Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 22,2000 00:00

ՄՈՒՐԱԴԻԿԸ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, պատգամավորության թեկնածու Մուրադ Պետրոսյանը հայտարարեց, թե հավասար պայմաններ չեն տրված թեկնածուներին։ Անվճար հեռուստաելույթի համար հատկացված 5 րոպեն պարոն Պետրոսյանը բավարար չէր համարել իր մտքերն արտահայտելու համար։ Ակնհայտորեն նա չէր սխալվում, քանի որ չի ընտրվել ԱԺ պատգամավոր։ Բայց եթե Մուրադ Պետրոսյանը տասը անգամ հինգ րոպե էլ ելույթ ունենար, դարձյալ պատգամավորական մանդատ չէր ստանա, քանի որ նրա անունը Սամվել Բաբայանի անվան հետ է կապվում։ ՆՍՏԵԼ Է ԵՎ ԿՆՍՏԻ Երեկ Բլեյանի գործով անցնող հերթական վկան հերթական հայտարարությունն արեց դատարանում՝ նախաքննության մարմնի աշխատանքի մեթոդների մասին։ 18-ամյա պատանուն հարցաքննելու ժամանակ քննիչը ոչ միայն սպառնացել է, այլեւ զենք է դրել սեղանին։ Ցուցմունք տալու հաջորդ օրը թատերականի երրորդ կուրսում սովորող վկային՝ Մարտին Գալստյանին, ուղեկցել են ռեկտորի կաբինետ, որտեղ դատախազության ներկայացուցիչները փորձել են ահաբեկել՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքով։ Եթե ցուցմունքները փոխելու հանգամանքը էական դեր խաղաց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողների կյանքում, ապա Բլեյանի կյանքում բոլոր վկաների եւ տուժողների ցուցմունքները փոխելու հանգամանքը որեւէ դեր չի խաղում։ Նա շարունակում է նստած մնալ՝ անկախ ցուցմունքներից, ապացույցներից ու քաղաքական իրավիճակից։ «ԵԴԻՆՍՏՎՈ» + «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՌԴ Դումայի «Եդինստվո» խմբակցության երեք անդամներ՝ Ավ. Չուեւը, Ամ. Շելեխովը եւ Սն. Ապատենկոն գտնվում են Երեւանում։ Այցի նպատակն է կապ հաստատել մեր «Միասնություն» խմբակցության հետ։ Նախատեսվում են հանդիպումներ ՀՀԿ եւ ՀԺԿ անդամների, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, կաթողիկոսի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել