Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 21,2000 00:00

Սիրե՞լ, թե՞ չսիրել Կոմկուսի ներկայացուցիչները՝ որպես «Ռուսաստան-Բելառուս» միության ջատագովներ, վերջին շրջանում կարծես թե մի փոքր թուլացրել են իրենց մղումները այդ միությանն անդամակցելու ուղղությամբ։ Ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ՝ որովհետեւ նախագահ Քոչարյանը խոստացել էր Ռուսաստան- Հայաստան առաջին դեմքերով հանդիպման ժամանակ անդրադառնալ հարցին եւ հետո ընկեր կոմունիստներին ծանոթացնել գործի ընթացքին։ Առայժմ ՀԿԿ-ն նախագահի նկատմամբ բարեհամբույր է տրամադրված։ Ոչ քարկոծում է, ոչ սխալներ է տեսնում, ոչ էլ ընդդիմադիր կարգախոսներ է հրապարակ նետում։ ՀԿԿ-ն սպասումների մեջ է։ Մոսկվայում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում նախագահ Քոչարյանը կխոսի՞ «Ռուսաստան-Բելառուս»-ի մասին, հարցը կքննարկվի՞ Ալ. Լուկաշենկոյի եւ Վ. Պուտինի հետ։ Այս հարցերի պատասխանն ավելի շատ «ոչ» է, քան՝ «այո»։ Ու եթե կրկին նախագահ Քոչարյանը ասի՝ «հարցն օրակարգում» չկար, ապա կրկի՞ն կոմունիստները կշարունակեն իրենց բարեհամբույր վերաբերմունքը առ նախագահ, թե՞ կսկսեն չսիրել վերջինիս։ Այս հարցին խնդրեցինք պատասխանել ԱԺ պատգամավոր, ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանին։ Գաղտնիք չէ ընկեր Սարգսյանի հատուկ վերաբերմունքը նախագահ Քոչարյանի հանդեպ, բայց մեր հարցին Խորեն Թռչունիչն այսպես պատասխանեց. «Սիրե՞լ, թե՞ չսիրել նախագահին, դա հարցի մի կողմն է։ Հարցը մեր ժողովրդի հետագա ճակատագիրն է։ Ես սովորաբար ժողովրդի անունը քիչ եմ տալիս։ Նախ, Հայաստանում էլ ժողովուրդ չի մնացել, կարելի է հաշվել։ Եվ դրանցից վեցը իմ երեխաներն են եւ իմ բարեկամները։ Նրանք էլ ժողովուրդ են, եւ ես նրանց անունից եմ խոսում։ Ծանր է մեր վիճակը։ Ես այսօր էլ եմ կողմնակից հանրաքվեի։ Այսպես ապրել, այսպես գոյատեւել հնարավոր չէ։ Համար առաջին ելքը սա է՝ «Ռուսաստան-Բելառուս»-ին միանալը։ Ի վերջո կգնան սրան։ Բայց, ինչքան շուտ՝ այնքան լավ։ Ցավոք, դուք ճիշտ նկատեցիք, ՀՀ նախագահը կոմունիստական կուսակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վստահություն էր հայտնել, որ հարցը կլսվի բարձր մակարդակով, բայց չարեց։ Չարվեց ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը այդ հարցը չէր բարձրացրել, այլ մեր կողմից ցանկություն չկար հարցին մոտենալու։ Հարցնում եք՝ եթե նորից ցանկություն չլինի՞։ Այդ ժամանակ, եթե ես էլ միտինգ չհրավիրեմ, կոմկուսն էլ չհրավիրի, ժողովուրդը դուրս կգա։ Ժողովուրդն այսպես ապրել չի կարող։ 91 տարեկան կնոջ վրա լույս են անջատում։ Բա եղա՞վ։ Մարտունու Ծովինար գյուղում է այդ կինն ապրում։ Հարեւաններն են հաց տալիս, երբ իրենք էլ ուտելու բան չունեն։ Սա մեր ամոթն է, սկսած ԱԺ-ից, կառավարությունից, նախագահից։ Բոլորիս ամոթն է։ Սա է մեր գաղափարախոսությունը։ Եթե մարդը իր մեծին չհարգեց, ինքը հարգվելու իրավունք չունի։ Նախագահն ասում է, թե իր կուսակցությունը իր ժողովուրդն է։ Եթե այսօր կոմունիստական կուսակցությունն ինձ չվստահի, ես թողնելու եմ հեռանամ։ Իսկ եթե նախագահին ժողովուրդը չվստահի, նա էլ պետք է թողնի հեռանա, այսինքն պետք է իր կուսակցությունից, ժողովրդից դուրս գա»։ «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության ջատագովներին մնում է մինչեւ նախագահ Քոչարյանի վերադարձը երեքնուկի թերթիկներ պոկել եւ կրկնել՝ կխոսի՞, չի՞ խոսի, կքննարկի՞, չի՞ քննարկի նախագահ Քոչարյանը «Ռուսաստան-Բելառուս»-ի հարցը։ Ու եթե այս հարցերի պատասխանները ժխտական լինեն, ուրեմն նախագահը կոմունիստներին բոլորովին չի սիրում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել