Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՄԻՇՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԵՆ Մոսկվայում երեկ ավարտվեց ԱՊՀ հերթական գագաթաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հայաստանի համար մեր նախագահի մասնակցությունն այդ գագաթաժողովին էական էր այնքանով, որ նախագահ Քոչարյանը մի հաճելի առիթ կունենար Մոսկվայում սեղմելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջը, սրախոսություններ փոխանակելու ծերացող Ալիեւի հետ եւ վերջինիս հետ էլ շարունակվող երկխոսության նոր պատրանք ստեղծել։ Բնականաբար, հայաստանյան պատկան գերատեսչությունները ոչ մի ինֆորմացիա՝ հերթական «բանակցային պրոցեսից», չունեն։ Եվ եթե նախագահ Քոչարյանի մասնակցությունը ԱՊՀ այս գագաթաժողովին այնքան էլ պրոդուկտիվ չի եղել (տեղեկատվությունը հակառակի մասին լռում է), ապա վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի լրատվության, հանդիպել է Ուկրաինայի վարչապետին։ Ավելին, նրանք պայմանավորվել են հոկտեմբերին Կիեւում անցկացնել տնտեսական համագործակցության գծով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Հանդիպմանը նախատեսվում է նաեւ փաստաթղթերի ստորագրում։ Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ խոսք կա նաեւ Հայաստանում գազամուղի կառուցմանը Ուկրաինայի մասնակցության մասին։ Երեկ երեկոյան՝ ի թիվս Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Բելառուսի նախագահների, Վլ. Պուտինը ծրագրել էր հանդիպում նաեւ ՀՀ նախագահ Քոչարյանի հետ։ Եթե պրն Քոչարյանը շատ գաղտնապահ չլինի, վաղվա համարում այդ հանդիպման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կհաղորդենք։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել