Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

3-4 ԱՄԻՍԱՆՈՑ ԹԱՅՄ-ԱՈՒՏ Գարնան երկրորդ կեսին քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն առաջացավ։ Ստեղծվեց «Աջ ուժերի միությունը», ապրիլի կեսերից Ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաքներ անցկացվեցին։ Նախաձեռնող խմբում ընդգրկված էին «Հայրենիք» դաշինքը, Պահպանողական եւ Ցեղակրոն կուսակցություններն ու «Աջ ուժերի միությանն» անդամակցող քաղաքական գործիչներ։ Սակայն աշխուժությունը կարճ տեւեց։ Նախաձեռնող խմբի՝ Մեղրի եւ Կապան կատարած այցելությունից եւ հունիսի 2-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո, դրանք կտրուկ դադարեցին։ Տպավորություն ստեղծվեց, թե նախաձեռնող խումբը ստիպված էր այդ անել՝ գիտակցելով, որ հասարակությունը պատրաստ չէ ներել իրենց եւ լսել վերջիններիս հորդորները՝ նախագահ Ռ.Քոչարյանի հրաժարականը պահանջելու հարցում։ Անկեղծ ասած, տեղի ունեցած հանրահավաքներն էլ իրենց բովանդակությամբ չափազանց թույլ եւ հարցադրումներն էլ պակաս փաստարկված էին։ Առանձնանում էին, անշուշտ, միայն հոկտեմբերի 27-ին եւ Մեղրիին վերաբերող ելույթները, բայց քանի որ հասարակությունն արդեն կատարյալ անտարբեր է դարձել ներքաղաքական անցուդարձի նկատմամբ եւ այլեւս գլուխ չի հանում հոկտեմբերի 27-ի նախաքննությունից ու չի հավատում Մեղրիին առնչվող տեղեկատվության լրջությանը, ուստի նախընտրում է իր նպաստը չբերել «նախկինների» վերադարձին։ Ոմանք մտավախություն ունեն, թե վերջիններս, որ 90-ականներին իշխանության եկան ղարաբաղյան ալիքի վրա, կարող են իշխանության վերադառնալ՝ այս անգամ 27-ի եւ Մեղրիի հարցը շահարկելու միջոցով։ Սակայն, հանրահավաքների նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Պետրոս Մաքեյանն ասաց, որ հանրահավաքների դադարեցման պատճառը միայն սա չէ։ Ըստ նրա, կան ավելի լուրջ պատճառներ։ Մեկն այն է, որ հասարակությունը դեռեւս չի համոզվել Ռ.Քոչարյանի վարչակազմի հանցավոր լինելու մեջ։ «Այս իմաստով մեր առջեւ լուրջ խնդիր ունենք՝ տեղերում աշխատանքներ տանել եւ հասարակությանը հասկանալի դարձնել, թե ինչու է ներկա վարչակազմը հանցավոր եւ վտանգավոր մեր պետականության համար»,- ասաց պարոն Մաքեյանը։ Ժողովրդին պարզաբանումներ տալն ու նրանց դիրքորոշումը իշխանությունների հանդեպ ճշգրտելը, ըստ Մաքեյանի, կախված է նախաձեռնող խմբից, նաեւ այն բանից, թե ներկա վարչակազմի սխալները որքան արագ եւ հաջորդական կլինեն։ Մյուս փաստարկն այն է, որ առաջին երկու հանրահավաքներից հետո, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մարմինները պրոֆիլակտիկայի համար աննախադեպ ճնշումներ են սկսել նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ։ «Հունիսի 2-ի հանրահավաքից կես ժամ առաջ նախաձեռնող խմբի մի քանի անդամներին, այդ թվում՝ նաեւ ինձ, ծանուցագիր է ուղարկվել, որով մեզ հրավիրել են ՆԳՆ քրեական վարչություն»,- ասաց Պ.Մաքեյանը։ Վերջիններիս հետաքրքրել է նախաձեռնող խմբի՝ Մեղրիում կազմակերպված հավաքի ժամանակ արտահայտած որոշ մտքերի կամ բառակապակցությունների նշանակությունն ու հիմնավորվածությունը։ «Ու քանի որ արդեն բռնապետություն է հաստատված, նրանք որոշակի բացատրություններ էին պահանջում մեր ելույթների առնչությամբ»,- պարզաբանեց նա։ Ինչեւէ, նախաձեռնող խմբի ոչ բոլոր անդամներն էին կիսում այն տեսակետը, թե հանրահավաքների դադարեցման պատճառը իրավապահ մարմինների ճնշումներն էին։ Ի դեպ, հենց ինքը՝ պարոն Մաքեյանը նշեց նաեւ, թե որոշակի խնդիրներ են եղել նաեւ նախաձեռնող խմբի ներսում։ Ըստ նրա, ոմանք աննպատակահարմար են համարել Ռ.Քոչարյանի անհապաղ հրաժարականի պահանջը, որովհետեւ մտավախություն ունեն, թե իրենք վերջինիս պաշտոնանկությունից հետո հնարավորություն կունենան նոր իշխանություններ ձեւավորել։ Պրն Մաքեյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 27-ից հետո այս հարցադրումն ավելի քան արդիական է եղել խորհրդարանական մեծամասնության, երկրապահների ու մյուս քաղաքական ուժերի համար եւ հիմնական պատճառն այս է եղել, որ վերջիններս չեն պնդել Ռ.Քոչարյանի հրաժարականն ու վերջինիս թույլ են տվել ամրապնդել դիրքերը։ Նրա կարծիքով, այսօր օրախնդիր է Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունը, իսկ հետո ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ժողովուրդը կձեւավորի նոր եւ վստահելի իշխանություններ։ Ինչեւէ, պարոն Մաքեյանն ասաց, թե նախաձեռնող խումբն առայժմ, այսպես ասած «թայմ-աուտ» է վերցրել՝ սպասելով, որ ներքաղաքական պրոցեսներն ու մեր հասարակությունը հասունանան Ռ.Քոչարյանի հրաժարականը պահանջելու համար։ Թե դա որքան կտեւի՝ դժվար է ասել, բայց պարոն Մաքեյանն, այնուամենայնիվ, փորձեց կանխատեսել՝ «Դա կտեւի մոտ 3-4 ամիս»։ Դե ինչ, 3-4 ամիս հետո, ինչպես ժողովուրդն է ասում, կամ էշը կսատկի կամ՝ էշատերը։ Բայց հանրահավաքների դադարեցման վերոհիշյալ պատճառներից ամենաիրականն այն է, որ հասարակությունն, իրոք, չի վստահում երբեւէ իշխանության ակունքներում եղած «նախկիններին»։ Այս մասին է, որ արժե մտածել եւ հետեւություններ անել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել