Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

ԹԻՐԱԽՆԵՐԸ ՓՈԽՎՈ՞ՒՄ ԵՆ Արդեն հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ քչերին է հետաքրքրում, թե որն է հոկտեմբերի 27-ին կատարվածի վերաբերյալ ճշմարտությունը։ Այս գործը միայն ներիշխանական գզվռտոցում մի խաղաթուղթ է դարձել։ Նաիրի Հունանյանի բացարկում նշված փաստերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննելու ընթացքում առերեսումներ էին կատարվել նրա եւ այն քննիչների միջեւ, որոնք, Նաիրի Հունանյանի պնդմամբ, դրդել էին իրեն ոչ ճիշտ ցուցմունքներ տալ։ Եթե հաշվի առնենք, որ նախաքննության այս 7 ամիսների ընթացքում Նաիրի Հունանյանը եւ նրա հանցակիցները, որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, տվել էին ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Վազգեն Մանուկյանի, ե՛ւ Արտաշես Գեղամյանի, ե՛ւ Հրանտ Խաչատրյանի, ե՛ւ Վանո Սիրադեղյանի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Վահան Շիրխանյանի, ե՛ւ Մանվել Գրիգորյանի եւ անգամ… Կարեն Դեմիրճյանի անունը, կարելի է առնվազն տարակուսել։ Ուրեմն, մեկուսարանի օպերատիվ աշխատողները Նաիրի Հունանյանին ծեծում, իսկ քննիչները հետո դրդում էին, որ նա ցուցմունք տա քաղաքական գրեթե բոլոր թեւերի ներկայացուցիչների՞ դեմ։ Բայց ոչ Ռոբերտ Քոչարյանի, այլ նրա խորհրդականի։ Կամ ոչ՝ Տիգրան Նաղդալյանի, այլ նրա տեղակալի։ Հետաքրքիր է, եթե Նաիրի Հունանյանն այդքան հեշտ էր թելադրանքով իր 100 էջ ցուցմունքները գրել, ինչո՞ւ էին նրան թելադրել միայն երկրորդական անուններ։ Ընդ որում, կարծես մոռացվում է, որ Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ին, ժ. 17-ից հաշված ժամեր անց, երբ որեւէ մեկը մատով անգամ նրան չէր հասցրել դիպչել՝ արդեն իսկ Կարեն Դեմիրճյանի սպանության մեղքը փորձում էր բարդել ուրիշների վրա։ Բայց որ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներին իրոք ծեծում էին՝ անհերքելի է։ Զրուցակցիս՝ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանի հետ համաձայնեցինք, որ ծեծը, որպես հանցագործություն բացահայտելու մեթոդ, մշտապես է կիրառվում իրավապահների կողմից։ Բացառություններ գրեթե չկան։ Վարդան Հարությունյանը Պարույր Հայրիկյանը եւ Հովհաննես Ասրյանը հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներին հանդիպել էին դեռ այն ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը նոր-նոր էր փոխվելու միտումներ ցուցաբերում։ Տրամաբանական էր թվում, որ բացարկի քննության ժամանակ նրանց եւս պիտի հարցաքննեին։ Մանավանդ որ, Նաիրի Հունանյանը դեռ այն ժամանակ էր փորձել մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների միջոցով գրություն փոխանցել, որ ինքը ցուցմունքներ է տվել բռնարարքների հետեւանքով։ Այս տեղեկությունը բավական հետաքրքրական է, եթե համադրենք Նաիրի Հունանյանի արդեն նախկին պաշտպան Արտաշես Պահլավունու պնդումների հետ, թե իր պաշտպանյալը, ճիշտ է, չէր ցանկանում, որ քննությունը վարի զինդատախազությունը, բայց ընդամենը մի բացարկ էր գրել, որը կիսատ թողել եւ չէր հանձնել մեկուսարանի պետին։ Իսկ Վարդան Հարությունյանը վստահեցնում է. «Նաիրի Հունանյանը ոչ միայն հիմա է ասում, որ իր նկատմամբ եղել են բռնություններ։ Նա դա մի քանի անգամ է փորձել անել։ Մինչեւ մեր այցելությունն էլ արդեն դիմում էր գրել գլխավոր դատախազին եւ ասաց մեզ այդ մասին։ Այդ դիմումը մնացել էր անհետեւանք։ Ուղղակի հիմա միայն, քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով նրա դիմումն արձագանք գտավ ու փոխվեցին խափանման միջոցները»։ Ի դեպ, պրն Հարությունյանը նաեւ ասաց, թե Նաիրի Հունանյանը դեռ այն ժամանակ էր իրեն հայտնել, որ եթե հնարավորություն ունենար՝ կփոխեր իր պաշտպանին։ Ինչը որ մի քանի օր առաջ եւ արեց. «Արտաշես Պահլավունին Նաիրի Հունանյանին չէր պաշտպանում, այլ քննության շահերը»։ Վարդան Հարությունյանը հիշեցրեց նախագահի հայտարարությունը հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, որով նա Նաիրի Հունանյանի խմբին խոստանում էր, թե իրավապահ մարմիններին հանձնվելու դեպքում «իրենց նկատմամբ հաշվեհարդար տեղի չի ունենա եւ կերաշխավորվի ֆիզիկական բռնության բացառումը։ Կիրականացվեն օրենքով սահմանված միջոցառումներ՝ դատական ընթացակարգով»։ «Չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանն իր նախընտրական խոստումներն ինչքանով է կատարել, բայց Նաիրի Հունանյանին տված խոստումներից ոչ մեկի տերը չեղավ։ Դա բումերանգի պես հենց իրեն խփեց եւ դա բնական է,- նշենք, որ այնքան էլ համաձայն չենք պրն Հարությունյանի այս պնդման հետ՝ քանի որ նախագահն այդ խոստումներից միայն մեկը կատարելու հնարավորություն չունեցավ։- Ֆիզիկական բռնություն գործադրվեց եւ խոշտանգումների միջոցով նրանից կորզվեցին ցուցմունքներ ու ներկայացվող փաստերն ուղղված էին հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ»։ Նաիրի Հունանյանի՝ մեղքն իրենից հեռացնելու ձգտումը նկատի առնելով, ենթադրելի է. պետական հեղաշրջման կազմակերպման փորձի մեղքը մի թեւի վրա գցելուց հետո, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ հիմա գուցե մյուս թեւին մեղադրելու համար գործիք դառնա։ Վերջին ենթադրությունը հավանական է թվում, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանն արդեն իսկ հրապարակավ ինչ-որ ակնարկներ է անում, թե հոկտեմբերի 27-ի գիշերը պաշտոններ բաժանած մարդիկ էին զինդատախազության համար սցենար մշակել։ Սակայն Վարդան Հարությունյանը նշեց. «Նաիրի Հունանյանն այնքան տեղեկացված չէ, ինչքան մեզ թվում է։ Կալանավորը տեղեկատվությունը ստանում է հիմնականում իր պաշտպանից, իսկ վերջինս դրան այնքան էլ հակված չի եղել, եւ Նաիրի Հունանյանը միայն հնացած տեղեկություններ ուներ քաղաքական իրավիճակի վերաբերյալ»։ Եթե տեղեկատվական կապ չկար, ինչո՞վ է բացատրելի, որ ներիշխանական ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո ԱԱՆ-ի մեկուսարանում պահվող Նաիրի եւ Կարեն Հունանյանները եւ Նուբարաշենում պահվող Էդիկ Գրիգորյանը մեկ շաբաթվա ընթացքում մեկեն հրաժարվեցին կազմակերպիչների եւ դրդիչների վերաբերյալ իրենց ցուցմունքներից. «Եթե այն ժամանակ նրանք տեղեկատվությունից զուրկ էին, բոլորովին չեմ բացառում, թե որոշակի ժամանակից հետո նրանք կարո՛ղ էին տեղեկատվություն ստանալ։ Հենց նույն անձը, որ երեկ նրանց ծեծում էր ու պահանջում որոշակի մարդկանց վերաբերյալ ցուցմունք տալ, կարող էր այժմ նրան տեղեկություններ հաղորդել եւ պահանջել մեկ այլ բան»։ Այս առումով զրուցակցիս հետ լիովին համակարծիք էինք՝ իրավապահ համակարգն առավելապես գործում է քաղաքական պատվերների իրականացման սկզբունքով։ «Նրանք միա՛յն դրա համար են,- ասաց Վարդան Հարությունյանը։- Եվ եթե այդ կարգի քննիչներից մի քանիսը զրկվեին իրավաբանությամբ զբաղվելու իրավունքից, մյուսները կվախենային իրենց հացի փողը կորցնելուց»։ Արդյոք մայիսից ի վեր հոկտեմբերի 27-ի գործում առկա է պատվերի փոփոխություն, նշաններ կա՞ն, որ պետական հեղաշրջման փորձի համար կասկածվողները կարող են փոխվել։ «Այն, որ գոյություն ուներ որոշակի խումբ, որը Նաիրի Հունանյանի սկսած հեղաշրջումը փորձում էր հասցնել ավարտին՝ միանշանակ է,- ասաց պրն Հարությունյանը։- Իշխանության փորձեց գալ մյուս թեւը, որը փորձում էր քննությունն ուղղորդել իր ցանկացած ուղղությամբ։ Դա չստացվեց եւ նրանք պարտություն կրեցին։ Սակայն բոլորովին բացառված չէ, որ այժմ էլ հայտնվեն այլ մարդիկ, որոնք փորձեն քննությունը տանել մեկ այլ արհեստական ուղղությամբ, քանի որ Հայաստանում հենց այդ կարգի բաներ են հնարավոր։ Եվ շատ քիչ է հնարավոր, որ գնան հանցագործության իրական բացահայտման ճանապարհով ու այժմ էլ չփորձեն քննությունն օգտագործել քաղաքական նկատառումներով»։ Վարդան Հարությունյանը ենթադրում էր, թե, այնուամենայնիվ, դատաքննության ընթացքում ավելի շատ բան կպարզվի, քան նախաքննության։ Այդ կարծիքին չեմ, քանի որ բացառությամբ կատարողների, օժանդակողների եւ պաշտոնեական անփութության մեջ մեղադրվողների՝ այլոց գործերն այլեւս դատարան չեն հասնի ու պարզ չի դառնա, թե ինչ հիմքերով էին նրանց մեղադրում։ Բացի այդ՝ կարծես ակնհայտ է, որ Նաիրի Հունանյանն ինքնարդարացման իր փորձերի համար էլի վարկածներ կունենա մոգոնած… ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել