը պետք է որոշ պարզաբանումներ տա։ Եթե ժամանակին մարդիկ էին ձերբակալվում, եւ այսօր այդ մարդկանց հանդեպ գործերը կարճվում են առանց պարզաբանումներ տալու, ուրեմն կարելի է տարբեր կարգի ենթադրություններ անել։ Կամ այն ժամանակ կային քաղաքական ճնշումներ, կամ նախաքննության ընթացքը որոշակի քաղաքական պատվեր էր կատարում։ Կամ այժմ են տեղի ունենում քաղաքական ճնշումներ, պատվեր է կատարվում։ Սրանք ընդամենը ենթադրություններ են, որոնք կարող ենք անել կամ գուցե եւ կարելի է ենթադրել քննչական խմբի մասնագիտական անկարողության մասին»։ Երեւանի քաղաքապետը ԵԿՄ վարչության, ինչպես նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ է։ Վերջին շրջանում խիստ լսելի շշուկներ տարածվեցին նոր մի կուսակցության ստեղծման մասին, եւ, որ, իբրեւ թե, այդ կուսակցության ղեկավարը հենց Ալբերտ Բազեյանը պետք է լինի։ Լուրը ճշտեցինք հենց պրն Բազեյանի հետ. «Այդպիսի քննարկումներ, առաջարկներ եղել են։ Ես կարծում եմ, որ կուսակցություն ստեղծելու համար նախ պետք է լուրջ գաղափարական հիմնավորումներ ունենալ եւ քաղաքական անհրաժեշտ նախադրյալներ պետք է լինեն, որպեսզի նորմալ հասարակական, քաղաքական կշիռ ունեցող կուսակցություն ստեղծվի։ Այսօր այդ հիմնավորումները ես չեմ տեսնում»։ Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության ընթացքին վերադառնալով, լրագրողների հետ զրույցում Ալբերտ Բազեյանը ասաց նաեւ. «Կապված՝ մնացած բոլոր կասկածյալների հետ, որոնց սկզբում կալանավորեցին, հետո բաց թողեցին։ Այստեղ ես կարծում եմ, ոչ թե պետք է գնային կարճման տարբերակով, այլ նրանց հարցով եւս գործը պետք է մտներ դատարան եւ հրապարակային քննություն տեղի ունենար դատարանում։ Իմ կարծիքը հետեւյալն է՝ հարցը պետք է լուծում ստանար զուտ իրավական դաշտի վրա եւ հրապարակային դատավարության ընթացքում պետք է իրական ճշմարտությունը բացահայտվի, որպեսզի հասարակությունը հանգստանա հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո»։ Լրագրողներից մեկի հարցին, թե հրապարակ է նետված տեսակետ, որ հոկտեմբերի 27-ը այդ հինգ հոգու ձեռքի գործն էր, եւ նրանց հետեւում ոչ մի ուժ կանգնած չէ, պրն Բազեյանն, իր ասելով, դժվարանում է լիարժեք պատասխան տալ, բայցեւայնպես ասաց. «Հանցագործությունը որոշակի նախապատրաստական շրջան է անցել եւ, կարծում եմ, որ կարող էին լինել դրսում մարդիկ եւ ուժեր, որոնք տեղյակ էին եղել այդ հանցագործության նախապատրաստման ընթացքից»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ զինդատախազը սկզբնական շրջանում երկրապահների եւ ՀՀԿ-ի ղեկավարների հետ հանդիպումներում ինչ-որ հիմնավորումներ ներկայացնո՞ւմ էր, պատասխանելով պրն Բազեյանն ասաց, թե այդ բոլոր հարցադրումների պատասխանը պետք է տա զինդատախազությունը, եւ հրապարակային պարզաբանումներ պետք է տրվեն մեր հասարակությանը։ Երկրի քաղաքական իրավիճակը նախորդ ամիսների համեմատ կայուն է, ըստ Ալբերտ Բազեյանի, բայց «այն լիարժեք կկայունանա միայն այն դեպքում, երբ մեր պետության մեջ կլինի նորմալ իրավիճակ, երբ կդառնանք իրավական պետություն, որին ձգտում ենք»։ Ի վերջո, ինչո՞ւ են որոշ անձինք աղմկում, թե ծեծել են Նաիրի Հունանյանին։ Ալբերտ Բազեյանի կարծիքով. «Կծեծեն էլ, կպատժեն էլ։ Նա ապրելու իրավունք չունի, ապրելու իրավունքից զրկել է մարդկանց»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Վերջում Ալբերտ Բազեյանը մի տեսակետ հայտնեց, որին համամիտ ենք, եւ կարծում ենք, որ եթե բոլոր պետական պաշտոն զբաղեցնողներն այդպես մտածեն ու աշխատեն, ինչ-որ բան հնարավոր կլինի մեր երկրում փոխել։ Ալբերտ Բազեյանի ասելով, ինքը ուզում է ապաքաղաքականացված պետական աշխատանք տանել որպես պետական ծառայող, պետական պաշտոնյա, իր պատասխանատվության սահմաններում. «Եթե ես անընդհատ պետք է ներգրավվեմ քաղաքական քննարկումների մեջ, քաղաքական գործընթացների մեջ, ես չեմ կարող լիարժեք աշխատել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել